News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ընդամենը մի հատ քայլակ եմ ուզում, որ գոնե կարողանամ իմ տան մեջ քայլել, մեկ էլ նպաստիս հարցը լուծվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սարի թաղի 78–ամյա միայնակ բնակչուհի Հովհանուշ Հովհաննիսյանը։

«Երկու տղաներս մահացել են, մենակ եմ ապրում։ Չեմ կարողանում քայլել, զանգում եմ հարեւանիս, գալիս է, ինձ ջուր է բերում, ինչ ուզում եմ, բերում դնում է, որ ես իմ կողքին դրած փոքր գազի վրա եփեմ»,– ասաց քաղաքացին։

Նրա խոսքով՝ հիմա վիճակն ավելի վատ է, քանի որ բացի շաքարային դիաբետից, այլ առողջական խնդիրներ են առաջացել. «Փայտով որ քայլում եմ, ձեռքերս էլ դողում են, զուգարան գնալուց ընկա, ավելի վատացա։ 10 օր հիվանդանոց պառկեցի, ուղեղիս արյուն է լցվել։ Քայլակ եմ ուզում մի հատ, որ գոնե բռնեմ, գնամ պետք եղած տեղը, մի բաժակ ջուր լցնեմ խմեմ»։

Նրա խոսքով՝ ընդամենը 33 հազար դրամով է ապրում, հաշմանդամության կարգ ունի, բայց քանի որ թղթերը չի կարողացել ներկայացնել, չի ստանում. «Մարդ չկա, որ թղթերը տանի դասավորի, ստանամ, օգնություն չկա։ Ինֆարկտ եմ տարել, դեղ պետք է առնեմ, որ խմեմ։ Կռանթը պայթել էր, ջուրը լցվել էր, խնդրել եմ, ջուրը փակել են, 20 օր էր ջուր չունեի, 20 հազար դրամ պարտքով հարեւանից եմ վերցերլ, բերեցին սարքեցին, մեկ էլ լույսի ու գազի մուծումներն արեցի։ 10 օր առաջ ասեցի զանգեմ, գան խոսեն, տները հանձնեմ պետությանը, գնամ ծերանոց, հետո նեղվեցի՝ բա էդքան սարքեմ, գնամ ծերանո՞ց։ Փաշինյանին խնդրում եմ, թոշակս չի հերիքում, թող թոշակիս վրեն մի քիչ ավելացնի, որ ես կարողանամ իմ սրտի ուզածը՝ մի կտոր միրգ է, մի բան է, իմ փողով առնեմ։ Բոլորին 200–300 հազար դրամ տալիս է, թող մի քիչ էլ իմ թոշակի վրեն դնի։ Հիմա ես պետք է ստանամ 33 հազար դրամ, որից 6000 դրամը կոմունալներիս համար եմ պարտքով վերցրել, մեկ էլ կռանթն եմ առնել, փոխել եմ տվել, որ 20 հազարը տամ, էլ ինչո՞վ ես պետք է յոլա գնամ։ Այնպես չի, որ ձրի թոշակ եմ ստանում, 20 տարի աշխատել եմ, ստաժ ունեմ ու 33 հազար եմ ստանում, ես դրանից մուծումներ եմ անում, 20 հազարով էլ յոլա եմ գնում…»։

Տիկին Հովհանուշը նաեւ խնդրեց ճշտել, թե արդյոք թաղապետարանը իրեն փայտ կհատկացնի, թե ոչ. «Փայտ են բաժանում, խնդրում եմ, եթե հնարավոր է՝ ճշտեք ինձ էլ կտա՞ն փայտ»։

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգնել 78–ամյա Հովհանուշ Հովհաննիսյանին, կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ 010570528։

Տպել
Ամենաշատ