News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ստամբուլում 324 օր տեւած հացադուլից հետո մահացել է երաժիշտ Իբրահիմ Գեքչեքը, հայտնում է Ahval-ը: Թուրքական ձախաական Grup Yorum խմբի անդամ Գեկչեքը մայիսի 5-ին դադարեցրել էր հացադուլը եւ բուժման նպատակով տեղափոխվել էր հիվանդանոց: Խմբի մյուս անդամը` Հելին Բելեքը, մահացել էր ապրիլի 3-ին հացադուլից հետո:

Հացադուլի մասնակիցները պահանջում էին, որպեսզի Թուրքիայի իշխանությունները վերացնեն խմբի գործունեության արգելքը, այդ թվում` համերգների, դադարեցնեն հարձակումները խմբի մշակութային կենտրոնի վրա եւ ազատեն խմբի բանտարկված անդամներին:

Խումբը շատ հայտնի է Թուրքիայում, 1980-ականներից ի վեր այն համերգներ է ունեցել երկրի բոլոր անկյուններում եւ գրեթե երկու տասնյակ ալբոմ է թողարկել: Grup Yorum-ի ելույթները արգելվել էին 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո: Թուրք դատախազությունը խմբի անդամներին մեղադրել էր Հեղափոխական ժողովրդական ազատագրման կուսակցություն-ճակատին պատկանելու համար:

Բելեքը եւ Գեքչեքը ձերբակալվել էին 2019-ի սկզբին: Գեքչեքն ազատ էր արձակվել բանտից փետրվարին` հացադուլի հետեւանքով առողջական վիճակի վատթարացման պատճառով: Նա ապրիլ ամսվա սկզբից Թուրքիայում հացադուլի հետեւանքով մահացած երրորդ մարդն է: Մուստաֆա Քոչաքը, որը ցմահ բանտարկության էր դատապարտվել թուրք դատախազի սպանության մեղադրանքով, մահացել էր ապրիլի վերջին` 297 օր տեւած հացադուլից հետո:

Մարտի 19-ին Grup Yorum խմբի ընկերների կողմից հրապարակված կոչում նշվում էր, որ Մուստաֆա Քոչաքը տեղափոխվել էր Քըրքլար բանտ, որտեղ որոշել էր «մահվան պաս» սկսել: Նշվում էր, որ մինչ Քոչաքին տեղափոխելը նրան «դաժան խոշտանգումների էին ենթարկել» Չաքրան բանտում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ