News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մոտ մեկ տարի առաջ ընտանիքով ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած 32-ամյա Արմինե Բադալյանի ամուսինը մեկ ամիս առաջ սրտի վիրահատության է ենթարկվել եւ նախօրեին ինքնազգացողության վատթարացման պատճառով գտնվում է հիվանդանոցում, ընտանիքը օգնության կարիք ունի։

«Ամեն ինչ նորմալ էր, աշխատում էինք, բոլոր տեղերը փակվեցին, ապրիլի սկզբին վատացավ սիրտը։ Ես չաշխատեցի, տան վարձի համար զանգեցին, որ տունը ազատենք, միանգամից վատացավ։ «Շտապօգնություն»  եկավ, հիվանդանոց տարան, պարզվեց՝ ինֆարկտ էր ստացել, չորս ստենտ տեղադրեցին։ Որոշ ժամանակ անց դուրս գրեցին, երեկ գիշեր նորից վատացավ, տեղափոխել են հիվանդանոց, վերակենդանացման բաժանմունքում է, ոչ մի նորմալ լուր չեմ կարողանում ստանալ, չեն թողնում մոտը գնալ կորոնավիրուսի պատճառով»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմինեն՝ նշելով, որ ամուսնուն վիրահատել են անվճար, սակայն հետագա ստացիոնար բուժում ապահովել չեն կարողացել՝ վճարովի լինելու պատճառով․ «Ամիսը մեկ պետք է բերենք ստուգման, բայց մենակ բժշկի դուռը ծեծելը 5000 ռուբլի է, իսկ մենք ունեցած չունեցած այս ընթացքում ծախսել ենք դեղորայքի վրա, հիմա ամուսնուս մայրը, որ միայնակ է ապրում Հայաստանում, գումար է փորձում պարտք անի, որ ուղարկի, գոնե հիվանդանոց գնալ կարողանամ»։

Արմինեն ամուսնու հետ արդեն երկու շաբաթ է՝ հիվանդանոցից ամուսնու դուրսգրումից հետո ապրում է դեսպանատան տրամադրած կացարանում։ Դիմել են դեսպանատուն՝ Հայաստան տեղափոխման հարցում օգնելու խնդրանքով, սակայն իրենց ասել են, որ պետք է հերթագրվեն, իսկ մինչեւ հերթի հասնելը կարող են կացարանով ապահովել։

«Շատ շնորհակալ ենք կացարանի համար իրենցից, հակառակ դեպքում դրսում էինք մնալու, որովհետեւ ամսի 21-ին ժամկետը լրանում էր, վատ չեն նայում մեզ, բայց հիմա մեզ պետք է գոնե առաջնահերթ օգնեն Հայաստան վերադառնանք, որ բուժումը կազմակերպել կարողանանք։ Այնինչ մենք իմացանք, որ ամսի 23-ին թռիչք էր եղել, զանգեցինք դեսպանատուն, ասեցին՝ նորից գրեք դիմում, 1400–րդն եք։ Ասում են՝ համբերենք, խելոք համբերում ենք, զանգում ենք՝ ասում են՝ ի՞նչ ա՝ էդքան վա՞տ են, որ չեն կարողանում համբերել։ Թղթերն են ուզել, ուղարկել ենք, ասում են՝ մենք մարդիկ ենք ման գալիս, որ դրանով զբաղվեն, հիմա էլի զանգում ենք, հեռախոսն անջատում են։ Էլ չգիտեմ՝ որտեղ դիմեմ»,- ասաց նա։

Տպել
Ամենաշատ