Երբ հանրաքվե անցկացնելու մասին որոշում է կայացվել, չի եղել կորոնավիրուս: Այս մասին այսօր՝ մայիսի 6ժ-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Հարցին, թե ի վերջո, հանրաքվեն կկայանա՞ արտակարգ դրության վերացումից հետո, նա պատասխանեց. «Կհասկանանք, թե որն է ճիշտը, որեւէ պարագայում մենք որեւէ քաղաքական խնդրի հետ կապված ՀՀ քաղաքացիներին վտանգի տակ չենք դնի:
Բայց խնդիրն էլ այնպես չի, որ չի լուծվելու: Արագ լուծում է ստանալու»:
Նա հստակ չնշեց, թե արդյոք հնարավոր է հարցը լուծվի ԱԺ-ում քվեարկությամբ. «Չեմ կարող ասել: Հիմա կոնկրետ բան ասելը ճիշտ չէ: Պետք է տեսնենք իրավական առումով ամենաճիշտ ու ամենաընդունելի տարբերակը»:
Դիտարկմանը, որ հաշվի առնելով իշխանություններից հիասթափության մակարդակը, իշխանությունը գուցե խուսափի հանրաքվեից, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Չկա նման բան: Ընդհակառակը, մենք շատ ենք ուզում հանրաքվեի ճանապարհով գնալ, որովհետեւ նախ մարդկանց հետ շփումը, մարդկանցից ստացած հետադարձ կապը շատ կրեւոր է: Երկրորդ, մեր ունեցած տեղեկություններով, հարցումներով, ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունն այսօր վայելում է հանրության գերակշիռ մասի վստահությունը: Էլ չեմ ասում, որ կորոնավիրուսի այս ժամանակահատվածն ապացուցեց, թե որքանով կենսունակ է ՀՀ իշխանությունը՝ համեմատելով այլ երկրների հետ: Փառք Աստծո, մենք հնարավորինս անցնցում դեռ անցկացրեցինք այս փուլը: Տեսնենք, թե ինչ կլինի հետո»:











