News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզպետարանը պարզաբանում է տարածել այսօր մարզում ճանապարհ փակելու հետ կապված: Պարզաբանման մեջ ասվում է.

«Հարգելի՛ տավուշցիներ,

Խաշթառակ համայնքի բնակիչ Սամվել Մատինյանին պատկանող հանգստի գոտու հեղեղման հետ կապված հրապարակումների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը՝

Սամվել Մատինյանի և «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի միջև առաջացած հողային և քաղաքաշինական վեճի վերաբերյալ 2019 թ. մայիս ամսին մարզպետարանի նախաձեռնությամբ իրականացվել է ուսումնասիրություն։ Նախնական եզրակացությամբ իրականացված կառուցապատման աշխատանքների ժամանակ երկուստեք թույլ են տրվել խախտումներ: Արդյունքների հիման վրա ՀՀ Դատախազությունում ընթանում է նախաքննություն։

Դատապարտում ենք իրականության խեղաթյուրման ցանկացած նախաձեռնություն, այն համարում քայքայիչ գործունեություն ՀՀ պետականության և քաղաքացու հանդեպ։

Աղստեւ գետի վարարումն աննախադեպ է 1998 թ.-ից սկսած, և նմանատիպ իրավիճակներ առկա են նաև այլ վայրերում։

Խնդրում ենք պահպանել առավելագույն զգուշություն։

Առողջություն ենք մաղթում բոլորին։

Հ.Գ. Միջպետական ճանապարհի երթեւեկությունը խաթարվել է առավելագույնը 5 րոպեով (ոչ թե 1 ժամով), մեղավորները կենթարկվեն պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Խաշթառակ գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի ժամանի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասել են. «Տևական ժամանակ է, պահանջում ենք, որպեսզի պատկան մարմինները վերջ դնեն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կողմից Աղստև գետի հերն անիծելու գործին: Մարդ ինչքան պետք է անկուշտ ու ագահ լինի, որ բնության հերն անիծի, ինչ է, թե մի քանի կոպեկ ավել փող տանի: ՀԷԿ ես կառուցել, լավ ես արել բայց ինչի՞ բնակիչների, գյուղացիների ու բնության հաշվին: Բազմիցս դիմել ենք իրավասու մարմիններին, սակայն սայլը տեղից չի շարժվում: Այսօր ստիպված ենք փակել ճանապարհը, որովհետև տեսնում եք, թե Խ. Քոքոբելյանի շնորհիվ ինչպես է Աղստև գետը լցվում «Գետափ» հանգստյան գոտու տարածք՝ ողողելով անգամ շենք-շինություններն ու խաղահրապարակները»:

Տպել
Ամենաշատ