News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է 4–ով եւ հասել 39-ի: Մայիսի 4-ի առավոտյան Հայաստանում COVID-19-ով վարակվելու 121 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ՝  հաստատվել է կորոնավիրուսի 2507 դեպք: Ապաքինվել է 1071 մարդ, վերջին մեկ օրում՝ 36-ը, այս պահին բուժվում է 1393 անձ:

Այս պահին 9 քաղաքացի թոքերի արհեստական սարքավորման օգնությամբ է շնչում, 65-ը ծանր վիճակում է, 35-ի վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր։ Այս մասին Ազգային Ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է առողջապահության նախարարը։ Արսեն Թորոսյանի խոսքով՝ եթե կանոնները չպահպանենք, կունենանք վարակված 500 հազար քաղաքացի եւ հազարավոր մահեր։ Այսօրվա դրությամբ Հայաստանի հիվանդանոցներում մոտ 350 ազատ մահճակալներ կան կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտների համար:

Լրագրողներին էլ Արսեն Թորոսյանն ասել է, մինչեւ մայիսի վերջ կորոնավիրուսով վարակվածության 10 հազար դեպքը հավանական թիվ է։ «Ունենք էլի բժշկական աշխատակիցներ, կան հուղարկավորությանը մասնակցած անձինք եւ մի քանի գործող տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներ։ Կան բազմաթիվ օջախները, ինչը հուշում է այն մասին, որ կանոնները բոլորս պետք է պահպանենք», ասել է նա, տեղեկացրել, որ այս պահին ունենք 320 վարակված բուժաշխատող։

Այսօրվանից սկսած Հայաստանում տեղարշարժի թերթիկի անհրաժեշտություն այլևս չկա, բազմաթիվ ոլորտների գործունեությունը թույլատրվել է, սակայն դեռ գործում են որոշ սահմանափակումներ: Չի գործելու տրանսպորտը: Գործում են միայն բացօթյա ռեստորանները, սրճարանները, իսկ փակերը դեռեւս չեն գործի: Կգործեն նաեւ լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները, գեղեցկության սրահները: Մշակվել են կանոններ ու ուղեցույցներ, որոնք հրապարակված են կառավարության կայքէջում:

Արգելվում է առեւտրի օբյեկտներ հաճախորդների մուտքն առանց դիմակի եւ ձեռնոցների: Այս մասին գրված է պարետի որոշման մեջ։ Ըստ պարետի՝ պետք է բացառել մարդկանց կուտակումները վաճառքի տաղավարների մոտ առնվազն իրարից մեկ մետր հեռավորությամբ գծանշում պետք է իրականացվի սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով:

Կորոնավիրուսի դեմ պայքարի նոր փուլ ենք հայտարարում եւ այդ պայքարի իմաստն այն է, որ տեղափոխվում ենք ապակենտրոն պայքարի փուլ: Այս մասին մայիսի 3-ին, փոխվարչապետ եւ պարետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ բացօթյա   խորհրդակցության ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Մամուլի բնորոշմամբ, այդպիսով կորոնավիրուսի տարածումը կանխելու պատասխանատվությունը իշխանությունը փոխանցում է հասարակությանը։

Հայաստանը Ղարաբաղի հիմնախնդրով միակողմանի զիջումների չի գնա,  Ազգային Ժողովում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում   ասել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:  2016 թվականի ապրիլի կրկնություն չի լինի, չեն լինի 1991-1994 թվականներ: Դրա համար մեր վճռականությունը կբավարարի,- շեշտել է Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ այս հարցում գոյություն ունի համազգային կոնսենսուս, որը հայկական կողմի դիրքերը միայն ամրապնդում է:

Մենք Ռուսաստանի հետ ունենք դաշնակցային հարաբերություններ, որի օրակարգը չափազանց ընդարձակ է, որտեղ մենք ունենք հարցեր, լրագրողներին ասել է Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովը իր վերջին հայտարարությունում խոսելով գազի գնի մասին՝ հիշատակել էր Հայաստանում ռուսական ընկերությունների դեմ հարուցված քրեական գործերի մասին:

Կա չգրված օրենք, որը մինչեւ հիմա պահպանվում էր. մի տնից 2 հոգու չեն ձերբակալում, իսկ այս դեպքում ունենք մի տնից մի քանի հոգի, լրագրողների հետ զրույցում ասել է Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, շեշտելով, որ ստիպված կլինեն դիմել միջազգային ատյաններին։  Երեմ Սարգսյանը հայտնել է, որ վերջին մի քանի օրերին տասը խուզարկություն է իրականացվել Խաչատրյաններին պատկանող բնակարաններում ու գրասենյակներում։ Փաստաբանը հիշեցրել է, որ անցած տարվա հունվարի 24-ից Գուրգեն Խաչատրյանը գտնվում էր ստորագրության տակ, սակայն նրա հայտարարությունից հետո հանկարծ որոշեցին կալանավորել։  Երեմ Սարգսյանը բացառել է զարգացումների   օրինական նպատակները։

Շաբաթ օրվանից սոցհարթակներում հայ հանրությունը քննարկում է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան տեսանյութը, որում նա պատմել է անցած տարվա փետրվարին Հռոմում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ հանդիպման մասին՝ նշելով, որ Վանեցյանը իր հետ  հանդիպել է  Փաշինյանի հանձնարարությամբ: Մինասյանի խոսքով, Վանեցյանը  Փաշինյանի անունից իրեն փոխանցել է, որ եթե ինքը որոշակի սիմվոլիկ գումար վճարել ինչ–որ հիմնադրամի, բոլոր քրեական հետապնդումները կդադարեցվեն, պայմանով, որ նա դադարեցնի իր քաղաքական գործունեությունը եւ որոշ ժամանակ չվերադառնա Հայաստան:

Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ֆիքսվել են գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում եւ ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն: Այս մասին NEWS.am-ին հայտնել է   գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը, առանց դրսում բուժվելու հնարավորության՝ ապրելու հաշված օրեր են մնացել, հայտարարել է նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանը եւ դիմել կառավարությանը՝ արտասահմանում բուժվելու թույլտվության համար:  Մեկ օրից, մեկ ամսից, թե Աստված գիտի երբ, Մանվել Գրիգորյանը մահանալու է: Ու եթե այսօրվա իշխանությունը Աստծո իշխանությունը ևս վերցրել է իրեն և ինքն է որոշում հիվանդը գնա՞ դուրսը բուժվելու, քանի որ այստեղ այլևս հնարավոր չէ բուժվել, թե՝ մնա, ապա դրա գնահատականը տրվելու է նաև ի վերուստ, ասել է Գրիգորյանի պաշտպանը:

Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3,5 միլիոնի:  Գրեթե 250 հազար մարդ մահացել է: Վարակվածների թվով՝  1 միլիոն 190 հազար, եւ մահվան դեպքերի թվով՝ 68 հազար 600, առաջին տեղում է ԱՄՆ-ն: Հաստատված դեպքերի թվով 2-րդ տեղում է Իսպանիան՝ 247 հազար վարակված, 25 հազարից ավելի մահվան դեպք, երրորդ տեղում Իտալիան է՝  վարակման 211 հազար եւ մահվան 29 հազար դեպքով:

Մեկուկես ամսվա դադարից հետո Երեւանի փողոցներում կրկին աշխուժություն է, մարդաշատ է հատկապես մայրաքաղաքի կենտրոնը։ Չնայած վարակի տարածման տեմպերին՝ մարդիկ շրջում են առանց դիմակների, բարձր տրամադրությամբ, որ երկար դադարից հետո հնարավորություն ունեն զբոսանքի դուրս գալու։

Եզակի ցեղատեսակի՝ ալբինոս առյուծի 4 ձագ է լույս աշխարհ եկել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ գրառմանը կից տեղադրել նաեւ իր ու առյուծի 4 ձագերի լուսանկարը։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.72 դրամով ու  կազմել է 480 դրամ: Եվրոյի փոխարժեքն  աճել է 4.19 դրամով ու հասել կազմել է 524.93 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.46 դրամով ու կազմել է 596.74 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.20 դրամով կազմել է 6.36 դրամ։

Մայիսի 5-ին՝ գիշերային ժամերին եւ օրվա երկրորդ կեսին Հայաստանի մարզերի մեծ մասում եւ Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:  Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +10+12, վաղը ցերեկը՝ +21+23։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ