News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 163 նոր դեպք է գրանցվել, վարակվածների թիվը հասել է 2782-ի: Այս պահին բուժվում է 1600 մարդ, ապաքինվել է 1135-ը, 40 պացիենտ մահացել է: 1 քաղաքացի, որի մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել է այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 7 է:

Վարակակիրներից 8-ին միացված է արհեստական շնչառություն, 80-ի վիճակը ծանր է, 30-ինը՝ ծայրահեղ ծանր: Տվյալները հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա փաստ չի համարում, որ արտակարգ դրությունը մայիսի 14-ով կավարտվի: «14-ից մի քանի օր առաջ որոշում կկայացվի՝ երկարացնե՞լ, թե՞ չէ: Նույնիսկ սահմանափակումների ռեժիմը թեթև պահելով՝ հնարավոր է արտակարգ դրության ռեժիմը պահպանել», ասել է նա։

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսի բռնկման նոր օջախ: Գեղարքունիքի մարզպետարանի տվյալով՝ մարզում հաստատվել է 149 դեպք, որից 39-ը Դդմաշենում։ Վարակակիրներ կան նաեւ Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան եւ Գեղամավան համայնքներում։ Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվել է, նրանք ինքնամեկուսացված են կամ մեկուսացված։

Ցավոք, կասկածը հաստատված է, Ազգային ժողովի աշխատակազմում կորոնավիրուսով վարակված կա, խորհրդարանի նիստին հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ոչ մի պարտադրանք չկա դիմակ կամ ձեռնոց կրելու, բայց դա ձեր առողջության համար է, կոչ եմ անում ձեռք առնել անվտանգության միջոցներ»,– ասել է նա:

Հայաստանի ոչ մի ղեկավար այդքան մանրամասն Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, որքան ես, Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ ինչո՞ւ վարչապետը չի արձագանքել Լավրովի եւ Հասանովի հայտարարություններին։ Ըստ Փաշինյանի՝ Արցախի հարցի որեւէ լուծում չի կարող գործնականում դառնալ լուծում, եթե ընդունելի չէ Հայաստանի, Արցախի ժողովրդի համար։ Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ վարչապետն ասել է, որ այն ոչ թե փոխվում է, այլ՝ ստեղծվում է: Ըստ նրա՝ դիվանագիտական կորպուսում կա հատված, որ սովոր է հին ռեժիմով աշխատել, վիզը ծռել, հնարավորինս խեղճացած, կռացած գնալ եւ բոլորից ինչ-որ բան աղերսել, որեւէ փշրանք ստանալիս էլ լինել երջանիկ։

Արգիշտի Քյարամյանին երկու օրում պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից ազատելու եւ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելու, ապա այնտեղից ազատելու եւ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու թեմայով Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կայացրել է քաղաքական որոշում, որ դա համարել է աշխատանքային անհրաժեշտություն, պարզապես օրենքն այդ միջանցքն է տվել, որ նա այդ կերպ հայտնվի այնտեղ: Մինչեւ այդ ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում դրսից նշանակումներ չի արել՝ այդ համակարգերին շանս տալու համար:

Արգիշտի Քյարամյանին չեմ ճանաչում, չգիտեմ իր ունակությունները, բայց գիտեմ, որ ի պաշտոնե ԱԱԾ ղեկավարը Հայաստանում վարչապետն է. ԱԺ-ի միջանցքում լրագրողների հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Սերժ Սարգսյանն այդպես է գրել Սահմանադրությունը Հրայր Թովմասյանի հետ: Ոստիկանապետն էլ է վարչապետը, հետեւաբար, եթե ինքը որոշել է այդ մարդուն այդտեղ նշանակել, ուրեմն մի բան գիտի, ճիշտ է արել իր տեսանկյունից», ասել է նա:

Իշխանության 2019-ի մենամեծ ձախողումը, վարչապետ Փաշինյանի խոսքով, եղել է ժողովրդից գողացած փողերի վերադարձի գործընթացը: Ըստ նրա՝ դատաիրավական համակարգում կան նվիրյալ, բարձր պրոֆեսիոնալներ, այն նախադրյալները, որ ունենք, ունենք այդ բարձր պրոֆեսիոնալների աշխատանքի շնորհիվ: Փաշինյանը հավելել է, որ չնայած կոնկրետ արդյունքներ չկան, բայց հիմա 100 տոկոսով համոզված է, որ ընթացող քննության արդյունքներով կբացահայտվի Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած կոռումպացված ամբողջ համակարգն իր բոլոր ճյուղերով ու գործող անձանցով:

«Չվնգստացող եւ մաքրամաքուր դատավորի» համբավ ունեցող Արտուշ Գաբրիելյանը բավարարել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Ավելի քան քառասուն օր տեւած դատական նիստերի ընթացքում պաշտպանության բազմաթիվ առարկություններից որեւէ մեկի վերաբերյալ վերլուծություն դատական ակտում չկա, գրել է Պողոսյանը եւ մաղթել, որ, մեջբերում եմ՝ «այս աբսուրդային եւ ցինիկ մեղադրանքով Մինասյանին կալանավորելու պատվեր իջեցնողին եւ այն կատարողներին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննի Արտուշ Գաբրիելյանը»։

Մայիսի 5-ի երեկոյան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը իրեն վաղուց նշանակել է մեղավոր եւ նրա հանձնարարությունը կատարողները պատրաստ են իրեն կալանավորել, առանց խոսելու հնարավորություն տալու։ Մինասյանն ասել է, որ Փաշինյանը չի հերքել այն, ինչ ինքը պատմել է Արթուր Վանեցյանի հետ հանդիպման մասին: Նաեւ արձագանքել Ֆեյսբուքում տարածված կասկածներին, որ հայրենասիրության մղմուով չէ, որ մերժել է Փաշինյանի առաջարկը: Մեկ այլ տարածված հարցին ի պատասխան, թե ինքը վախենո՞ւմ է, նա բացասական է պատասխանել: «Կյանքում չեմ արել բան, որի համար պետք է վախենամ կամ ամաչեմ։ Մեր պետությունը եւ ժողովրդին այս վիճակին հասցրած մարդիկ պետք է վախենան, որովհետեւ այդ մարդիկ դավաճանել են ժողովրդի սերը, հարգանքը եւ վստահությունը։ Այդ մարդիկ դավաճանել են Հայաստանի Հանրապետությանը», ասել է նա։

Սահմանադրության փոփոխության հանրաքվեի ճակատագիրն անորոշ է։ Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին՝ հանրաքվեն կկայանա՞ արտակարգ դրության վերացումից հետո, ասել է․ «Կհասկանանք, թե որն է ճիշտը, որեւէ պարագայում մենք որեւէ քաղաքական խնդրի հետ կապված Հայաստանի քաղաքացիներին վտանգի տակ չենք դնի»:

Այս տարի Հայաստանի բոլոր պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգով, տեղեկացնում է կրթության նախարարությունը։ Գործընթացը սկսվելու է մայիսի 8-ից եւ ընթանալու է 3 փուլով: Անհրաժեշտ փաստաթղթերի առկայության պարագայում հնարավոր է գրանցվել նաեւ արտասահմանից:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.30 դրամով եւ հասել 481.97 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.58 դրամով եւ կազմել 519.80 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.61 դրամով ու կազմել 596.49 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով ու կազմել 6.48 դրամ։

Մայիսի 7-ին Հայաստանի շրջանների մեծ մասում եւ Երեւանում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8 +10, վաղը ցերեկը` +15 +17 աստիճան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ