News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում անցել է 4 հազարից, մահացածների թիվը 50-ից: Մայիսի 15-ի առավոտվա դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 184 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը 4044 է: Այս պահին բուժվում է 2304 մարդ,  ապաքինվել է 1666-ը, 52 պացիենտ մահացել է: Եվս 1 քաղաքացի, որի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, մահացել է այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 22 է:

Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը  հասնում է 20-ի, որոնցից 8-ը բուժվել են: Մեկուսացված քաղաքացիների թիվը 51 է:

Մայիսի 17–ին ժամը 23։59–ից ուժի մեջ մտնող սահմանափակումներով տաքսիներում կարգելվի վարորդի կողքին ուղևորի նստեցումը: Վարորդը պետք է լինի  եռաշերտ դիմակներով ու ձեռնոցներով, միանգամյա օգտագործման անձեռոցիկով և ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչով, մեքենայի սրահը պետք է պարբերաբար ախտահանվի: Հանրային տրանսպորտի ուղեւորները  եւս պետք է լինեն դիմակով և ձեռնոցով:

Առանց դիմակի եւ ձեռնոցի քաղաքացիներին թույլ չեն տա խանութ մտնել: Այս մասին ասուլիսում հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: Նա նշել է, որ եթե խանութի տարածքը չի գերազանցում 20 քառակուսի մետրը, ապա այցելուների թիվը չպետք է գերազանցի երկուսը: Մարդկանց կուտակումներ չեն թույլատրվելու:   

Արտաշատի Բուժկենտրոնն իր բուժանձնակազմով երկրի լավագույն հիվանդանոցներից է եւ այն այս պահին ամբողջ թափով լծված է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ տեսանյութ  տեղադրել իր էջում: Նախարարը մեջբերել է բուժկենտրոնի բժիշկ-ռեանիմատոլոգ Լիլիթ Մուսեյանը խոսքը. «Հիմա հիվանդության այնպիսի փուլ է, երբ հիվանդությունը հիվանդանոցներից դուրս է եկել փողոցներ: Եվ եթե մենք չպահպանենք կանոնները, եթե ապա այս հիվանդության դեմ երկար ենք պայքարելու»:

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանին հրավիրվել են Ոստիկանության 6-րդ վարչություն: «Ոստիկանություն այցելելուս պատճառն այն է, որ հայտարարել եմ՝ Ցեղասպանության զոհերի արյունը վաճառողներին «մերումանուկ» չեմ խնայելու, ինչից հետո սորոսական Հրանուշ Խառատյանը, սորոսական Հարություն Մարությանը և նրա դուստր Արփենիկ Մարությանը, իրենց կյանքի նկատմամբ վտանգ զգալով, դիմել են իրավապահներին»,- ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրել էր Մալյանը։

Մեր դեմ ուղղված ստոր, լկտի հակաքարոզչությունն իշխանությունների ձեռքի գործն է, երեկ կեսգիշերին մոտ Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան:  Նրա խոսքով՝ իշխանության սանձազերծած այս արշավի նպատակը մարդկանց իրենց հոգսերից շեղելն է եւ իրենց մասին  կեղծիք եւ զրպարտություն տարածելը։ Մեծ փողեր են դրած, որ տարածեն, ասել է ԼՀԿ նախագահը:  Մարուքյանի ձեւակերպմամբ՝  հետեւորդներին կոչ է արել չներքաշվել վիճաբանությունների մեջ եւ զանազանել լուրերը մեդիաաղբից

Իշխանության թիմում պաշտոնանկություններն ու նշանակումները շարունակվում են: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից:

Վարչապետ  Փաշինյանի որոշմամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ  է նշանակվել Տաթեւիկ Ստեփանյանը:

Արտաշատում շարունակվել է Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով դատական նիստը։ Դատարանը լսել է գործով վկաներին:  Հիշեցնենք, որ 2019-ի հուլիսի 6-ի ցերեկը Զոդի կամրջի վրա միմյանց էին բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, բռնկվել էր հրդեհ, 7 մարդ մահացել էր, 4-ը ծանր վնասվածքներ ստացել։

Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով նախաքննությունը եւ հայտարարություն տարածել, թե նա իր վարույթում քննված դատական գործերով դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կատարել է պաշտոնեական կեղծիքներ: Նյութերն ուղարկվել են դատախազություն: Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանի դեմ քրեադատավարական գործընթաց սկսվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելուց հետո:

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքում։ Ըստ Shamshyan.com-ի՝ առավոտյան 7-ի սահմանում Նորակերտ գյուղի բնակիչ՝ Վարդան Մելիքյանը հերթական անգամ գառներին սար տանելիս ականատես է լինում դաժան դեպքի։ Գայլերը հարձակվել եւ հոշոտել են 150-ից ավելի գառ ու ոչխար, 122-ը սատկել են, 30-ից ավելին էլ վնասվածք ստացել, որոնց մի մասը չի ապրի։ Համագյուղացիները հայտնել են, որ Մելիքյանը վարկով է  զբաղվել ոչխարաբուծությամբ եւ այժմ փաստի առաջ է կանգնել:

Ազգային գրադարանում տեղի ունեցածից հետո կորուստների չափի մասին  պաշտոնական տեղեկություն դեռ չենք կարող հրապարակել, գնահատականը կլինի փորձաքննությունից հետո, բայց հստակ կարող ենք ասել, որ ամբողջ թվայնացված բազան ունենք առանձին կրիչների վրա: Այս մասին ասուլիսի ժամանակ նշել է Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը: Ըստ ազգային գրադարանի ղեկավարի, պետք է պարզել տեղի ունեցածի պատճառը մարդածին է, թե տեխնածին: Հիշեցնեմ, որ երեկ ազգային գրադարանի արխիվից օգտվող հայագիտական հանրույթը ահազանգում էր թվայնացված արխիվի կորստի մասին:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 1.09 դրամով ու կազմել 487.89 դրամ:  Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.99 դրամով ու կազմել  527.41 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.07 դրամով ու կազմել  595.37 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով ու հասել 6.65 դրամի։

Մայիսի 16-20-ը Հայաստանի մարզերում եւ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մայիսի 15-16-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Մայրաքաղաքում մայիսի 16-ի գիշերը կլինի +12+14, վաղը ցերեկը 28-ից 30 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ