Ես մինչեւ հիմա համոզված եմ, որ ամբիոնից խոսելու դժվարություն ունեմ, մինչեւ հիմա կարող է լինել այնպես, որ խոսելիս ձայնս դողա: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ինմ, ԱԺ-ում կառավարության 2019-ի կատարողականի քննարկման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Բայց ես նախանձում եմ մեր որոշ գործընկերների ինքնավստահությանը: Ես ձեր ինքնավստահությունից եմ ուզում, որ հասկանալով ոչնչից խոսում եք ամեն ինչից: Հիմա ասում եք մեր քննադատություններ ուղղված են միայն նրան, որ այդ խնդիրները բացահայտենք ու լուծենք: Շնորհակալություն դրա համար, բայց եկեք նայենք, թե դուք որքան եք հետեւողական:

Գալիս խոսում եք տեղեկատվական տեխնոլոգիաներից, թվեր եք հնչեցնում, հետո մինչեւ ապացուցում ենք, որ այդ թվերը սխալ են, գալիս խոսում եք պարենային անվտանգությունից: Մինչեւ ասում ենք՝ պարենային անվտանգության խնդիր չկա, գալիս խոսում եք ավիացիայից: Գալիս ասում եք՝ հանցագործությունների թիվը 40 հազարով աճել է, ասում ենք, 10 անգամ թիվն ավել եք ասում, դուք ասում եք՝ խոսքը հանցագործությունների մասին հաղորդումների մասին է եւ մտահոգիչն այն է, որ այդտեղ աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները: Բա ո՞ր հանցագործությունները պետք է աճեին, որ ըստ ձեզ դրական լինեին: Կա՞ այդպիսի հանցագործություն: Ասենք, եթե բռնաբարություններն աճած լինեին, ասելու էիք, որ դրակա՞ն է այդ ամեն ինչը»,- ասաց ԱԺ պատգամավորը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ կոմունալ վճարների մասով օգնություն ստացել են նաեւ մարդիկ, որոնք բանկերում ունեն մի քանի մլն դրամի ավանդ, պատգամավորն ասաց, որ դրանից հետո սոցիալական ցանցերում սկսվել են քննարկումներ. «Նայում եմ սոցիալական ցանցերում մի վայնասուն է՝ ժողովուրդ, ձեր բանկային գաղտնիքները պաշտպանված չեն, ձեզ հետեւում են։ Ով այդպես է կարծում ինքը կամ բութ է կամ սրիկա։ Այստեղ նստած պատգամավորներ, մի քանի հարյուր պետական պաշտոնյաներ լրացնում են հայտարարագիր, որտեղ երեւում է իրենց խնայողությունները։ Հայաստանում վերջին մեկ ամսում կոմունալ գծով օգնություն ստացել է բաժանորդների 90 տոկոսից ավելին։ Ավանդների չափը որոշ մարդկանց դեպքում գաղտնի է, որոշ մարդկանց դեպքում էլ ոչ, բայց կոմունալ  վճարների մասով ինֆորմացիան բնական է, որ պետք է լիներ:

ԿԲ-ն հրապարակում է, թե օրինակ, մինչեւ 3մլն ավանդ ունեցողները քանի հոգի են, 3-10 մլն ավանդ ունեցողները քանի հոգի են: Վերցրեք էդ թվերն ու համեմատեք ընդհանուր վիճակագրության հետ: Սա շատ պարզ է տրամաբանությունը»,-հայտարարեց Թունյանը:

Նա հավելեց, որ երբ ասում էր՝ կամ բութ են կամ սրիկա, նկատի ունի այն մարդկանց, որոնք հրապարակային հայտարարություններ են անում իրենց վերլուծաբանների տեղ դրած. «Բայց ես ավելի շատ համոզված եմ, որ իրենք ոչ թե բութ են, այլ սրիկա, որովհետեւ այս վարքագիծն ունի կոնկրետ նպատակ: Նպատակն այն է, որ մարդիկ իրենց հավատան եւ ավանդները բանկերից դուրս բերել, բանկերում ստեղծեն լիկվիդայնության խնդիր, հետո դա բարդեն իշխանությունների գլխին: նույնկերպ անում էին փոխարժեքի դեպքում: Փոխարժեքը վերջին շրջւանում մի քիչ բարձրացավ ու մի քանի  հարյուր հոգի հայտնվեցին հրապարակային ելույթներով, թե ժողովուրդ, շու արեք, ձեր ավանդները հանեք բանկերից, կամ դրամային ավանդները փոխարկեք դոլարի: Դա անում էին, որ մարդիկ իրենց հավատային գնային իրենց դրամը փորձեին դարձնել դոլար: Դոլարը իրոք թանկանար եւ ֆինանսական շուկան կանգներ լուրջ խնդրի առջեւ»:Վարչապետը խոսում էր եկամուտների հայտարարագրման ինստիտուտի մասին։ Այդ ռեֆորմը խիստ անհրաժեշտ ռեֆորմ է, որն ավելի շուտ պետք է արված լիներ։ Չեն արել, որովհետեւ համարել են, որ հասարակությունը ֆինանսական գրագիտության առումով պատրաստ չի դրան կամ իրենք ժամանակին այդքան լեգիտիմությունը չեն ունեցել։ Երեկ քննադատություն է, որ՝ գիտեք, հեսա էդ հայտարարագրման ինստիտուտը կբերեն ու ձեր կոպեկները հատ-հատ հաշելու են ու ձեզ թալանելու են»։

Թունյանը շեշտեց՝ կառավարությունն իր առջեւ դրված խնդիրը լուծել է: «Եվ լուծել է շատ ավելի լավ, քան որեւէ մեկդ կպատկերացներ: Իհարկե եղել են նաեւ խնդիրներ, դրանք մենք ընդունում ենք, եթե չընդունենք, չենք կարող լուծել: Ի հեճուկս շատ կարծքների եւ շատերի սպասումների՝ ամեն ինչ շատ լավ է լինելու՝ անգամ այս աննախադեպ ճգնաժամի ընթացքում եւ դրանից հետո»,-նշեց նա: