News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ քարոզարշավը Հայաստանում սկսվել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կորոնավիրուսի համավարակի հետ կապված, կալանքից ազատելու նրա կոչից հետո, գրում է «Ինտերֆաքսը»։

«Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարեւոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»,- հայտարարել է կաթողիկոսն անցյալ երեքշաբթի։

Կաթողիկոսի հայտարարությունը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության խնդրանքով մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը։

«Նախ հիշեցնենք, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մինչ այս եղել է Ռոբերտ Քոչարյանի հետ նույն` Մարտի 1-ի գործով անցնող, տարբեր հանցանքների, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն եւ փողերի լվացմանն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանի անձնական երաշխավորը։ Մայրապետյանը 2019-ի հունվարից բուժման պատրվակով մեկնել է երկրից եւ, չնայած քննչական մարմնի պահանջին, եւ ի հեճուկս Տեր Վահրամ քահանա Մելիքյանի երաշխավորությանը, չի վերադարձել Հայաստան։ ՀՀ կառավարությունը որեւէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ, միեւնույն ժամանակ ակնկալում ենք, որ Մայր Այթոռը կվերագնահատի Մայրապետյանի երաշխավորության պատմությունը եւ դրա հետեւանքով առաջացած վիճակը»,- ասել է վարչապետի մամուլի քարտուղարը:

Միաժամանակ խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրել է, որ «Հայաստանի հազարավոր քաղաքացիներ արդեն երկար ժամանակ կարեւոր են համարում Ամենայն հայոց կաթողիկոսին փոխելու հարցը»։

«Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը (կաթողիկոսի աշխարհիկ անունը-խմբ․), ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, եւ դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»,– նշել է փոխխոսնակը։

Սրա հետ մեկտեղ ՀՀ կառավարությանը կից Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա սաֆարյանը հայտարարել է, թե կաթողիկոսին չի հետաքրքրում մնացած կալանավորների առողջական վիճակը, բացի Ռոբերտ Քոչարյանից։ «Ավելորդ չէ ասել՝ մոմդ ծախի, եկեղեցու բիզնեսներին տիրություն արա, պետության գործերին մի խառնվի, միգուցե մի գեղեցիկ օր մեզ արժանի վեհափառ կունենանք...»,- Facebook-ում գրել է Հանրային խորհրդի նախագահը։

Իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունները քննադատոեւթյան են ենթարկել Սուրբ Էջմիածնում։

Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական բաժնի ղեկավար, արքեպիսկոպոս Շահե Անանյանը հայտարարել է, որ «համավարակը հոգեւոր բնույթ է ձեռք բերում պետական պաշտոնյաների շրջանում»։ «Կաթողիկոսի հասցեին արված անպատասխանատու հայտարարությունները, այն էլ պետական պաշտոնյաների կողմից, ձեռք են բերում մառազմատիկ բնույթ։ Իսկապես հիասթափված եմ։ Սա նշանակում է, որ ՀՀ-ում որևէ մեկը խոսքի ազատություն ու տեսակետ արտահայտելու իրավունք չունի։ Էլ չեմ խոսում այն պարզ իրողության մասին, որ խոսողն Ամենայն Հայոց կաթողիկոսն է։ Փոխանակ խորամուխ լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ասվածին, հասկանալու դրա իմաստը, անբովանդակ ու անպարկեշտ, հախուռն ու անհավասարակշիռ արտահայտություններ»,- Facebook-ում գրել է արքեպիսկոպոսը։

Միաժամանակ, Սուրբ Էջմիածնի ձեռագրերի, արխիվի պահոցի եւ թանգարանների տնօրեն Ասողիկ կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակի խոսքերը հարիր չեն պետական ծառայողին։ «Մեզ համար մեծ ցավ է, որ պետական պաշտոնյան իրեն նման պահվածք կարող է թույլ տալ: Դատապարտում ենք Հայոց Եկեղեցու հոգևոր զավակ Պարոն Ալեն Սիմոնյանի անհարգալից վերաբերմունքը, և որպես հոգևոր սպասավոր հորդորում և զգաստության ենք կոչում: Թույլ մի տվեք հաստատվի այն կարծիքը, որ Հայոց Եկեղեցու դեմ անցյալում կատարված հայտնի ոտնձգությունների հեղինակներն ու հրահրողները նաև այլ հասցե ունեն...»,- Facebook-ում գրել է Ասողիկ Կարապետյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ