Բաքուն մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի երեկ արված հայտարարությունը: «Հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է փուլային բնույթ կրի, Հայաստանն իր հայտարարություններով խաթարում է բանակցային գործընթացը»,- «Ազերթաջ»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը:
«Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունը զրոյացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացը: Նման ապակառուցողական հայտարարությունները Երեւանից լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին եւ խախտում են բանակցությունները: Սա նաեւ անրագանքի դրսեւորում է համանախագահների նկատմամբ»,- ասել է Հաջիեւը: Ըստ նրա` ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի փուլային տարբերակով` Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի հիման վրա: Փուլային գործընթացի շրջանակներում, ըստ նրա, «առաջին փուլում հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող Ադրբեջանի օկուպացված շրջաններից»: Հաջիեւը հիշեցրել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին եւս խոսել է հակամարտության փուլային կարգավորման մասին:
«Եթե Հայաստանը նման հայտարարություններով ցանկանում է դուրս գալ բանակցային գործընթացից, ապա նա պետք է բացահայտորեն ճանաչի իր դիրքորոշումը: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իրենց հերթին, պետք է պատասխան տան Հայաստանի այս հայտարարությանը»,- ասել նա` հավելելով, որ Բաքվի դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում չի փոխվում: