News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ապրիլի 10-ին՝ ժամը 11-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք է գրանցվել: Հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով, վարակվածների թիվը հասել է 937-ի: Փաստացի այս պահին բուժվում է 777 անձ, ապաքինվել՝ 149-ը, որոնցից 11-ը վերջին մեկ օրում, 11 պացիենտ մահացել է:

1 հոգի էլ այսօր առավոտյան մահացավ, դա դեռ չենք հայտնել, ընդհանուր 12 մահ ունենք։ Այս մասին այսօր Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 81 տարեկան քաղաքացի էր՝ ծանր հիվանդություններով, դա արդեն վաղվա թվերի մեջ կերեւա։ Մեր խնդիրն է մահերի թիվը ցածր պահելով գնալ առաջ, ասել է նա։

Լրագրողների հետ հանդիպմանը Արսեն Թորոսյանն ասել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված են շուրջ 1700 բուժաշխատողներ Հայաստանի 9 բուժհիմնարկներում, ինչպես նաեւ շտապօգնությունը, սահմանային անցակետերում ներգրավված բուժաշխատողները: Առողջապահության նախարարն անդրադարձել է նաեւ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հնարավորությանը.

Վիրուսի շրջանառությունը Հայաստանում տարածված է: Եթե խոսքը պացիենտներին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու մասին է, ապա իրավիճակը հսկողության տակ է, վստահեցրել է Արսեն Թորոսյանը: «Մենք կարողանում ենք բոլորին պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, ավելին, դեռ ունենք ռեզերվներ, որ ավելի մեծ թվով պացիենտների օգնություն ցույց տանք», ասել է նա:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի՝ վարչապետ Փաշինյանի անցկացրած նիստում զեկուցվել է, որ պարետատան նախաձեռնած հատուկ` Չինաստանից Հայաստան չվերթով բերվել է 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքերով, 2 թթվածնի մատակարարման կայանով, 60 հազար հատ թեստով, նույնքան բժշկական դիմակով, 280 հազար հատ պաշտպանիչ դիմակով, 20 հազար հատ պաշտպանիչ ակնոցով, 100 հազար հատ պաշտպանիչ արտահագուստով եւ դեղամիջոցներով: Պարետ Տիգրան Ավինյանը նշել է, որ առաջիկա օրերին համակարգը կհամալրվի եւս 100 հազար թեստերով:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օրվա ընթացքում թեստավորված անձանից երկուսի մոտ թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս։ Այսպիսով, Արցախում մինչև այս պահը վիրուս է հայտնաբերվել հինգ անձի մոտ:

Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ  գանձապետարանում բացված կորոնավիրուսային վարակի  կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցության հաշվին մուտքերը ապրիլի 10-ի դրութամբ կազմել են 887 միլիոն դրամ։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 606 հազարի, 95 հազար 766 պացիենտ մահացել է, 357 հազարն՝ առողջացել: Երկրների թիվը, որտեղ կորոնավիրուսը թափանցել է, հասել է 210-ի: ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 469 հազարի, մահացածներինը՝ 16 հազար 700-ի: Իսպանիայում գրանցվել է վարակման 153 հազարից ավելի դեպք եւ 15 447 մահ, Իտալիայում համապատասխանաբար՝ գրեթե 144 հազար վարակված եւ 18 279 մահ:

Չկա որևէ մեկը, որ կարող է ասել, որ ինձ՝ Արմեն Ամիրյանին երբևէ գումար է տվել։ Մշակույթի նախկին նախարարը ֆեյսբուքյան էջում գրել է, որ գոնե այս օրերին սուտը, կեղծիքը, կեղծ մատնությունը մեր կյանքում տեղ պետք չէ ունենան։ «Փաստորեն քննչական կոմիտեն լսելով մեկ, կամ գուցե մի քանի բանսարկուի, կարող է քրեական գործ հարուցել և հետն էլ հրապարակային շեփորահարել, թե տեսեք-տեսեք նախկին նախարարը յուրացում է կատարել։ Կեղծ մատնությամբ, ստով և կեղծիքով լցոնված բանսարկուներին խորհուրդ կտամ օգտվել առիթից և ապաշխարելով մաքրվել», գրել է Արմեն Ամիրյանը։

Քննչական կոմիտեն հայտարարել էր, թե պարզել է, որ 2017-ին Կաննի կինոփառատոնին հայկական պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6 միլիոն 800 հազար դրամ:

Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանն էլ ֆեյսբուքում գրել է, թե պատահականորեն է իմացել, որ իրեն մեղադրանք է առաջադրվել, ինքն էլ հետախուզման մեջ է: Նա նշել է, որ չնայած Հայաստանում չէ, բայց իր գտնվելու վայրը հայտնի է, ոչ թե «անհայտ» ինչպես տարածել են իրավապահները: Որ իր հայաստանյան հասցեով ոչ մի ծանուցագիր չի եկել, իր բջջային հեռախոսահամարը մշտապես հասանելի է եղել, բայց անգամ զանգով չեն հրավիրել: Նախկին պատգամավորը համարում է, որ իր քրեական հետապնդումը իրավական չէ: Նրա փաստաբանն այժմ ուսումնասիրում է փաստաթղթերը, ինչից հետո Գեւորգյանը կհայտնի իր հետագա քայլերի մասին

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը որոշել է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ եւ միանալ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի թիմին: «Տեսնելով, թե օրվա իշխող քաղաքական միավորն ինչպիսի տարերային կառավարում է իրականացնում, ինչպիսի ապաշնորհ կադրային քաղաքականություն է վարում, ինչպես է ընտրովի արդարադատություն կիրառում, ինչպես է անթաքույց կերպով հարձակվում մեր ազգային արժեքների եւ ինստիտուտների վրա, իմ պարտքն եմ համարում ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործընթացներում», հայտարարել է Բաբայանը։

«Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբն» իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որը վերնագրել է.  «Իր հետ կառուցել ենք, ստեղծել ենք, հաղթել ենք, ապրել ենք»։ Գրառման մեջ նաեւ ասված է. «Նա պաշտպանել է մեզ ա՛յն ժամանակ, երբ մեզ պաշտպանություն էր անհրաժեշտ: Հիմա նա՛ ունի մեր կարիքը»։

ԱԻՆ-ում ժամը 17:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երեւանի Կիեւյան կամրջի ճաղավանդակի մյուս կողմը եւ սպառնում է ինքնասպան լինել: Դեպքի վայր են փրկարարներ եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 29-ամյա քաղաքացու  ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 1.92 դրամով եւ  կազմել  491.18 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.01 դրամով ու հասել  537.60 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.12 դրամով ու  կազմել 612.85 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով ու հասել 6.67 դրամի։

Ապրիլի 11-ին Հայաստանում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Երեւանում սպասվում է անձրեւ, գիշերը մայրաքաղաքում կլինի +4-ից +6, վաղը ցերեկը +12-ից +14:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ