News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ,   մերժել է   երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը։ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին ներկա չէր։ Նա վիրահատվել է և գտնվում է «Իզմիրյան» բուժկենտրոնում։ Հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 19-ին։ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորել էին նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Անուշավան Դանիելյանը։

Երկրորդ նախագահին կալանքի տակ թողնելու տրամաբանական պատճառ ասել հնարավոր չէ, դատարանի որոշումից հետո լրագրողներին  ասել է Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։

Ռոբերտ  Քոչարյանի մեկ այլ պաշտպան Արամ Օրբելյանի կարծիքով՝ տեղի ունեցողը իրավաբանության հետ առնչություն չունեցող գործունեություն է։

Այսօրվա վճիռը և դրան նախորդող գործընթացներն ապացուցեցին, որ տեղի ունեցողը նախագահ Քոչարյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդում է։ Այս մասին NEWS.am-ին հայտարարել  է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը եւ ավելացրել․ «Սա քաղաքական հետապնդման ամենալկտի ու սանձարձակ տեսակն է։ Ցավոք, մենք ականատես ենք դառնում իրադարձությունների, որոնք մեր պատմության մեջ բնորոշվելու են որպես ազգային խայտառակություն»։

Այսօր  ժամը 14-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի վրա, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայ դիրքապահների գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։ Տուժածներ չկան»,-նշել է նա:

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 180 նոր դեպք է գրանցվել, մահացել է եւս մեկ մարդ՝ 65 տարեկան տղամարդ, որը չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն: Մայիսի 13-ի առավոտյան վարակվածների թիվը հասել է 3718-ի: Այս պահին բուժվում է 2149 մարդ, ապաքինվել է 1500-ը, 48 պացիենտ մահացել է: Եվս 2 քաղաքացի, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 21 է

Ցավոք, կորոնավիրուսի ճգնաժամը հանրային ուշադրությունից կարծես դուրս է մնում եւ մենք խնդիրների առջեւ ենք կանգնում: Այս մասին Ֆեսյբուքի  ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ արդեն քանի օր կորոնավիրուսի վարակման 100-ից ավելի դեպքեր են լինում: Ըստ նրա՝ հակահամաճարակային պայմանները մեր երկրում չեն պահպանվում: Մենք այս տեմպերով կարող ենք շատ լուրջ ճգնաժամի առջեւ կանգնել»,-ասել է  Փաշինյանը՝ հավելելով, որ առնվազն մեկ տարի դեռ պետք է ապրել կորոնավիրուսի հետ:

Ցերեկն էլ Փաշինյանը դուրս է եկել փողոց եւ ուղիղ եթերում մարդկանց դիտողություն արել դիմակ չկրելու եւ սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար: Պետք է խստացնենք միջոցները, ընդգծել է վարչապետը:

Հանրապետության հրապարակի այգում շրջելու ընթացքում Փաշինյանին են մոտեցել Կենտրոնական Բանկի դիմաց 3-րդ օրը բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները: Վարչապետն ասել է, թե կուսումնասիրի վարկերի հետ կապված նրանց խնդիրը։

Արցախի առողջապահության նախարարության տվյալներով՝ վարակակիրների թիվն այստեղ ավելացել է 6-ով: Առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 20 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են:

Ազգային Ժողովի միջանցքում այսօր բանավեճի են բռնվել խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը եւ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Սիմոնյանն  ասել է, որ 2018 թվականի ցույցերի ընթացքում տեղ գտած բռնության պահին Մարուքյանն օգնության չի հասել։ Մարուքյանն էլ ասել է, թե Սիմոնյանը սուտ է խոսում: Ազգային Ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ  Սիմոնյանը նշել է, թե ընդունում է Էդմոն Մարուքյանի ներողությունները եւ կոչ արել վերադառնալ դահլիճ: Սիմոնյանն ասել է նաեւ, թե արդեն մեկ տարի է՝  Մարուքյանն ուզում էր, որ իրեն խփեն:

Լրագրողների հետ ճեպազրույցում էլ Մարուքյանն ասել է, թե այսուհետեւ «Լուսավոր Հայաստանի» որեւէ ներկայացուցիչ չի պատասխանելու նախկինների հետ կապերի մասին որեւէ հարցի, որովհետեւ այս օրերի ընթացքում իրենք սպասում էին հիմնավորումների, ինչը չեղավ:  «Լուսավոր Հայաստանը»  բոյկոտ բոյկոտ չի անում, ասել է  Մարուքյանը եւ ավելացրել. «Դա կարող է ինչ-որ մարդկանց երազանքն է, որ ինչ-որ բան մենք բոյկոտենք»:

Հայտնի ծեծկռտուքից հետո ԼՀԿ-ն  ակնկալում էր դատապարտում եւ քաղաքական հետեւանքներ, սակայն դրանից հետո վարչապետն իր ելույթով լեգիտիմացրեց տեղի ունեցած բռնությունը, ասել է Մարուքյանը: «Ընդհակառակը, սկսեց մի արշավ, որը միտված է բռնության զոհին դարձնել հիմնական մեղավոր: Այդ արշավը այսօր էլ չի կանգնել ու թափ է հավաքում»,- հայտարարել է Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը Հատուկ Քննչական Ծառայությունում տվել է բացատրություն՝ Ազգային Ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ։ «Ասել եմ այն ինչը երեւում է տեսանյութում»,- նշել է նա, ընդգծելով: Եթե հիմա Խորհրդարանում պատգամավորների նկատմամբ բռնություն է կիրառվում, մի քանի օր հետո Մարդու իրավունքների պաշտպանին են սպառնում, էն մյուս օրը փողոցում են մարդ ծեծելու, կարծիք է հայտնել Մարուքյանը։

«Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» առաջին դատական նիստը հետաձգվել է հայցվոր կողմի՝  համավարակով պայմանավորված  բացակայության պատճառով։ Պատասխանող կողմը դժգոհել է դատավարության ձգձգումից: Դատարանը հաջորդ նիստը նշանակել է հունիսի 19-ին։ Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը կապանյան ասուլիսին հայտարարել էր, թե ՍԴ նախագահն իրեն քծնել ու շողոքորթել է: Թովմասյանն էլ պահանջել է փաստերով ներկայանալ դատարան, ինչին ի պատասխան Փաշինյանը գրիչ էր ցույց տվել, ասելով, թե այն իրեն է տվել Թովմասյանը։

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը համարում է, որ ծառայություններ առաջարկելու մեջ վիրավորական ոչինչ չկա։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, թե Թովմասյանը սկզբում ամենօրյա, հետո ամենշաբաթյա, ի վերջո, ամենամսյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել իրեն, բայց ինքը մերժել է։

Շուշիում կայացած «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի արտահերթ նիստում, փակ գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի նախագահի պաշտոնի թեկնածուներից առավելագույն ձայներ է ստացել Արթուր Թովմասյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ժամկետային զինծառայող Սասուն Մարգարյանի մահվան դեպքի առթիվ քննվող գործով՝   ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով, լեյտենանտ  է ձերբակալվել: Մի քանի հոդվածով եւ  զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել է նաեւ մեկ կրտսեր սերժանտ: Նրանց անունները չեն հրապարակվել:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.51 դրամով ու հասել 487.66 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.62 դրամով ու հասել  528.67 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.98 դրամով  ու կազմել  599.58 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով ու հասել  6.65 դրամի։

Մայիսի 14-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա:   Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +23+25:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ