News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արթուր Վանեցյանը Քննչական Ծառայություն է հրավիրվել։ Վանեցյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը Ֆեյսբուքում գրել է, որ Վանեցյանին հրավիրել են Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության առիթով։ Հիշեցնենք, որ Մինասյանն ասել էր, որ վարչապետ Փաշինյանը Վանեցյանի միջոցով իրեն գործարք է առաջարկել՝ սիմվոլիկ գումար փոխանցել ինչ–որ հիմնադրամի եւ նրա դեմ քրեական գործերը կկարճվեն, ինչն ինքը մերժել է։

Ազգայի ժողովի Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով է հրավիրվել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նիստը կկայանա երկուշաբթի, ժամը 13-ին: Հիշեցնեմ, որ Կարապետյանը, մյուս նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի եւ Անուշավան Դանիելյանի հետ երաշխավորել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար. Նիստը, որը կքննի նրանց միջնորդությունը՝ նշանակված է վաղը։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաղը չի վիրահատվելու եւ մասնակցելու է իր գործով դատական նիստին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է նրա որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ հերքելով որոշ լրատվամիջոցների հաղորդումը, թե  վաղը նախկին նախագահը հնարավոր է վիրահատվի:

Ազգային անվտանգության ծառայությունից հերքել են տեղեկությունները, թե ԱԱԾ ղեկավարությունը աշխատանքից ազատման դիմումներ է գրել: «ԱԱԾ-ն շարունակում է իր բնականոն գործունեությունը», - NEWS.am-ին հայտնել են ԱԱԾ-ից: Երեկվանից լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվում, որ Արգիշտի Քյարամյանի ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելուց հետո ԱԱԾ-ում բունտ է հասունացել եւ մի քանի տասնյակ պաշտոնյաներ ազատման դիմումներ են գրել, այդ թվում ծառայության տնօրենը, քննչական բաժնի պետն ու նրա տեղակալները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր բժշկական դիմակով էր  այցելել Ազգային ժողով, առանձին հանդիպում է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Հանդիպումից հետո լրագրողի հարցին՝  ի՞նչ էին քննարկում Մարուքյանի հետ, վարչապետը պատասխանել է. «Սուրճ էինք խմում»:

Փաշինյան-Մարուքյան հանդիպման օրակարգում Արցախյան հարցի շուրջ ներքաղաքական շահարկումներն էին։ Լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ երեկ քննարկման էր հրավիրել  արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, զրուցել Արցախի հիմնախնդրի վերաբերյալ մտահոգությունների ու շահարկումների թեմայով։ Այսօր էլ վարչապետին է հրավիրել։ Այս պահին ես մտահոգություն չունեմ Արցախի հիմնախնդրի հետ կապված, ասել է Մարուքյանը։ Ըստ նրա՝ որեւէ փաստաթուղթ չի բանակցվում։

Հայաստանում կորոնավիրուսից վերջին մեկ օրում մահացել է եւս երկու մարդ:

Այսօր առավոտվա դրությամբ վարակվելու եւս 102 նոր դեպք է գրանցվել, վարակվածների թիվը հասել է 2884-ի: Ընդհանուր թեստերի թիվը 28 հազար է, ինչը նշանակում է, որ վարակ ունեցել է թեստ հանձնածների 10 տոկոսը: Փաստացի այս պահին բուժվում է 1648 հոգի, ապաքինվել է 1285-ը, 42 պացիենտ մահացել է:

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մահացածները եղել են 78 և 66 տարեկան տղամարդիկ, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 9 է։

Շտապօգնության աշխատակիցներից 12-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, իսկ որոշ բժիշկներ, բուժքույրեր եւ վարորդներ հրաժարվել են աշխատել կորոնավիրուսով պացիենտների հետ։ Լրագրողներին այս մասին հայտնել է «Շտապ բժշկական օգնություն» ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ Նրանք աշխատանքից չեն ազատվել, ասել է նա։

Թագուհի Ստեփանյանը հայտնել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի հատկցումներով աշխատակիցների պարգեւատրման մասին։ Բժիշկները ստացել են 95 հազար դրամի պարգեւավճար, բուժքույրերը եւ շտապ օգնության մեքենաների վարորդները՝ 70 հազարական դրամ: Պարգեւաըրվել են նաեւ 1-03 ծառայության օպերատորները:

Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները 200 մլն դրամ են հատկացրել այն բուժաշխատողներին, որոնք կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի առաջնագծում փրկում են հազարավոր կյանքեր: Երևանի և մարզերի հազար բուժաշխատողներից յուրաքանչյուրի հաշվին փոխանցվել է 200.000 դրամ: Հիշեցնենք, որ Վարդանյանները մարտին էլ 100 մլն դրամ էին փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի գանձապետական հաշվին:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ եւս երկու քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայություն: Մինչեւ այս Արցախում գրանցվել էր  վարակման 10 դեպք, որից 6-ն արդեն ապաքինվել են:

Այն ինչ տեղի ունենում այսօր Էջմիածնում վանդալիզմ է քաղաքապետի մակարդակով, ուղիղ եթերում հայտարարել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, ցույց տալով, թե ինչպես են քաղաքում հատում մայթեզրի ծառերը։

Գյումրիում բացահայտվել է կողոպուտ, որը բեմադրել էր ենթադրյալ կողոպտվածը։ Մեկ ամիս առաջ Մսի կոմբինատ թաղամասում 31-ամյա կնոջ երկու երիտասարդ էր մոտեցել եւ խլել զարդերը։ Մինչ ոստիկանները որոնում էին կողոպտիչներին, բնակարանային գողության հաղորդում է ներկայացրել երիտասարդ կնոջ մայրը։ Իրավապահները պարզել են, որ ոսկեղենն ու դրամական միջոցները կինը փոխանցել է 28-ամյա ծանոթին, իսկ տան իրերը խառնշտել է կողոպուտի տպավորություն թողնելու համար։ Ըստ ոստիկանների՝ բեմականացված է եղել նաեւ փողոցային կողոպուտը։

Տավուշի Ենոքավան գյուղի տարածքում «WWF Հայաստան» կազմակերպության տեղադրած տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։ Անցած տարվա նոյեմբերի 19-ին գիշատչի հարձակման ենթարկված մի ենոքավանցի պնդում էր, թե մարմնի վերքերը ստացել է ընձառյուծի հետ գոտեմարտից։  Նրա հագուստից  վերցված կենդանու մազերի՝ Գերմանիայում արված լաբորատոր հետազոտությունը 99% ճշտությամբ հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը: Սակայն կազմակերպությունը վստահել է տուժած Արման Գաբրիելյանին և նրա մատնանշած վայրում տեսախցիկ տեղադրել, ինչն էլ արձանագրել է կատվազգի գեղեցկուհուն:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.17 դրամով եւ հասել  483.14 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.94 դրամով  եւ կազմել  521.74 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.77 դրամով եւ կազմել  597.26 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով եւ կազմել  6.55 դրամ։

Մայիսի 8-ին Հայաստանի առանձին հատվածներում եւ Երեւանում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, սակայն կիրակի կրկին կնվազի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +19+21:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ