Եթե այս իրավիճակը երկար տեւի, համաշխարհային աղետ է սպասվում: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Արցախի նախագահական ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:
«Եթե 3-4 ամիս հետո աշխարհը կարողանա գալ սովորական, բնականոն վիճակին, որին ես քիչ եմ հավատում, այդ ժամանակ ավելի հեշտ կլինի, իսկ եթե երկար տեւի, մենք պետք է ամբողջությամբ վերանայենք մեր տնտեսության կառուցվածքը, եւ համախմբվելով ՀՀ իշխանության շուրջը, պատվով դուրս գալ այս իրավիճակից:
Ես փորձել եմ ներկայացնել այն ծրագրերը, որոնք մեզ համար լինելու է առաջնահերթ: Այսինքն տնտեսության երկու կարեւոր ճյուղերը՝ գյուղատնտեսություն, որը թույլ է տալու ապահովել մեր պարենային անվտանգությունը, երկրորդը՝ շինարարություն եւ ենթակառուցվածքներ, որոնք նպաստելու են տնտեսության զարգացմանը»,-ընդգծեց նա:











