News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Քրեական գործով  կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող մասնավոր հատվածի աշխատողի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ առաջարկվող օրենսդրական կարգավորումը հակասոցիալական է և հակասում է աշխատանքային օրենսգրքի սկզբունքներին։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարության և գլխավոր դատախազության կողմից մշակված օրենքների նախագծերի փաթեթին։

«Մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությունը կարող է ամիսներ, նույնիսկ տարիներ տևել, իսկ այդ ընթացքում այն անձը, ով հանրային ծառայող չէ (օրինակ մասնավոր հատվածի աշխատողը), ժամանակավորապես զրկվում է իր աշխատանքից, հետևաբար նաև վարձատրությունից և վճարովի արձակուրդից, մինչդեռ հետագայում հնարավոր է այդ անձի մեղքը չհիմնավորվի և նա արդարացվի»,–ասաց մեր զրուցակիցը։

Ավետիսյանի խոսքով՝ օրենքը մշակողները խտրական մոտեցում են ցուցաբերել՝ կասկածյալ կամ մեղադրյալ հանդիսացող հանրային ծառայողներին տալով  աշխատանքից չզրկվելու և աշխատավարձը պահպանելու երաշխիք, իսկ նույն կարգավիճակում գտնվող մասնավոր սեկտորում պաշտոններ զբաղեցնող անձանց զրկելով այդ երաշխիքներից։

«Պետական մարմինն է սահմանափակում անձի՝ աշխատելու իրավունքը և անկախ տվյալ անձի հանրային ծառայող լինել–չլինելու  հանգամանքից, պետությունը պետք է նույն այդ աշխատողի համար երաշխիքներ տա։ Օրինակ, եթե աշխատողի աշխատանքային լիազորությունները ժամանակավոր դադարեցնելու որոշումը վերացվի կամ աշխատողն արդարացվի, ապա նրա՝ այդ օրերի կորցրած եկամուտը, որպես հարկադիր պարապուրդ, պետք է վճարի պետությունը, այսինքն փոխհատուցի նրան»,–ասաց նա։

 Տնտեսագետի համոզմամբ՝ սա նաև կստիպի իրավապահ մարմիններին,  պատեհ–անպատեհ այս օրենքը չկիրառել՝ հաշվի առնելով, որ ցանկացած որոշում ենթադրում է պետական բյուջեից ծախս։

 «Եկեք չկտրվենք իրականությունից, խոսքը Հայաստանի մասին է, որտեղ առկա են խորացող սոցիալական խնդիրներ և  գործազրկության ու աղքատության բարձր մակարդակ։ Նման լայն հայեցողություն տալ իրավապահ մարմիններին, հետևանքների բեռը դնելով միայն  հանրային ծառայող չհանդիսացող աշխատողի վրա, ոչ միայն  արդարացի մոտեցում չէ, այլև հակասոցիալական է»,–ընդգծեց նա։

Երկրորդ խնդրահարույց կետն ըստ Ավետիսյանի,  վերաբերում է աշխատողի վճարովի արձակուրդի իրավունքին։

Նշենք, որ առաջարկվող կարգավորմամբ՝ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման (ժամանակավորապես դադարեցման) ընթացքում չի պահպանվում աշխատողի ամենամյա արձակուրդի իրավունքը:

«Եթե անձն, օրինակ արտակարգ դրությամբ պայմանավորված  գտնվում  է  հարկադիր պարապուրդում, և կստանար իր աշխատավարձի 2/3–ը, ապա այս փոփոխությամբ  նա արձակրուրդ չի ստանա, կամ եթե վեց ամիս անց վերացվի աշխատանքային լիազորությունները կասեցնելու որոշումը, ապա աշխատողը կզրկվի իրեն հասնալեիք 10–օրյա արձակուրդի իրավունքից, ցանկացած դեպքում, սա անարդարացի մոտեցում է»,–ասաց տնտեսագետը։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարարությունը և ՀՀ գլխավոր դատախազությունը օրենքների նախագծերի փաթեթ են մշակել՝ որով առաջարկվում է կասկածյալի կամ մեղադրյալի աշխատանքային լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու դրույթը տարածել ոչ միայն հանրային ծառայողների, այլև առհասարակ պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ՝ առանց սահմանազատում դնելու, թե անձը ներգրավված է հանրային ծառայության մեջ, թե ոչ։ Սա նշանակում է, որ դատախազը կամ վերջինիս համաձայնությամբ նաև քննիչը կարող են կասեցնել նաև կասկածյալ կամ մեղադրյալ հանդիսացող մասնավոր հատվածի ներկայացուցիչների՝ օրինակ բանկի մասնաճյուղի կառավարչի, արտադրամասում կամ սուպերմարկետում ֆինանսատնտեսական գործառույթներ իրականացնող անձի (օրինակ հաշվապահի) և այլ աշխատողների աշխատանքային լիազորությունները։

Տպել
Ամենաշատ