Պարետի նոր որոշման համաձայն` այօրվանից թույլատրվում է նաեւ գեղեցկության սրահների գործունեությունը։ Երեւանի կենտրոնի վարսավիրանոցներն օրվա երկրորդ կեսին արդեն մի քանի տասնյակ հաճախորդ էին ընդունել։ Կորոնավիրուսի տարածման պայմաններում այստեղ էլ աշխատանքը նոր ձեւաչափով են կազմակերպում։

«Գրանցումները կատարում ենք էլեկտրոնային եւ աշխատում ենք օրական 5-ական աշխատողով։ Ունենք 24 աշխատող, այնպես ենք արել, որ բոլորն էլ աշխատանքով ապահովված լինեն։ Պահպանում ենք պարետատան բոլոր կանոնները, հաճախորդներից ով չունի դիմակ, մենք ենք տրամադրում, ամեն հաճախորդից հետո ախտահանում ենք իրականացնում»,- NEWS.am-ի հետ զրույցում  նշեց սրահներից մեկի տնօրեն Անահիտ Գյոզալյանը։

Տնօրենի խոսքով՝ աշխատակիցների մի մասը հասարակական տրանսպորտի չաշխատելու պատճառով աշխատանքի գալ չի կարողանա։

«Եթե մեզ թույլ տվեցին աշխատել, նաեւ տրանսպորտը պետք է թույլատրեին, շատ սխալ է, ունեմ աշխատողներ, որ ծայրամասերից են գալիս, տանը ոչ ոք մեքենա չունի, տաքսիին գումար տալը շատ սխալ է։ Հուսով եմ, որ մայիսի 14-ից հետո տրանսպոտը կաշխատի»,- ասաց նա՝ նշելով, որ մանկապարտեզների փակ մնալու պատճառով էլ մանկահասակ երեխա ունեցող աշխատակիցներն իրենց հաշվին արձակուրդ են վերցրել մինչեւ սեպտեմբեր։

Մեկ այլ գեղեցկության սրահի տնօրենի խոսքով էլ՝ աշխատակիցների մեկ երրորդը չի կարողանում նշված պատճառներով աշխատանքի հաճախել։