News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մայիսի 8-ին նախկին նախագահին ազատ արձակելու միանգամից մի քանի միջնորդություն են ներկայացրել։ Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշումը կհրապարակի մայիսի 13-ին։ Դրա նախօրեին NEWS.am-ի թղթակիցը զրուցեց նախկին նախագահի փաստաբանների խմբի ներկայացուցիչ  Արամ Օրբելյանի հետ։

Պարոն Քոչարյանի փաստաբանների կողմից միանգամից մի քանի միջնորդություն է ներկայացվել։ Պատմեք, խնդրում եմ, այդ մասին։

Մեր կողմից ներկայացվել է երեք միջնորդություն։ Առաջինը՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը դատարան է ուղարկվել մարտի 16-ին։ Նախկին նախագահի համար երաշխավորելու ցանկություն են հայտնել Հայաստանի երեք նախկին վարչապետները՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Բացի վարչապետի պաշտոնից, այդ անձինք նաեւ այլ պաշտոններ են զբաղեցրել, զգալի ներդրում են ունեցել երկրի զարգացման գործում։ Վազգեն Մանուկյանը կանգնած է հայկական բանակի ստեղծման ակունքներում, զբաղեցրել է Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը։ Խոսրով Հարությունյանը եղել է խորհրդարանի նախագահ։ Կարեն Կարապետյանը եղել է Երեւանի քաղաքապետ։ Բոլորն էլ հանրությանը բավական հայտնի անձինք են։ Վարչապետները եկել են դատարան, նրանք հաստատել են որպես երաշխավոր հանդես գալու ցանկությունը։

Երկրորդ միջնորդությունը վերաբերում է գրավի դիմաց ազատ արձակմանը: Գրավի դիմաց ազատ արձակելու նախորդ երկու միջնորդությունները մերժվել էին: Դատավոր Աննա Դանիբեկյանի հիմնական փաստարկը օրենսդրության մեջ փողը գանձելու՝ պետության օգտին գրավի հնարավորության բացակայությունն է, եթե անձը խախտի իր պարտավորությունները, օրինակ, փորձի ազդել հետաքննության վրա: Ըստ էության, սա միակ փաստարկն էր: Երկրորդ անգամ, երբ մենք նմանատիպ միջնորդություն ենք ներկայացրել՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի որոշման վրա, որը այլ գործով էր, դատարանը հաստատեց, որ գրավը կարող է կիրառվել ոչ միայն փախուստի կամ նոր հանցագործություն կատարելու, այլեւ գործընթացի վրա ազդեցություն գործելու ռիսկի դեպքում: Ըստ էության, սրանք այն երեք հիմնավորումներն են, որոնց համար կիրառվում է կալանավորումը: Այնուամենայնիվ, դատարանը կրկին մերժեց դիմումը՝ համարելով, որ չնայած Սահմանադրական դատարանը որոշում կայացրել է, չկան ընթացակարգեր, որոնցով այդ գումարները կարող են գանձվել պետության օգտին: Այսինքն, գործնականում որոշումը հնարավոր չէ կատարել: Ապրիլի 14-ին համապատասխան օրենքը փոփոխվեց, եւ մենք նոր միջնորդություն ներկայացրեցինք:

Երրորդ միջնորդությունը կապված է կորոնավիրուսի համավարակի հետ։ Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի տարբեր մարմիններ, հանդես են եկել ռիսկի խմբի, այդ թվում 60-ից բարձր տարիք ունեցողների հանդեպ ձերբակալության խափանման միջոցը վերանայելու պետություններին ուղղված կոչով։

Ստեղծվե՞ց տպավորություն, որ տուժող կողմի ներկայացուցիչները փորձում էին վարկաբեկել երաշխավորներին։

Դատավարությանը տուժողների, նրանց այդպես անվանենք, մասնակցությունը, հարցեր է առաջացնում: Մենք դեռեւս չենք սկսել քննարկել այս դատական գործին նրանց մասնակցության հարցը, որպես այդպիսին: Այս դատավարությունում տուժողներ չեն կարող լինել, քանի որ բոլորը երկրի քաղաքացիներ են՝ նայած, թե ինչպես եք դիտարկում: Միանշանակ, այդ թվում դատախազների կողմից, հայտարարվեց, որ այս դատավարությունը չի վերաբերում մարդկանց մահվան դեպքերին: Համապատասխանաբար, նրանց իրավահաջորդներն ու հարազատներն այս գործով տուժող չեն:

Ինչ վերաբերում է մի քանի նախկին վարչապետերին վարկաբեկելու եւ վիրավորելու փորձերին: Հարցը ոչ թե իրավական, այլ բարոյական բնույթ ունի, ով ինչի է գնում ինչ-որ մեկին վարկաբեկելու համար: Կենտրոնանալ մեկ մարդու վրա, մեջբերել ղրիմյան թերթի ինչ-որ հոդվածներ, եւ մենք այդպես էլ մինչեւ վերջ չհասկացանք, թե որն է մեղադրանքի էությունը: Անձամբ ես չհասկացա հայտարարությունների էությունը: Նրանց դուր չի գալիս Անուշավան Դանիելյանը: Դե, ոչ բոլորին կարող ես դուր գալ, ինչպես հայտնի խոսք կա, հարյուր դոլարանոց թղթադրամ չէ, որ բոլորին դուր գա: Իրականում, անպայման կգտնվի մեկը, որին դուր չի գա հանրության մեջ հեղինակություն վայելող յուրաքանչյուր մարդ: Որոշակի թվով մարդիկ կարող են նրան աստվածացնել, սակայն որոշները կատեն նրան: Առաջնորդությունը ենթադրում է որոշակի որոշումներ, որոնք կարող են ոչ բոլորին դուր գալ:

Հարցն այն չէ, թե մարդուն վարկաբեկող ինչ հանգամանքներ կարելի է գտնել։ Մենք ունեինք չորս երաշխավոր, եւ փորձում էին բերել ինչ-որ փաստարկներ նրանցից երկուսի վերաբերյալ։ Ընդ որում, իրականում փաստարկներ դրանք դժվար է անվանել, ավելի շատ դեղին մամուլի մակարդակով, բղավոցներով, վիրավորանքներով էր դա արվում։ Դատարանը մի պահի թույլ չտվեց այդ ոգով շարունակել։ Հիմա չեմ կենտրոնանա այն բանի վրա, թե պե՞տք է արդյոք դատավորն ավելի վաղ միջոցներ ձեռնարկեր, սակայն այն փաստը, որ նա թույլ չտվեց շարունակել այդ ոգով, ցույց է տալիս, որ դա հարիր չէր, որ այդ «փաստարկները» իրավական փաստարկներ եւ թույլատրելի փաստարկներ չէին։

Ոչ մի իրական փաստարկ մենք չլսեցինք։ Որպես այդպիսին, գրավոր փաստաթուղթ մենք չտեսանք, դատարանին ներկայացվեցին ինչ-որ հոդվածներ։ Փաստն այն է, որ բոլոր չորս երաշխավորները շատ հայտնի հեղինակավոր անձինք են, ես կարծում եմ, որ նրանց երաշխավորությունը բավական ծանրակշիռ փաստարկ է, որպեսզի խափանման միջոց կալանավորումը փոխարինվի կամ երաշխավորությամբ կամ գրավի դիմաց ազատ արձակմամբ։

Հայաստանում կա՞ն հենց կորոնավիրուսի համավարակի հետ կապված ձեւակերպմամբ ազատ արձակելու նախադեպեր։

Այո։ Իմ գործընկեր Արամ Վարդեւանյանը օրինակ բերեց իր գործերից մեկը, որով քաղաքացին մեղադրվում է առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ։ Որքան ինձ է հայտնի, մահափորձի մեջ, սակայն կարող եմ սխալվել։ Դատավորն ինքը, առանց կողմերի միջնորդության, դատական նիստ է հրավիրել եւ կորոնավիրուսի պատճառով փոխել խափանման միջոցը։ Դրա հետ մեկտեղ դատախազությունը հայտարարել է (ես վստահ չեմ ընթացիկ վիճակագրության առումով) ռիսկի խմբի անձանց հանդեպ կալանավորման խափանման միջոցը վերանայելու գործընթաց սկսելու մասին։ Գործընթացն սկսված է։ Ռիսկի խմբում ինքնաբերաբար մտնում են, ԱՀԿ չափանիշներով, 60-ից բարձր տարիք ունեցող անձինք։ Հիմքեր կան այդ փաստարկը մեր պաշտպանյալի հանդեպ կիրառելու։ Հակառակ դեպքում որոշ չափանիշներով, այդ թվում՝ քաղաքական նպատակահարմարության առումով, մենք խտրականություն ենք տեսնում։

Ընդհանրապես ի՞նչ առնչություն ունեն տուժողները եւ նրանց ներկայացուցիչները այս դատական գործին։

Դատավարությունը բավական արհեստական է: Ըստ էության, նրանց ընդգրկել են այս դատավարությանը, որպեսզի որոշակի հուզական ֆոն հաղորդեն: Որպեսզի իրենց հարազատներին կորցրած մարդիկ անընդհատ գտնվեն դահլիճում, անընդհատ կարծիք հայտնեն գործընթացի վերաբերյալ: Սա ավելի շատ քաղաքականացնում է դատավարությունը, քան այն տանում է իրավական ուսումնասիրման հունով: Մենք բարձրացրել ենք այս հարցը նախաքննության շրջանում, մենք բարձրացրել ենք այս հարցը դատարանում: Մենք ունենք միջնորդություն, որի քննարկմանը դեռ չենք հասել, քանի որ քննարկվել են դատավորի ինքնաբացարկը, դատախազների հեռացումը եւ խափանման միջոցի ու ընդհանրապես գործը փակելու հետ կապված հարցեր։ Որովհետեւ անիմաստ է քննարկել տուժող կողմի մասնակցության հարցը, եթե գործը կարող է ընդհանրապես փակվել:

Բոլոր միջնորդությունների դիտարկումից հետո, որոշակի պահի, բուն դատավարության մեկնարկից առաջ, կքննարկվի նաեւ այս միջնորդությունը: Մեղադրանքը, որի շրջանակներում ընթանում է դատավարությունը,  այդ անձանց մասնակցության համար հիմքեր չի պարունակում: Դա չի նշանակում, որ նրանք մարտի 1-ի գործի շրջանակներում չեն կարող որեւէ այլ դատական գործում տուժող հանդիսանալ: Եվ մենք այս հարցը բազմիցս բարձրացրել ենք: Մենք ասել ենք, որ եթե հարցը համարվում է փակված, եթե գործը բացահայտված է, ապա խնդրում ենք տուժողներին ներգրավեք այն մասում, որտեղ քննարկվում է նրանց հարազատների մահվան հարցը: Եվ սա Մարտի 1-ի գործի շատ կարեւոր տարր է: Քանի որ իսկապես անհրաժեշտ է կենտրոնանալ մարդկանց մահվան եւ վիրավորումներ ստանալու հանգամանքների վրա: Ինչ վերաբերում է պատճառներին, եղել է խորհրդարանական հանձնաժողով՝ Նիկոյանի ղեկավարությամբ, ես չեմ խոսում փաստահավաք խմբի մասին, որը մեծ զեկույց է պատրաստել: Որպես հանձնաժողովի զեկույցի հետեւանք, կատարվել են օրենսդրական բազմաթիվ փոփոխություններ: Սակայն, չգիտես ինչ պատճառով, այն անընդհատ երկրորդ պլան են մղում՝ հօգուտ փաստահավաք խմբի զեկույցների, հավանաբար, նույն քաղաքական պատճառներով։

Ինչպիսի՞ն են Ձեր ակնկալիքները

Եթե խոսքը ամբողջովին իրավական գործընթացի մասին լիներ, ես կսպասեի, որ գործը փակվեր, թեկուզ 300.1 հոդվածով: Սակայն եթե մենք խոսենք այն մասին, ինչ կա, ես ակնկալում եմ, որ կալանավորման խափանման միջոցը կամ կչեղարկվի, կամ կփոխվի՝ գրավով կամ երաշխավորությամբ ազատ արձակելով: Թե իրականում ինչպիսին կլինի որոշումը, դժվարանում եմ պատասխանել։ Եթե որոշումն այլ լինի, կգործենք ըստ իրավիճակի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ