News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 04
USD
482.11
EUR
539.87
RUB
6.97
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի՝ 2016 թ.-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը չի սառեցնելու իր աշխատանքները։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին, որում նա առաջարկում է սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքը, որովհետև այն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի՝ առանց այդ էլ գերլարված մթնոլորտում։

«Եթե սառեցնելու ճանապարհով գնանք, գերլարված մթնոլորտի տրամաբանությամբ, պետք է մեր երկրում գործող բոլորը ծրագրերը սառեցնենք։ Առաջին նախագահի մտահոգությունները՝ պայմանավորված կորոնավիրուսով, կիսում եմ։ Ապրիլյանի սառեցումը ունի մեկ նպատակ, երբ որ առավոտյան Սերժ Սարգսյանը հաստատեց իր գալը, ոնց որ թե այս քայլով առաջին նախագահը գործարք է առաջարկում՝ սառեցնել ապրիլյանը, որպեսզի Սերժ Սարգսյանը ամսի 16-ին չկարողանա գալ ու մասնակցել մեր աշխատանքներին։ Բայց մենք չենք սառեցնելու, հակառակը՝ ավելի ենք տաքացել, որովհետև մոտենում ենք մեր աշխատանքի ավարտին»,- ասել է  Անդրանիկ Քոչարյանը։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ հանձնաժողովի աշխատանքը սառեցնելը խնդիրների լուծման ճանապարհ չէ, հակառակը՝ այդ դեպքում, երկրում լարված մթնոլորտը կպահպանվի։

«Մարդիկ կան, որոնք գրգռվում են այս հարցից, բաց մարդիկ էլ կան, որոնք սպասում են այս հարցի հանգուցալուծմանն ու եզրակացությանը»,- վստահեցրել է Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 7-ին, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հայտնել են, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է ապրիլի 16-ին մասնակցել ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին, սակայն պայմանով՝ եթե նիստը ձայնագրվի, դրա մեկ օրինակն էլ նիստից հետո տրամադրվի նախկին նախագահին, իսկ եթե ոչ, ապա նրան ձայնագրելու հնարավորություն տալ։

Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ այսօր հանձնաժողովը քննարկել է երրորդ նախագահի գրասենյակի առաջարկները և գրավոր պատասխան  ուղարկել։

«Դա պետք է խոչընդոտ չհանդիսանա ապրիլի 16-ի մեր հանդիպման համար։ Մենք հաստատել ենք, որ ապրիլի 16-ին, ժամը 14։00-ին հանձնաժողովը Սերժ Սարգսյանի մասնակցությամբ նշանակել է հերթական նիստը։ Մենք պատրաստվում ենք ապրիլի 16-ի մեր աշխատանքին»,- ամփոփել է Ա․Քոչարյանը։

Տպել