News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 2 հազարից, մահացածներինը՝ հասել 32-ի: Այսօրվա դրությամբ COVID-19-ով վարակվելու 134 նոր դեպք է գրանցվել, հաստատվել է կորոնավիրուսի 2066 դեպք: Փաստացի այս պահին բուժվում է 1103 մարդ: 2 մարդ մահացել է այլ պատճառներով, թեեւ վարակված է եղել կորոնավիրուսով:

Արհեստական շնչառական սարքերի վրա ունենք ընդամենը 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է 17, ծանր վիճակում է 59 պացիենտ, կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարարը:

Դեռեւս չենք փոխում մեր պլանները,  որովհետեւ, վարակվածների շրջանակը կոնկրետ է, նիստի ընթացքում ասել է պարետ Տիգրան Ավինյանը:  «Վարակի տարածման դինամիկայից կախված մեր որոշումները կարող են փոփոխվել: Մոտակա օրերի թվերը եւ անձանց շրջանակը մեզ թույլ կտա վերջնական որոշումներ կայացնել»,- ասել է Ավինյանը:

Կառավարությունը որոշել է ընդլայնել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման մեջ ներառված տնտեսական գործունեության ոլորտները:  Դրանք ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Կառավարությունը նաեւ հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը, որի նպատակն է բնապահպանական խնդիրներ լուծելու միջոցով ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելը: Մարդիկ կարող են մասնակցել վճարովի ծառատունկի:

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում զանգահարել է այն քաղաքացիների բնակարաններ, որոնց հոսանքն այս օրերին անջատել են: Վարչապետը բացատրել է, որ փորձում է հասկանալ՝ ինչպես է ստացվել, որ մարդը մինչեւ 5 հազար դրամ հոսանք է սպառել, բայց ամառանոց ունի Ձաղկաձորում կամ Դիլիջանում։ Գնացել է ամառանոց, ամսվա ծախսը 5 հազար դրամ է եղել եւ նա օգտվում է պետական աջակցությունից,- ասել է նա: Փաշինյանը խոստացել է այս անգամ իր ֆոնդից հոսանքի գումարը տալ, ապա կոչ արել, որ որդիներն աշխատեն:

Էլեկտրաէներգիան չվճարած քաղաքացիների ցանկն ու նրանց հեռախոսի համարները անձնական տվյալ են. դրանք որևէ օրինական ճանապարհով չէին կարող հայտնվել Փաշինյանի ձեռքում,  Ֆեյսբուքում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: «Առերևույթ գործ ունենք PR-ի համար անձնական տվյալների ապօրինի մշակման հետ»,- գրել է նա:

Shamshyan.com-ը հրապարակել է ապրիլի 28-ին Գավառի Ազատության փողոցում տեղի ունեցած սպանությունների տեսանյութի չմոնտաժված տարբերակը եւ լուսանկարներ: Հիշեցնենք, որ  Գավառում փոխհրաձգություն է տեղի ունեցել մի խումբ գավառցի երիտասարդների եւ նորատուսցիների միջեւ։ Տեղում  սպանվել է 2 մարդ, մի քանիսը  վիրավորվել։ Երեկոյան հարյուրավոր նորատուսցիներ հարձակվել էին հիվանդանոցի վրա՝ այնտեղ գտնվող վիրավորներին հաշվեհարդարի ենթարկելու նպատակով:

Գավառի դեպքերից վիրավորվածներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից։ «Էրեբունի» բուժկենտրոնից հայտնել են, որ մյուս վիրավորի վիճակը կայուն ծանր  է։ Արմենիա բուժկենտրոնում գտնվող 2 եւ Հերացու համար 1 համալասարանական հիվանդանոցում գտնվող 1  վիրավորի վիճակը եւս կայուն ծանր է։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի ծեծկռտուքի նյութերը ոստիկանությունն ուղարկել է դատախազություն։ Հիշեցնենք, որ նախօրեին «Ադեկվադից» ահազանգել էին, որ փողոցում  Սիմոնյանը հարձակվել է Դանիելյանի վրա: Ավելի ուշ Ալեն Սիոնյանը ուղիղ եթերում պարզաբանել էր, որ ինքը բարեւել է Արթուր Դանիելյանին, վերջինս իրեն հայհոյել է, ինքն էլ գլխով հարվածել է նրա քթին։

Պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությունները կստուգվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով վարչապետի աներորդի Հակոբյանի այն հայտարարությանը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը արտասահմանում հավաքագրվել է և ակնարկում էր, որ հենց այդ պատճառով է հեռացվել պաշտոնից։

Նախօրեին Արթուր Վանեցյանը Արմնյուզին ասել էր, թե իրեն լուրեր են հասել, որ Փաշինյանը իրավապահ համակարգից պահանջել է ցանկացած պատրվակով ԱԱԾ նախկին տնօրենի նկատմամբ քրեական գործ հարուցել և ենթարկել քրեական պատասխանատվության։ Երբ իր նախկին գործընկերները հրաժարվել են, վարչապետն ասել է՝ եթե նրանք չեն կարողանում այդ հարցը լուծել, ինքը կլուծի: Ինչից հետո կեսգիշերին վարչապետի խոսնակն է հայտարարությւն տարածել որոշակի ձեռնարկությունում Վանեցյանի փայաբաժնի վերաբերյալ: Ըստ Վանեցյանի՝ նպատակը շեղելն է հասարակությանը շատ կարևոր հարցերից, մասնավորապես Արցախի խնդրից։

Արցախի Նախագահ Բակո Սահակյանն Արցախի Ազգային ժողովում ընթացող լիագումար նիստի ժամանակ հայտարարել է, որ վերադարձ անցյալին, թե տարածքների, թե՛ կարգավիճակի առումով չի լինելու եւ չկա այնպիսի հավանական իրադարձություն, որը հետ կպահի Արցախին իր դիրքորոշումից: Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարության եւ դրան հետեւած քննարկումների առչնությամբ Սահակյանն ասել է, որ Արցախյան հիմնախնդրին անդրադառնալիս՝ իրենք խոսում են իրենց  ճակատագրի մասին:

Գուրգեն Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը պետության կողմից ազատ տնտեսական գործունեության եւ մարդու անձնական կյանքի կոպիտ միջամտություն է։ Այս մասին հայտարարություն է տարածել Խաչատրյանների փաստաբանական խումբը։ Ըստ հայտարարության՝ Խաչատրյանը չի կարողացել ժամանակին արձագանքել քննիչի ծանուցագրին,  երեկոյան փաստացի դատարան է մուտքագրվել Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն։ Հիշեցնենք, որ Գուրգեն Խաչատրյանը, որ Ֆինանսների նախկին նախարարի որդին է, հայտարարել էր, որ իշխանությունը պարտադրում է իրեն օտարել Ucom-ը։

Աշխարհում 228 263 մարդ է մահացել կորոնավիրուսային վարակից, իսկ 1 միլիոն մարդ ապաքինվել է։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 222 հազարի։ ԱՄՆ-ում վարակվածների թիվն արդեն անցել է միլիոնից, իսկ մահվան դեպքերը 61 հազար 700 է։ Վարակվածների թվով երկրորդ տեղում Իսպանիան է՝ 237 հազար մարդ, երրորդում՝ Իտալիան՝ 204 հազար։

Եվրոպական տարածաշրջանին բաժին է ընկնում վարակման դեպքերի 46 տոկոսը եւ մահացության 63 տոկոսը: Տարածաշրջանը շարունակում է մնալ այս համավարակի տիրապետության տակ, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն: Որոշ երկրներում սահմանափակումները մեղմացնելու որոշման առթիվ դոկտոր Կլյուգեն ասել է՝  այս վիրուսը չի ներում:

Մումբայում, 67 տարեկանում մահացել է հայտնի հնդիկ դերասան Ռիշի Կապուրը: Կարիերայի մեկնարկին նա աշխարհով մեկ հռչակվեց «Բոբի» ֆիլմի շնորհիվ, որը դրամարկղային մուտքերի ռեկորդներ սահմանեց: Նրա ճակատագիրը կանխորոշված էր ծննդյան պահից. նա հայտնի դերասան եւ ռեժիսոր Ռաջ Կապուրի միջնեկ որդին էր։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.24 դրամով ու կազմել 479.28 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.17 դրամով ու կազմել  520.74 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.75 դրամով ու հասել 599.20 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով ու կազմել 6.56 դրամ։

Մայիսի 1-ին երեկոյան ժամերին Հայաստանի առանձին վայրերում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Եղանակը կշարունակի տաքանալ: Երեւանում եւս հնարավոր են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9 +11, վաղը ցերեկը` +19 +21:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ