News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսությունը սարսափելի վիճակում է: Այսօր մենք արդեն հետ ենք մնում հացահատիկի գարնանացանի ժամանակացույցից, ինչը կառավարության անզգույշ աշխատանքի արդյունք է, եւ անընդունելի է դա պայմանավորել կորոնավիրուսով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ֆերմեր Տիգրան Եղոյանը: 

«Կառավարության վարկավորման փաթեթները բացահայտ խաբեություն եւ պատրանք են: Գյուղատնտեսությունը խթանելու մտադրության մասին բոլոր հայտարարությունները ընդամենտ ձեւական բնույթ են կրում: Այսօր ես Հայաստանում անալոգներ չունեցող անասնաբուծարան ունեմ, որը 30 միլիոն դրամ է գնահատվում: Ընդ որում, ես անձամբ եմ դիմել կառավարությանը` ջայլամներ, ինչպես նաեւ խոզեր բուծելու նպատակով աջակցություն ստանալու համար: Դիմել եմ նաեւ առաջարկվող 3-15 միլիոն դրամ վարկի համար, բայց ոչինչ չկարողացա ստանալ: Այս պահի դրությամբ ես անհաջող կերպով փորձում եմ մոտ 100 խոզ Թալինից Վայոց ձորի մարզ տեղափոխել, որտեղ եւ գտնվում է տնտեսությունը, սակայն սահմանափակումների պատճառով չեմ կարողանում դա անել: Սա վտանգ է ստեղծում, որ խոզերը կարող են սատկել, եւ եթե դա տեղի ունենա, ապա խոստանում եմ անձամբ դրանց մսեղիքը տանել Կառավարության շենքի դիմաց»,- ասել է նա:

Այս ամենը, ըստ Եղոյանի, հուշում է, որ իշխանությունների հայտարարություններն առ այն, որ ձեռնարկված միջոցառումները, իբր, չեն խոչընդոտում գյուղատնտեսական աշխատանքներին, իրականությանը  չեն համապատասխանում: «Ամբողջ կառավարությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դեմագոգիկայով եւ պոպուլիզմով է զբաղված»,- շեշտել է ֆերմերը: Ինչ վերաբերում է կոոպերատիվների խթանմանը, ապա, ըստ ֆերմերի, նա եւ եւս 20 ֆերմեր դիմել են աջակցության համար, սակայն նրանց ամենուր մերժում են: «Իսկ միավորման նպատակը գյուղացիներից հողը խլելն է, որն այնուհետեւ կանցնի խոշոր քրեաօլիգարխիկ շերտերին»,- պարզաբանել է Եղոյանը:

Նա հավելել է, որ գյուղերն այսօր զրկված են ջրից, որը պարզապես թափվում է Նախիջեւան, իսկ Սեւանն անհրաժեշտ քանակությամբ ջուր չի ստանում՝ հիդրոէլեկտրակայանի անօրինական գործունեության պատճառով: «Կառավարությունն արտաքին ֆինանսավորում ստացող ուժերի ճնշման տակ բարբարոսական ծրագիր է իրականացնում: Նիկոլ Փաշինյանը խոսում է երկրի տնտեսության մեջ սփյուռքի ներգրավման անհրաժեշտության մասին, սակայն ինձ հետ միասին աջակցության համար սփյուռքի երկու ներկայացուցիչ է դիմել, ովքեր հայկական անձնագրեր են ստացել, սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվել` վարկային պատմության բացակայության պատճառով»,- եզրափակել է նա: 

Իր հերթին, «Արթիկի մեղվաբույծների եւ ֆերմերների ասոցացիայի» (Շիրակի մարզ) նախագահ Ջիվան Ասլանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ, նախեւառաջ, անհրաժեշտ է լուծել պարենային անվտանգության խնդիրները, իսկ իշխանությունների ձեռնարկած միջոցներն ավելի շատ ուղղված են երկարաժամկետ հեռանկարին: «Հարկավոր է միջոցներ տրամադրել այն ֆերմերներին, որոնք զբաղվում են հացահատիկի մշակմամբ: Նախկինում այս պրակտիկան գոյություն ուներ, երբ գումար էին տալիս` հիմնվելով ցանքատարածքի որոշակի մակերեսի վրա, ինչը դրական ազդեցություն ունեցավ: Նույն սխեման կարելի է կիրառվել այն մշակաբույսերի համար, որոնք մտնում են պարենային անվտանգության ցանկի մեջ: Դա կարելի է անել նաեւ հիմա` նախնական գույքագրում անցկացնելով: Ֆինանսական միջոցներ հարկավոր է տրամադրել նրանց, ովքեր նախորդ տարի հացահատիկային եւ լոբազգի մշակաբույսեր են ցանել, եւ նրանց, ովքեր ծրագրում են դա անել 2020-ի աշնանը, ընդ որում` ուղիղ կերպով,այլ ոչ թե` բանկերի միջնորդությամբ: Նման հասցեական աջակցությունն ավելի լուրջ ազդեցություն կունենա, քան վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը: Բացի այդ, այս միջոցառումը կհանգեցնի նրան, որ մարդիկ ավելի շատ կսկսեն չօգտագործված հողեր օգտագործել»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է կոոպերատիվ տնտեսությունների խթանմանը, ապա, նրա համոզմամբ, այս գաղափարի հաջող իրականացման համար կարեւոր է պետության աջակցությունը, օրինակ՝ տեխնիկայի տրամադրման, վառելիքի հատկացման տեսքով: «Սակայն ամենակարեւոր պայմանը եկամտաբերությունն է: Ցանկացած գործունեություն պետք է բավարար չափով եկամտաբեր լինի: Անհնար է գյուղատնտեսությունը խթանել միայն հայրենասիրական կոչերով, իսկ Կառավարության առաջարկած վարկային ծրագրերից կարող է օգտվել միայն ֆերմերների ոչ մեծ տոկոսը: Հողի սեփականաշնորհումից հետո բանկային համակարգը տնտեսությանն անընդհատ վնաս է հասցնում, բարգավաճում է ոչ թե գյուղատնտեսությունը, այլ բանկային համակարգը, եւ հենց սա է գյուղերի դատարկման գլխավոր պատճառներից մեկը: Հիմա մեծ թվով գյուղացիներ, եթե նույնիսկ Կառավարության առաջարկած ծրագրերը վատը չեն, արդեն չեն դիմում, քանի որ բանկային պարտավորություններ ունեն: Դրանից բացի, չլուծված կարեւոր խնդիր է շարունակում մնալ երկրի ոռոգման համակարգը, որը սարսափելի վիճակում է»,- շեշտեց նա:

ՀԿ ղեկավարը հավելեց, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումներով պայմանավորված բեռնափոխադրումների եւ լոգիստիկայի խնդիրները կարող են հանգեցնել պարարտանյութերի եւ քիմիկատների ներմուծման դժվարությունների, այդ թվում՝ Չինաստանից, Իրանից եւ այլ երկրներից: «Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամից ավելի շատ տուժել են ծաղկաբուծության ներկայացուցիչները: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ արտադրանքն անմիջական իրացման կարիք ունի, իսկ ցիկլի կանգը կարող է բիզնեսին շատ լուրջ վնաս հասցնել»,- պարզաբանեց Ասլանյանը:

Նա անդրադարձավ մեղվաբուծության խնդիրներին եւ նշեց՝ այս ճյուղը, որը կարող է ապահովել ընտանեկան զբաղվածությունը, վերջին շրջանում անկում է ապրում: «Խնդիրները կապված են նաեւ տնտեասությունը վարելու գրագիտության եւ նոր տեխնոլոգիաների տիրապետելու հետ: Դրանից բացի, ճյուղի զարգացման խնդիրը բնակչության ցածր գնողունակությունն է, իսկ արտահանման ծավալները մեծացնելու համար անհրաժեշտ է հստակ հետեւել միջազգային ստանդարտների պահանջներին, իսկ Հայաստանում այդպիսի տնտեսությունները սակավաթիվ են»,- ամփոփեց նա:

Նշենք, որ Հայաստանի Կառավարությունը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հակաճգնաժամային միջոցառումների 9 փաթեթ է մշակել՝ ուղղված բիզնեսի, ինչպես նաեւ բնակչության սոցիալապես խոցելի շերտերի աջակցությանը: Միջոցառումների 2 փաթեթով նախատեսվում է գյուղատնտեսության մեջ մի շարք ծրագրերի տոկոսադրույքների զրոյացում եւ կոոպերատիվների համաֆինանսավորում: Իշխանությունները ֆերմերներին հիմնականում առաջարկում են նոր վարկեր վերցնել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ