«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանի համար անընդունելի է Հայաստանի կողմից «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացումը։ Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսին հայտարարեց Բաբկեն Հարությունյանը։
«Անհասկանալի էր, որ արտակարգ դրության ժամանակ բերեցին։ Մենք 10 տարի այս կոնվենցիան ստորագրել ենք, թողել։ Նիկոլ Փաշինյանը, ինչ եկել էր իշխանության, սկսել էր Ստամբուլյան կոնվենցիայի վավարեցման գորշընթացը, չստացվեց, սկսեց ժամանակ ձգել, իսկ այս մյուս կոնվենցիան բերեց, արագի մեջ վավերացրեց»,- ասաց նա։
ՀԿ նախագահի կարծիքով՝ բոլոր այն պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել կոնվենցիային, պետք է պատասխանատվություն կրեն։ Նրա խոսքով՝ խնդրահարույց կոնվենցիայի այն կետը, որը սահմանում է, որ դպրոցներում տարրական դասարաններում պետք է երեխաներին սեռական պաշտպանվածության, դաստարակության մասին։
«Ստացվում է, որ 6-7 տարեկան երեխան պետք է գնա, նստի, ու նրան բացատրեն, թե ինչ է սեքսը, սեռական հարաբերությունները։ Իրենց պետք է ասենք՝ կա սեռական կողմնորոշում, պետք է ասեն՝ ազիզ ջան, այ, դու տղա ես, կարող ես սիրել տղայի, աղջիկ ես, կարող ես սիրել աղջկա՞։ Սա խայառակություն է, մեր ազգին հարիր չէ, ո՞նց կարող է մեր հայկական ավանդական ընտանիքում դպրոցական տարիքից՝ 1-ին, 2-րդ դասարանից երեխային ասել, որ դու կարող ես ունենալ սեռական կողմնորոշում։ Ի՞նչ է՝ նստել են բացատրելու, թե ինչ է սե՞քսը։ Դրա համար կա ավելի ավագ տարիք, ես կողմ եմ, որ բացատրեն, բայց ավագ, ոչ թե տարրական դասարաններում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը վտանգում է յուրաքանչյուր ընտանիքի մատաղ սերնդին, մեծ հարվածի տակ է դնում մեր ազգի ապագան»,- նշեց նա։
Նշենք, որ «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծն արդեն ընդունվել է 79 կողմ, 12 դեմ ձայներով։ Կոնվենցիայի ընդդիմախոսները մեջբերում են դրա հոդվածներից մեկը, ըստ որի յուրաքանչյուր կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու, որ երեխաները տարական եւ միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման եւ սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաեւ ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ։











