Հայաստանում ես չեմ պատկերացնում, որ կարող է լինել իշխանություն, որը կարող է գնալ այդպիսի զիջումների, ինչը ներկայացվում է նշված փաստաթղթի շրջանակներում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով երեկ ՌԴ արտգործնախարարի հայտարարությանը։

«Մինչեւ մենք պատրաստվում էինք մեր ԱԳՆ–ից պարզաբանումներ պահանջել, եղավ ԱԳ նախարարի ասուլիսը, որտեղ վերջինս հստակ հերքեց սեղանի վրա եղած որեւէ փաստաթղթի հարց, այդ թվում նաեւ այդ փաստաթղթի մասին, որի մասին խոսեց ՌԴ արտգործնախարարը, ինչպես նաեւ զիջումների հետ կապված հարցեր։ Այստեղ հարց է առաջանում, ո՞ր ԱԳ նախարարին հավատալ, ես հավատում եմ ՀՀ ԱԳ նախարարին։ կարծում եմ ՀՀ ԱԳՆ–ն պետք է պարզաբանում պահանջի ՌԴ ԱԳՆ–ից, ավելին նաեւ կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը պետք է անձամբ անդրադառնա այդ հարցին, որովհետեւ սա շատ շահարկվող հարց է ՀՀ ներքաղաքական կյանքում եւ այն ամենահստակ ձեւով պետք է պարզաբանվի եւ որոշակիորեն հերքի այդ տեղեկատվությունը»,–ասաց պատգամավորը։