News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Մենք մեր երաշխավորությունը ներկայացրել ենք՝ հաստատ համոզված լինելով, որ նախագահ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը կալանքի ընտրությունը հակաօրինական է»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ՀՀ եւ Արցախի Հանրապետության նախկին 4 վարչապետների երաշխավորությանը։

Շուտով կլրանա մեկ ամիսը, սակայն դեռ չի քննվել միջնորդությունը։ Նախկին վարչապետը, խոսելով երկրորդ նախագահի կալանքի մասին, շեշտել է․ «Այն հակաօրինական է ցանկացած պայմաններում եւ ցանկացած պարագայում՝ ըստ իս: Ուստի իմ եւ համոզված եմ՝ նաեւ իմ գործընկերների միջնորդությունը որեւէ փոփոխության չի կարող ենթարկվել՝ իրադարձությունների փոփոխության արդյունքում»:

«Ես կարծում եմ, եթե հաշվի առնենք այն հանգամանգը, որ նույնիսկ միջազգային հայտնի կազմակերպությունները, որոնք զբաղվում են մարդկանց խոշտանգումների դեմ խնդիրներով, հայտարարում են, որ այս ճգնաժամին, այս համավարակի պայմաններում պետք է նախաձեռնել բոլոր հնարավոր դեպքերում խափանման միջոցները փոխել եւ հատկապես այն անձանց համար, ովքեր ռիսկային խմբում են, այս պայմաններում միանգամայն տարօրինակ է դատական իշխանությունների վերաբերմունքը, որովհետեւ ի՞նչ է նշանակում դատավոր Դանիբեկյանի անհետանալը։ Մենք հետեւում ենք Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի բոլոր նախաձեռնություններին դատական գործընթացը սկսելու համար, նրանք հանդիպում են պատի, սա ուղղակի անթույլատրելի է, սա անմարդկային է, վերջին հաշվով: Հետեւաբար, այս պայմաններում, եթե դատական նիստ լինի, անկասկած ես անձամբ կմասնակցեմ եւ կհաստատեմ իմ միջնորդությունը»:

Ինչպես նշել է Հարությունյանը, անգամ եթե երաշխավորւթյունը չլիներ, դատելով կորոնավիրուսի տարածման վերաբերյալ միջազգային արձագանքներից, պետք է խափանման միջոցի փոփոխություն լինի. «Վերջին հաշվով մարդու խոշտանգումների դեմ եվրոպական կոմիտեն ուղղեց հորդոր խորհրդի անդամ բոլոր երկրներին՝ հետեւելով այդ պահանջների կատարմանը, որովհետեւ խոսքը գնում էր ոչ միայն մարդու իրավուքնների, այլեւ ամենակարեւորը՝ կայնքի մասին: Ես ուղղակի սկսում եմ ենթադրել, թեպետ անկեղծ ասած նույնիսկ համոզված եմ, որ Քոչարյանի նկատմամբ այս ամենն ունի բացարձակապես քաղաքական ենթատեքստ, հետապնդում է քաղաքական նպատակներ, այլ կերպ մեկնաբանել հնարավոր չէ այլեւս:

Մենք տեսնում ենք, որ պաշտպանական խմբի բոլոր նախաձեռնությունները համառորեն կամ արհամարհվում են, կամ մնում են անպատասխան, եւ որեւէ պարագայում նման իրավիճակը, նման վերաբերմունքը խիստ դատապարտելի է, կորոնավիրուսի համավարակի պայմաններում՝ հատկապես: Ուստի ես կարծում եմ, որ միայն պատկան մարմինները՝ սկսած դատխազից, կարող էին հանդես գալ միջնորդությամբ՝ նախագահ Քոչարյանի խափանման միջոցը գրավով կամ այլ հնարավորություններով փոխարինելու: Տեղյակ եմ, որ եղել են դեպքեր, որ առանձին դատավորներ սեփական նախաձեռնությամբ հանդես են եկել եւ կալանավորվածների նկատմամբ  խափանման միջոցը փոխել են: Այս դեպքում ինձ համար որեւէ մեկնաբանություն  կամ որեւէ հիմանավորում ես չեմ տեսնում, հայտնի չէ քիչ թե շատ բանական հիմնավորում այս ձգձգումների համար: Եվ ակնհայտ է, որ եթե խափանման միջոցը շարունակի մնալ այսպես, դա բացարձակապես քաղաքական նպատականերով պայմանավորված կլինի:

Այնպես որ, ես, համոզված եմ՝ նաեւ իմ գործընկերները, մեր միջնորդությամբ կլինենք հետեւողական։ Որեւէ մեկնաբանություն ինձ բավարարող, որ դատական նիստը չի հրավիրվում, ես չեմ լսել, ինձ հայտնի չէ:

Կրկնում եմ՝ այս ամենն անընդունելի է հատկապես համաճարակի պայմաններում: Կա նաեւ միջազգային հայտնի կազմակերպությունների հորդորները պետություններին՝ ձեռնարկել ամեն քայլ, որպեսզի կալանավորվածների նկատմամաբ՝ հատկապես ռիսկային խմբի, կիրառվի խափանման միջոցի փոփոխություն: Հիմա եթե այս ամենը չի արվում, դա խոսում է այն մասին, որ ակնհայտորեն քաղաքական նպատակներ է հետապնդում տվյալ դեպքում: Սա նույնսիկ հակամարդկային է, նման անտարբերությունը որեւէ հիմավորում չի կարող ունենալ»,- ասաց Խոսրով Հարությունյանը եւ շեշտեց․ «Ըստ էության, դատական իշխանությունը սպասում է այդ հարցում վարչապետի ուղղակի ցուցումին»:

Ինչ վերաբերում է հարցին՝ սա չի՞ կարելի դիտարկել նաեւ վարչապետի ինստիտուտի դեմ անհարգալից վերաբերմունք, քանի որ դատարանը, փաստորեն, անպատասխան է թողնում նախկին վարչապետների միջնորդությունը, Խոսրով Հարությունյանը պատասխանել է. «Ես համաձայան եմ ձեզ հետ, բայց երեւի կհիշեք, որ ես բաց նամականով ամիսներ առաջ դիմել էի Նիկոլ Փաշինյանին եւ հիմանվորել էի, որ չի կարելի  հանարապետության նախագահին կալանքի տակ պահել, չի կարելի եւ վերջ, որովհետեւ դա պետականության խորհրդանիշ ինստիտուտ է, դա պաշտոնյա չէ լոկ: Բաց նամակն ուղղել եմ եւ հորդորում էի գնալ այդ ճանապարհով, այսինքն դուրս գալ այդ բանից եւ խափանման միջոցը փոխել, ցավոք, դա մնաց անհաղորդ: Եթե մի իշխանություն կարող է անտեսել երկրի պետականության խորհրդանիշ հանդիսացող ինստիտուտը կրող անձին, եւ այդ պաշտոնյայի նկատմամբ դրսեւորել այսպիսի վերաբերմունք, կարծում եմ՝ վարչապետների նկատմամբ անկասկած նրանք կարող են այդպսիի վերաբերմունք դրսեւորել: Իհարկե, ես համամիտ եմ ձեզ հետ, սա անհարգալից վերաբերմունք է ոչ թե իմ հանդեպ, այլ պետության ու պետականության հանդեպ: Եվ ես պետք է ասեմ նաեւ, որ մի ժողովուրդ, որը դարեր շարունակ չի ունեցել պետություն եւ պետականություն եւ ըստ էության պետականաշինության ավանդույթները օբյեկտիվորեն չի ձեւավորել եւ սերունդներով չի փոխանցում, այդ ժողովրդի համար նման խնդիրները պետության խորհրդանիշների նկատմամաբ հարգանքի, վերաբերմունքի ձեւավորումը, քաղաքացիական հանրության շրջանակներում շատ էական է: Ես համոզված եմ, որ բոլոր ժամանակների իշխանության հիմնական առաքելություններից մեկն է լինելու դա  մշտապես: Սա շատ էական եմ ես համարում, այնպես որ որեւէ հիմնավորում այս ամենի համար չեմ տեսնում, ավելին՝ համոզված եմ, որ այս ամենն ուղղակի քաղաքական հետապնդում է եւ ուրիշ ոչինչ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ