News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Կորոնավիրուսով վարակակիրների թիվը Հայաստանում անցել է 5 հազարից: Վարակվելու 218 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը հասել է 5041-ի: Ապաքինվել է 2164 մարդ, վերջին մեկ օրում՝ 145-ը, մահացացների թիվն ավելացել է 3-ով եւ հասել 64-ի: Եվս 1 քաղաքացի, որի մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել է այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի թիվը 25 է:

Մի քանի օրից կորոնավիրուս ախտորոշմամբ մեր հարյուրավոր քաղաքացիներ, որոնք ունեն թեթեւ կամ չունեն ախտանշաններ՝ մեկուսացման վայրերից կվերադառնան տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվի  հյուրանոցներում կամ հիվանդանոցներում: Այս մասին facebook-ում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Դիմելով պոլիկլինիկաների ու ամբուլատորիաների բուժաշխատողներին՝ նա գրել է, որ մարդկանց տնային հսկողությունն ընկնելու է նրանց  ուսերին, որոնց համար անցկացվելու են հեռավար դասընթացներ։

Առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը պնդում է, որ կորոնավիրուսի վերաբերյալ թվերը ի սկզբանե կեղծվել են։ Նա նշել է, թե ախտանշաններ չունենալու դեպքում քաղաքացին, որն ուզում է ապահովագրել ասենք իր տարեց ծնողներին վարակվելուց, չի կարող թեստով պարզել՝ վարակակի՞ր է, թե ոչ, քանի որ առողջապահության նախարարությունը զրկել է լաբորատորիաներին ինքնուրույն թեստավորել քացաքացիներին եւ միայն ինքն է վիճակագրության աղբյուրը։

Ազգային ժողովի արտահերթ նիստում տուգանքների հարցի  քննարկման ժամանակ քաղաքացիներին հորդորելով դիմակ կրել՝    խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանն անեկդոտ է պատմել:

Մարդիկ տեղեկացված չեն, որ դիմակների բացակայության դեպքում կտուգանվեն, դիմելով արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին դժգոհել է   «Իմ քայլը» դաշինքից Սասուն Միքայելյանը եւ առաջարկել նվազեցնել տուգանքի չափը։

Սոցիալական պետություն լինելով պետությունը պետք է հոգա մարդկանց խնդիրները, ոչ թե դիմակի եւ այլ պարագաների բոլոր խնդիրները թողնի մարդկանց ուսերին, հայտարարել է ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը։ Նրա խոսքով՝  եթե մարդը աշխատանք չունի, ինչ տարբերություն 10 հազար դրամ է տուգանվել, թե 100 հազար։

Ներկայացնելով կառավարության օրենսդրական նախաձեռնությունը՝  արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշել է, որ այն քաղաքացիները, որոնք արտակարգ դրության պահանջները խախտելու, այսինքն դիմակ չկրելու  համար տուգանվել էին 100 հազար դրամով, 10 հազար դրամ տւգանք կվճարեն, բայց   այդ զիջումները չեն վերաբերի մեկուսացման ռեժիմը խախտածներին:

Տուգանվելու են բոլորն անխտիր եւ գանձվելու են գումարները, չասեք, թե  սոցիալապես վատ վիճակում ենք: Եթե վատ վիճակում եք, պահեք կանոնները»,- Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իր եթերը վերնագրել էր «Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ. եւ այդ մեկ մարդը դու՜ ես, եւ այդ մեկ մարդը ես եմ»: Նա նորից կոչ է արել պահպանել պարետատան սահմանած բոլոր կանոնները։

Փաշինյանն անդրադարձել է նաև իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին։ Թեեւ Փաշինյանն անուններ չի տվել, սակայն կարելի է ենթադրել, որ նկատի է ունեցել Սուրբ Աթոռում նախկին դեսպան միքայել Մինասյանի հնչեցրած մեղադրանքներն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը ներգրավված է միջազգային մաֆիոզ բիզնեսների մեջ՝ մասնավորապես ադամանդի և ծխախոտի մասով, նաև այն, որ վարչապետը Վանեցյանի միջոցով գործարք է առաջարկել Միքայել Մինասյանին։ Փաշինյանին բարկացրել է հատկապես հեղափոխական կառավարության աջակիցներից ստացվող հարցերը, թե ինչու իշխանությունները հրապարակավ չեն հերքում այս մեղադրանքները։

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը Հայաստանին 280 մլն դոլար է հատկացրել  կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Ըստ հաղորդագրության՝՝ այդ միջոցները իշխանություններին կապահովեն  ռեսուրսներով` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համավարակի հրատապ մարդկային եւ տնտեսական հետեւանքներին դիմակայելու համար:

Երկրորդ նախագահի եւ մյուսների գործով դատավարությունը հետաձգվել է: Դատավոր Աննա Դանիբեկյանի հայտնել է, որ Իզմիրլյան բուժկենտրոնից տեղեկանք է ստացել, որ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում է եւ չի կարող մասնակցել նիստին: Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 26-ին:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մարտի 1-ին մարդկանց մահվան հարցը չի քննարկվում նույնիսկ անուղղակիորեն եւ այն, ինչ տեղի է  ունենում դատավոր Աննա Դանիբեկյանի ղեկավարության ներքո, դժվար է արդարադատության անվանել, լրագրողներին ասել է   նախկին նախագահի փաստաբան Արամ Վարդեւանյանը: Դատավոր Աննա Դանիբեկյանը նաեւ համառորեն չի վերացնում  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ավագ որդու՝ Սեդրակի հետ հանդիպելու,  Վարդեւանյանի բնորոշմամբ՝  անհեթեթ սահմանափակումը:

ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն ազատվել է աշխատանքից, իր  դիմումի համաձայն՝ մայիսի 13-ից։ Դեռեւս մայիսի 7-ին NEWS.am-ը վկայակոչելով իր աղբյուրները՝ հայտնել էր, որ Աղաջանյանն ազատման դիմում է գրել այն բանից հետո, երբ վարչապետ Փաշինյանի որոշմամբ՝ ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատար  Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից, նշանակվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, մեկ օր անց էլ՝  ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Նշվել էր նաեւ, որ  դրանից հետո ԱԱԾ մի խումբ   պաշտոնյաներ ազատման դիմումներ են գրել։ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել էր այս լուրը եւ վստահեցրել, որ որեւէ մեկն ազատման դիմում չի ներկայացել։

ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ է նշանակվել Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը։ NEWS.am-ին  հայտնել են ԱԱԾ լրատվականից։

Լույս աշխարհ է եկել Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի առաջնեկը։ Ռեւազյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ եւ  գրառում է արել. «Լավագույն պարգեւը մեր կյանքում»։ Հիշեցնենք, որ նա մի քանի ամիս է՝ ինչ գտնվում է Դանիայում, ուր մեկնել էր հղիության վերջին ամիսներն ընտանիքի հետ անցկացնելու նպատակով

Երեկ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ահազանգ էր ստացել Երևանի Դավթաշեն համայնքի բնակիչներից մեկի խորդանոցում հայտնաբերված աղվեսի վերաբերյալ։ Տեսչության աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր ու հայտնաբերել  2 ամսական աղվես։ Կենդանուն տեղափոխել են «Ջրվեժ» արգելոցային համալիրի տարածք եւ բաց թողել վայրի բնություն։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 1.23 դրամով ու կազմել 484.65 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.46 դրամով ու կազմել  530.50 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.32 դրամով ու կազմել 593.21 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով ու հասել 6.70 դրամի։

Մայիսի 20-ին Հայաստանի մարզերում եւ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ:  Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +27+29:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ