Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մայիսի 8-ի դատական նիստում միջնորդություն են ներկայացնում:

Սա գրեթե 2 ամսվա դադարից հետո առաջին նիստն է:

Փաստաբան Հայկ Ալումյանը սկսեց ներկայացնել նախկին նախագահին անձնական երաշխավորությամբ ազատելու մասին միջնորդությունը: Քոչարյանի համար պատրաստ են երաշխավորել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

Փաստաբանը հիշեցրեց, որ երկու ամիս դատավարությունը տեղում դոփում է, համապատասխանաբար՝ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունները չեն քննարկվում, ինչն իր պաշտպանյալի իրավունքների խախտում է: Ալումյանը ներկայացրեց նախկին վարչապետների գրավոր հայտարարությունների պատճենները: Երաշխավորության մեջ շեշտվում է Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահի ավանդը հանրապետության եւ բանակի զարգացման գործում:

Չնայած պաշտպանական կողմը խափանման միջոցը փոխելու մասին էլի միջնորդություններ ուներ, դատարանը որոշեց նախ քննարկել ներկայացված միջնորդությունը: Դահլիճ հրավիրվեցին Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: Նրանք բանավոր հայտարարություն կատարեցին անձնական երաշխավորության մասին:

Երաշխավորողներից յուրաքանչյուրը պարտավոր է 500-հազարական դրամ վճարել: Եթե ամբաստանյալը պատշաճ վարքագիծ չդրսեւորի, գումարը չի վերադարձվի:

Երաշխավորողները ստորագրեցին արձանագրության պատճենները: Հաշվի առնելով, որ նրանց ներկայության անհրաժեշտությունն այլեւս չկար, նախկին վարչապետները դահլիճից հեռացան: Տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը տեղից ինչ-որ հայտարարություն արեց, ի պատասխան դատավորը խնդրեց լռություն պահպանել:

«Ռոբերտ Քոչարյանը միանգամից մի քանի այդպիսի խմբում է»,- նշեց փաստաբանը՝ ավելորդ համարելով հրապարակել բժշկական եզրակացությունը: Պաշտպանը հավելեց, որ այս միջնորդության ենթատեքստում է տեղավորվում անձնական երաշխավորությամբ ազատելու մասին միջնորդությունը: «Միջնորդում եմ առաջին հերթին փոխել խափանման միջոցը: Կամ այն փոխարինել ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով, կամ ազատել գրավին դիմաց»,- նշեց փաստաբանը՝ հիշեցնելով, որ չհիշատակեց չհեռանալու մասին ստորագրությունը, քանի որ դատարանը Քոչարյանին չի էլ կասկածում քննությունից թաքնվելու ձգտման մեջ: Խոսելով բժշկական եզրակացության մասին՝ փաստաբանը նշեց, որ եթե դատարանն անհրաժեշտ համարի այն հրապարակել, նախ թող քննի փակ նիստ անցկացնելու հարցը:

Փաստաբան Արամ Վարդեւանյանը դատարանին հիշեցրեց, որ ՔԿՀ համակարգում արդեն կան վարակման դեպքեր: «Ես անձամբ այցելել եմ ՔԿՀ եւ կարող եմ հավաստել, որ այնտեղ չի պահպանվում Առողջապահության նախարարության եւ ԱՀԿ ոչ մի հանձնարարական: Նույնիսկ այն, թե մենք հիմա ինչպես ենք անցկացնում դատական նիստը, արդեն խախտում է»,- արձանագրեց փաստաբանը:

Փաստաբանը գրավի չափի որոշումը վերապահեց դատարանին:

Յուրի Խաչատուրովի խնդրանքով հայտարարվեց ընդմիջում:

Նիստը վերսկսելով՝ դատարանը շարունակեց միջնորդության քննարկումը: Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսի տարածման իրավիճակը վատթարանում է: Փաստաբանը մեջբերեց առողջապահության նախարարի հայտարարությունն այն մասին, որ մայիսի վերջին վարակակիրների թիվը կարող է հասնել 10 հազարի, եւ գործադիր իշխանությունը չի թաքցնում, որ մասշտաբներն ընդլայնվում են: Այսինքն՝ ակնհայտ է, որ ՔԿՀ-ում վիրուսի տարածման հարցը ժամանակի խնդիր է, շեշտեց փաստաբանը: Նա հիշեցրեց, որ մայիսի 8-ի նիստը խորհրդանշական է, սակայն մեծ ավանդ ունեցած մարդիկ հիմա նստած են այս դահլիճում: «Հարգարժան դատարան, Ձեզ խնդրում եմ ընտրություն կատարել իրավունքի եւ անօրինականության միջեւ, եւ հիշել, որ գործի ավարտը սարերի հետեւում չէ, ու պարոն Քոչարյանը վաղ թե ուշ կազատվի»,- հայտարարեց փաստաբանը:

Փաստաբան Արամ Օրբելյանը հիշեցրեց, որ աշխարհը դեռեւս չի կարողացել պատվաստանյութը մշակել, եւ բուժումը կատարվում է ըստ ախտանիշների, իսկ ռիսկի խմբում որքան տարիքը մեծ է, այնքան բարձր է մահացության տոկոսը: «ՔԿՀ համակարգն անկարող է՝ ոչ այն պատճառով, որ չի ցանկանում, այլ ըստ իր էության եւ կառուցվածքի ի վիճակի չէ պաշտպանություն ապահովել: Որքան էլ դա պարադոքսալ է, անհնար է մեկուսացում ապահովել զբոսանքների, շփման, սնվելու ժամանակ: Նաեւ պետք է հիշել, որ հսկիչները փոխվում են, ինչը մեծացնում է ռիսկի աստիճանը»,- հիշեցրեց փաստաբանը:

Մինչ ընթանում էր միջնորդության քննարկումը, հայտնի դարձավ բանտարկյալների շրջանում վարակման մասին: Այդ մասին հայտնեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ երեք քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուս է հայտնաբերվել 5 կալանավորների եւ 5 բանտրակյալների մոտ:

Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը նշեց, որ շատ բանտարկյալներ չեն ցանկանում մասնակցել դատական նիստերին, քանի որ ՔԿՀ վերադառնալով՝ նրանց կարանտինի են ուղարկում, իսկ դրանք պատժախցերի նման խցեր են: Նույնիսկ այստեղ դատարանը չի կարողացել ապահովել սոցիալականն հեռավորության պահպանման նվազագույն պահանջները: Ես ինքս չէի մասնակցի այդպիսի նիստերին: Սրա համար բացառություն եմ արել, քանի որ խոսքը խափանման միջոցի մասին է»,- պարզաբանեց փաստաբանը՝ միանալով միջնորդությանը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հետաքրքրվեց Քոչարյանի պահման պայմաններից: «Աշխատակիցներն աշխատում են մեկ օր եւ երեք օր ազատ են: 90 տոկոսը երիտասարդներ են: Նվազագույնը կեսը կարող է տանել առանց ախտանիշների: Ես հիմա խցում սեփական ցանկությամբ մենակ եմ: Բայց շփումներ կան, այլ կերպ անհնար է: Անհնար է հեռավորություն պահպանել շենքում տեղաշարժվելիս»,- հայտնեց Ռոբերտ Քոչարյանը:

Սնունդը բերում են փաթեթավորված, բայց ոչ ոք չի կարող հայտնել, թե ով է պատրաստում եւ մթերքներն ինչպես են առաքում: «Անձնակազմը փորձում է հետեւել պահանջներին՝ դիմակներ եւ ձեռնոցներ են կրում: Բայց պայմաններ չկան, չկա օդափոխություն: Օրը երեք անգամ մարդիկ են գալիս դրսից, սնունդ են բերում: Նույնիսկ անիմաստ է քննարկել, թե ինչպես է հնարավոր կատարել անհրաժեշտ պահանջները»,- հավելեց նախկին նախագահը:

Նախկին նախագահը հիմա «Իզմիրլյան» ԲԿ-ում է, բայց, ըստ կանոնների, հիվանդասենյակում նրա հետ պետք է ծառայող լինի, նրանք մշտապես փոխարինվում են, եւ ստացվում է, որ պացինետն ամբողջ ժամանակ  ստիպված է շփվել մեծ թվով մարդկանց հետ: Փաստաբաններն այս հարցով դիմել են անգամ օմբուդսմենին:

Փաստաբան Արամ վարդեւանյանը նշեց, որ իր պաշտպանյալի հետ հանդիպումները անցնում են սենյակում, որն իր չափով ուղղակի չի կարող ապահովել սոցիալական հեռավորության պահպանումը:

Փաստաբանի ելույթի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը ստիպված էր հերթական դիտողությունը կատարել հարեւանների հետ խոսող Սեդա Սաֆարյանին: Նրանք անմիջապես փորձեցին դատավորի հետ բանավեճի մեջ մտնել: Դատավորը փորձը կանխեց՝ նման վարքագծի կրկնվելու դեպքում դատական պատժամիջոց խոստանալով:

Արամ Օրբելյանը հիշեցրեց, որ Հայաստանում նշված պատճառով մեծ թվով բանտարկյալներ են ազատ արձակվել, եւ նախկին նախագահին ազատելու մերժումը կնշանակի խտրական վերաբերմունք:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը դեմ հանդես եկավ՝ նշելով, որ խափանման միջոց ընտրելու հիմքերը ոչ միայն չեն անհետացել, այլ ավելի են ուժեղացել: Նա որպես ապացույց բերեց քրեական գործի առկայությունը: Կորոնավիրուսի սպառնալիքի առումով դատախազը հայտարարեց, որ այս հարցով միջազգային կազմակերպությունների նշած ոչ մի փաստաթուղթ չկա, որ պարտադիր բնույթ կրի:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հետեւեց գործընկերոջ օրինակին: Հատկանշական է, որ դատախազը սկսեց օրվա խորհրդանիշում (Շուշիի ազատագրում) ամբաստանյալների ավանդի հիշատակման մեկնաբանությունից: Դատախազի այս ռեպլիկը հարուցեց Յուրի Խաչատուրովի դժգոհությունը:

Տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատարանից մի քանի օր խնդրեց միջնորդությանը ծավալուն պատասխան պատրաստելու համար: Դատավորը նման խնդրանքը չհիմնավորված համարեց եւ առաջարկեց առավելագույնը 40 րոպե: Եգորյանն առաջարկը մերժեց եւ համաձայնվեց հակիրճ շարադրել միջնորդությունների վերաբերյալ իր բացասական կարծիքը:

Հակիճ չստացվեց, եւ ելույթը բավականին երկար տեւեց, քան երկու դատախազների ելույթը միասին: Մինչ ելույթ էր ունենում Եգորյանը, նրա վստահորդ Քլոյանը իրեն թույլ տվեց հայտարարություն երաշխավորների հասցեին՝ անվանելով «գողեր եւ ավազակներ»: Սա հարուցեց պաշտպանական կողմի վրդովմունքը: Եգորյանը սկսեց այս թեմայով բանավիճել՝ հայտարարելով, որ դա իր վստահորդի կարծիքն է, եւ մի քանի անգամ արտահայտությունը կրկնեց: Դատավորը ստիպված էր ընդգծել, որ դատարանը նման արտահայտությունները վիրավորական է համարում եւ կրկնվելու դեպքում ստիպված կլինի պատժամիջոց կիրառել:

Այնուհետեւ Եգորյանը որոշեց մանրամասն կանգ առնել երաշխավորողների բարոյական եւ մասնագիտական կերպարին: Խոսրով Հարությունյանին մեղսագրվեց ինչ-որ քայլ, որը Ռոբերտ Քոչարյանին թույլ է տվել զբաղեցնել նախագահի պաշտոնը: Վազգեն Մանուկյանը, Կարեն Կարապետյանը եւ Անուշավան Դանիելյանը եւս չեն կարող հանդես գալ որպես երաշխավորներ: Վերջինի անվան հետ ընդհանրապես սկանադալային պատմություն է կապված, անվերապահորեն հայտարարեց Եգորյանը՝ ասածն ամրապնդելով շարժումներով: Եգորյանը հեռուն գնաց եւ հիշատակեց Ուկրաինայում քրեական գործը, որով իբր անցել է Անուշավան Դանիելյանը, նրան կապեց Նաիրի Հունանյանի հետ: «Եթե Քոչարյանը որոշի ինչ-որ բան անել, նրանցից ոչ մեկը չի կարող ազդել նրա որոշման վրա»,- հայտարարեց Եգորյանը: