News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կառավարությունը որոշում է կայացրել մարտի 16-ին Հայաստանում հայտարարված եւ մինչեւ մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել եւս 30 օրով` մինչեւ հունիսի 13-ը, ժամը 17-ը:

Կորոնավիրուսից Հայաստանում մահացել է 49-րդ պացիենտը: Առավոտվա  դրությամբ վարակվելու 142 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր թիվը հասել է  3860-ի, այս պահին բուժվում է 2218 մարդ, ապաքինվել է 1572-ը: 2 քաղաքացի, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 21 է:

Առողջապահության նախարարությունում կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր, նրանց շփման շրջանակը պարզվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նախարարը նույնպես ինքնամեկուսացված է: Ավելի ուշ Արսեն Թորոսյանը հայտնել է, թե իր թեստը բացասական է եղել։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նախօրեին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է։  Այնուհանդերձ, նախարարն առայժմ կմնա ինքնամեկուսացման մեջ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 66 հոգի ծանր վիճակում է, մամուլի ասուլիսին հայտնել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

Լենա Նանուշյանն ասել է նաեւ, որ Հայաստանում համաճարակն անցել է երրորդ փուլին, որը բնորոշվում է տարածվածությամբ եւ վերջին օրերին հնարավոր չի լինում կոնտակտավորին ու վարակի աղբյուրը պարզել։

Նախատեսում ենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կբացվեն առեւտրի վայրերը, հանրային սննդի  օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաեւ փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը եւ մի քանի այլ թուլացումներ կլինեն: Ազգային Ժողովի հատուկ նիստում հայտարարել է Հանրապետության պարետ Տիգրան Ավինյանը:  «Այնուամենայնիվ, եթե կա հնարավորություն աշխատանքը կազմակերպել հեռավար, կոչ ենք անում հենց այդպես անել»,-ասել է պարետը:

Տիգրան Ավինյանը հավելել է, որ մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլեւ հանրային բաց վայրերում դիմակների կրում. կանոնը խախտողներին ոստիկանությունը տուգանվելու է: Տուգանքը 100 հազար դրամ է։

Ընդունված որոշումներն իրագործման առումով խնդրահարույց են լինելու. պարետ Տիգրան Ավինյանին ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա հարցրել է՝ դիմակով սննդի օբյեկտում նստեն, րոպեն մեկ հանեն մի կտոր հաց ուտեն, հետո դնե՞ն»:

Արտակարգ դրության ժամկետի երկարացումը ոչ միայն հակասում է օրենքին, այլեւ հետապնդում է առավելապես քաղաքական նպատակներ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Այս համոզմանը Մարուքյանը հանգել է դիտարկելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»  օրենքի 5-րդ հոդվածը, ըստ որի՝ արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը: Երկու ժամկետներն էլ լրացել են։

Հասկացել եմ մի բան՝ մեղադրվում եմ այն պատճառով, որ բժիշկ եմ ու ընտրվել եմ ԱԺ նախագահ։ Այս մասին իր եւ Արսեն Բաբայանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը, ավելացնելով, որ երբեք չի խախտել օրենքն ու Սահմանադրությունը։ Այդ օրը 80-ից ավելի մարդ է քվեարկել, բայց, չգիտես ինչու, պատասխանատվություն կրում է մեկը, ասել է Բաբլոյանը:

Կառավարությունը հաստատել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ.ծրագրերը: Նպատակային ծրագրերը երեքն են. միանվագ դրամական աջակցություն մարզերում բնակարան ձեռք բերելու համար, կանխավճարի՝ հիփոթեկային պարտավորության, ապահովագրության համար դրամական աջակցություն երիտասարդ ընտանիքներին, երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին։

Մայիսի 18-ից Ադրբեջանում լայնածավալ զորավարժության առիթով Պաշտպանության Նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա  հետևանք։  Նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ զորավարժությունը տեղի է ունենում առանց նախնական ծանուցման, ինչը Վիեննայի փաստաթղթի անտեսման և կոպիտ խախտման հերթական դրսևորումն է:

Մի քանի լուր քրեական քրոնիկոնից։ Քարերով, մետաղյա ձողերով եւ մուրճերով զանգվածային ծեծկռտուք Երեւանում: Երեկ երեկոյան Լուկաշինի փողոցում ճանապարհը չզիջելու պատճառով վիճել են 18 եւ 22 տարեկան երկու երիտասարդ, այնուհետեւ վեճին միացել են նրանց ընկերները: Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել երկու քաղաքացի։ Ոստիկանները բերման են ենթարկել չորս երիտասարդի։

Գավառում երկու հոգու սպանության եւ չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, բռնությամբ եւ գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի գործով մեղադրանք է առաջադրվել 24 անձի, որոնցից 21-ին՝ հիվանդանոցի վրա հարձակման համար:  24-ի նկատմամբ էլ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, 16-ը բավարարվել է, 7-ը՝ մերժվել: Եվս 4 անձի ձերբակալման որոշում է կայացվել:

Ոստիկանությունը տեսանյութ է տարածել կապված փեսայի կողմից շանը զոքանչի վրա բաց թողնելու հետ, երբ շունը հոշոտել էր տարեց կնոջը: Հիշեցնենք, որ մայիսի 2-ին  ոստիկանության Թումանյանի բաժին զանգած Ծաթեր գյուղի բնակիչը հայտնել էր, որ շունը հարձակվել է կնոջ մոր վրա, և ստացված վնասվածքներից զոքանչը մահացել է։ Իրավապահները պարզել են, որ նույն օրը փեսան և զոքանչը կենցաղային հողի վրա վիճել են, փեսան ծեծել է զոքանչին, ապա բակի շան կապն արձակել է, տարել տուն և բաց թողել։ Շունը 78-ամյա Գյուլասար Մախսուդյանին հոշոտել էր։ 37-ամյա փեսան  ձերբակալվել է։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.24 դրամով ու հասել 488.90 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.27 դրամով  ու կազմել  528.40 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.14 դրամով  ու կազմել 597.44 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով ու կազմել 6.63 դրամ։

Մայիսի 15-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացումը կշարունակվի: Երեւանում եւս անձրեւներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +10+12, վաղը ցերեկը՝ +23+25։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ