News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իմ ձերբակալության գործում դեր են խաղացել թե 2-րդ նախագահի ընկերը լինելու, եւ թե ընդդիմադիր հեուստաընկերության սեփականատեր լինելու հանգամանքները։ Այս մասին «5-րդ ալիքի»՝ Ագնեսա Խամոյանի հեղինակային «Հարցազրույց» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանը։

«Ռոբերտ Քոչարյանի ընկերը լինելը շատ մեծ պատիվ է, իսկ այն, որ ոմանց դուր չի գալիս «5-րդ ալիքը», դա ինձ այնքան էլ հետաքրքիր չէ, ես ինքս խնդիր եմ դրել ապահովել օբյեկտիվ լրատվություն։ Մեր օրերում «ընկեր» բառին շատերը թեթեւ են վերաբերվում, մինչդեռ ինձ համար այն խորը իմաստ ունի։ Ռոբերտ Քոչարյանն է ինձ համարում ընկեր, իսկ ես նրան՝ առաջնորդ, ընդ որում, ոչ միայն իմ։ Նա փայլուն կերպով առաջնորդել է Արցախյան ազատամարտը, հանգամանքների բերումով հայտնվելով Հայաստանում, արագ փոխել է տնտեսական ու սոցիալական իրավիճակը։ Քոչարյանը 2 երկրի նախագահ է եղել, երկուսում էլ մեծ հաջողություններ արձանագրել։ Նա Պուտինի ընկերն է, ժամանակի մյուս նշանավոր դեմքերի մտերիմը։ Այսօր շատ են խոսում, քննադատում նախկիններին, սակայն ամեն քայլափոխի օգտվում են նախկինների ստեղծածից», ասել է Արմեն Թավադյանը։

Նրա խոսքով՝ ամեն գնով 2-րդ նախագահին կալանավայրում պահելու՝ Նիկոլ Փաշինյանի ձգտումը, մատնում է Ռոբերտ Քոչարյանից գործող վարչապետի «պաթոլոգիկ վախը»։

Ա․Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, որը նաեւ Ռ․Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ է, նշել է, որ իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքում շարադրված են մեկ այլ անձի գործողություններ․

«79 օր Արմեն Թավադյանը եղել է ապօրինի կալանքի մեջ։ Արդեն օրինաչափություն է դարձել, երբ մեր թիմը միջնորդություն է ներկայացնում 2-րդ նախագահի խափանման միջոցը փոխելու մասին, եւ այդ ուղղությամբ շատ մոտ է լինում նպատակին, պրոցեսներ են սկսվում, որպեսզի խափանվի նրա աատության հնարավորությունը։ Չեմ կարող թաքցնել հակակրանքս այն ոստիկանների հանդեպ, որոնք մոնտաժել են այն տեսանյութը, որտեղ իբր մեկ այլ անձի համոզում են փոխել ցուցմունքը հօգուտ Քոչարյանի։ Վրույր Գաբրիելյանի ցուցմունքում որեւէ արժեքավոր բան չկա, որ կարող է վնաս կամ օգուտ տալ Մարտի 1-ի գործում։ Արմեն Թավադյանի մեղադրանքով դատավարության ժամանակ մենք կներկայացնենք, թե ինչպես է «կարվել» այդ գործը», ասել  է Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանը պատմել է նաեւ, որ Թավադյանին պատկանող բնակարաններից, բանկային հաշիվներից առգրավվել են մոտ 100 հազար դոլարին համարժեք դրամական միջոցներ, որոնք, փաստաբանին անհայտ տրամաբանությամբ, ներկայացվել են որպես իրեղեն ապացույց, եւ այդ ամենը ենթադրաբար Թավադյանի մեդիագործունեությանը խոչընդոտելու նպատակով, քանի որ գիտեին, որ այդ միջոցներն ուղղվում էին ՀԸ ծախսերը հոգալուն։

«Մենք հասնելու ենք նրան, որ եւ այս, եւ Ռոբերտ Քոչարյանի գործով ապօրինությունների հեղինակները իրավական պատասխանատվության ենթարկվեն», ասել է Հ․Խուդոյանը։

Տպել
Ամենաշատ