Կորոնավիրուսի դեմ պայքարի նոր փուլ ենք հայտարարում եւ այդ պայքարի իմաստն այն է, որ տեղափոխվում ենք ապակենտրոն պայքարի փուլ: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ բացօթյա տարածքում անցկացված խորհրդակցության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս մեթոդը հայտնի է 2018-ի թավշյա հեղափոխությունից:

Նրա խոսքով, նման քայլի գնալու հիմնական պատճառն այն է, որ առնվազն մինչեւ հաջորդ տարվա մարտ-ապրիլ պետք է շարունակենք ունենալ նոր դեպքեր, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել: Մեր խնդիրն է վաղվանից համակեցության պայմաններ ապահովելն ու կորոնավիրուսի հետ համատեղ ապրելն է:

Համաձայնեք մեկ տարի փակված մնալ հնարավոր չէ: Եթե մենք իմանայինք, որ մեկ ամիս էլ ամենախիստ փակված ռեժիմով մնալու դեպքում  կարող ենք արձանագրել համավարակի հաղթահարում, կարելի էր գալ այդպիսի լուծման, բայց այդպիսի բան հնարավոր չէ»,-ասաց Փաշինյանը:

Փոխվարչապետ Տգրան Ավինյանը նշեց, որ մայիսի 4-ից բացվում են մշակող արդյունաբերության ոլորտը, մանրամեծածախ առեւտրի որոշակի հատված՝ բացառությամբ խոշոր առեւտրի կենտրոններից, շուկաներից,  մոլերից. «Բացառություն են կազմում 10-12 ոլորտ, որոնց վրա կտարածվի սահմանափակումները: Շարունակում է փակ մնալ կրթության ոլորտի գործունեությունը, տրանսպորտի ոլորտը, որը վարակի տարածման տեսանկյունից ամենավտանգավոր ոլորտներից մեկն է: Հույս ունենք, որ որոշակի կանոնների մշակումից հետո հնարավորություն չունենանք տրանսպորտը բացելու»: