ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արգիշտի Քյարամյանը ազատվել է Քննչական կոմիտեում նշանակված պաշտոնից:
Որոշման մեջ նշվում է.. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
Արգիշտի Քյարամյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»:
Այսօր արդեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել, ըստ որի Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,-ասված է հրամանագրում:
Հատկանշական է, որ Քյարամյանը ՔԿ նախագահի տեղակալ էր նշանակվել երեկ եւ այդ պաշտոնում մնաց ընդամենը մեկ օր: Երեկ Քյարամյանն ազատվել էր Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել ՔԿ նախագահի տեղակալ:
Ամեն ինչ էլ ավելի հետաքրքիր է դառնում այն առումով, որ նա ՔԿ նախագահի 5-րդ տեղակալն էր, իսկ այդ հաստիքը ավելացվել էր ապրիլի 30-ի կառավարության որոշմամբ:
Նշենք, որ Hraparak.am-ը այսօր ավելի վաղ արդեն տեղեկացրել էր, որ Արգիշտի Քյարամյանը նշանակվելու է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ ԱԱԾ ղեկավար կազմում աշխատելու հետ կապված օրենքը որոշակի պահանջներ ունի՝ անձը պետք է իրավապահ համակարգում համապատասխան աշխատանքի ստաժ ունենա։ Այս միջանկյալ պաշտոնն այդ ստաժն ապահովելուն է ուղղված։
Ներկայացնում ենք ՔԿ պետի 29-ամյա տեղակալի կենսագրությունը.
Արգիշտի Քյարամյան
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1991 թ․, մայիսի 22, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղ
Կրթություն
2013թ. –ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան
2015թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը
2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ԵՊՀ իրավագիտության մագիստրոսի աստիճան
Աշխատանքային գործունեություն
2013-2014թթ. — ՀՀ ոստիկանության ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչ
2016թ. ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազության դատախազ
2016-2018թթ. — ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազության դատախազ
2018թ. հունիսի 8-ից — ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ
2018թ. հուլիսի 10-ից — ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետ
2019թ. փետրվարի 15-ից — ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ
2019թ. մարտի 1-ից – ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական
2019թ. ապրիլի 10-ից — ՀՀ Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ
2019թ․ ապրիլի 25-ից — ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող
Այլ տվյալներ
2009-2011թթ. — ծառայություն ՀՀ զինված ուժերում (հանդիսանում է պահեստազորի սպա)
2014թ. — շնորհվել է արտահերթ կոչում
2016թ. – ունի ՀՀ դատախազության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան
2017թ. — պարգևատրվել է գերատեսչական մեդալով
2018թ. — շնորհվել է հարկային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչում
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ։




























