News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնացի աստղաֆիզիկոսները գրանցել են տարօրինակ պարբերական ռադիոբռնկումներ, որոնք գալիս են Ծիր Կաթինի կենտրոնական հատվածներից եւ ենթադրաբար առաջանում են գերզանգվածեղ սեւ անցքի իրադարձությունների հորիզոնի շրջակայքում ինչ-որ օբյեկտի կողմից: Այս մասին հայտնել է ALMA միկրոալիքային աստղադիտարանի մամուլի ծառայությունը:

«Մենք վաղուց գիտեինք, որ Sgr A* սեւ անցքը միլիմետրային դիապազոնում բռնկումներ է արտադրում: Այս անգամ մենք այն հետազոտել ենք ALMA-ի միջոցով՝ 10 օր հետեւելով ճառագայթման ինտենսիվության ժամանակ վարիացիաներին: Մենք 2 թրենդ ենք հայտնաբերել՝ 30 րոպե ժամանակահատվածով քվազիպարբերական տատանումներ, ինչպես նաեւ ավելի դանդաղ ֆլուկտուացիա՝ մի քանի ժամ տեւողությամբ»,- ասել է Կեյո համալսարանի աստղաֆիզիկոս Յուհեյ Իվատան, ում խոսքը փոխանցել է աստղադիտարանի մամուլի ծառայությունը:

Տիեզերքի ենթադրաբար բոլոր գալակտիկաների կենտրոնում կան մեկ կամ նույնիսկ մի քանի գերզանգվածեղ սեւ անցքեր: Օրինակ՝ Ծիր Կաթինի միջուկում գտնվում է Sgr A (Աղեղնավոր А) սեւ անցքը, որը մեզնից հեռու է 26 հազար լուսատարի եւ իր զանգվածով Արեգակին գերազանցում է 4 միլիոն անգամ, ինչը մատնացույց են անում այդ օբյեկտի շուրջ աստղերի շարժման արագությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ի տարբերություն այլ մի քանի մերձակա գալակտիկաների գերզանգվածեղ սեւ անցքերի, որոնք մշտապես ձգում ու կլանում են մատերիան, Sgr A*-ն յուրատեսակ քնած վիճակում է: Դրա պատճառով այն չի արտադրում պլազմայի հզոր արտանետումներ, այսպես կոչված՝ ջեթեր, եւ աննկատ է մնում փաստացի բոլոր հեռադիտակներին, բացի ռադիոալիքային եւ ռենտգենային աստղադիտարաններից:

Իվատան եւ նրա գործընկերները Sgr A*-ի ռադիոալիքային ճառագայթման մեջ հայտնաբերել են չափազանց անսովոր վարիացիաներ, որոնք վկայում են սեւ անցքի իրադարձությունների հորիզոնի ծայր եզրում անհայտ բնույթի օբյեկտի առկայության մասին՝ դրան հետեւելով Ատակամա անապատի չիլիական հատվածում տեղադրված ALMA միկրոալիքային աստղադիտակի միջոցով:

Այս երկարատեւ չափումներն անսպասելի ցույց են տվել, որ Ծիր Կաթինի կենտրոնում գերզանգվածեղ սեւ անցքն արտադրում է միանգամից մի քանի տեսակի պարբերական ռադիոազդանշաններ 217-230 գիգահերց հաճախությամբ: Դրանց պարբերականությունը վերլուծելով՝ աստղագետները եկել են այն եզրակացության, որ այդ բռնկումների աղբյուրը գտնվում է սեւ անցքի իրադարձությունների հորիզոնի ծայր եզրում՝ «չվերադառնալու գծում», որտեղ նրա ձգողականությունը դառնում է այնքան ուժգին, որ այնտեղից չի կարող փախչել անգամ լույսը:

Իվատայի եւ նրա գործընկերների ընթացիկ հաշվարկներով՝ այս ազդանշաններից մեկի աղբյուրը այդ անտեսանելի սահմանից գտնվում է շուրջ 0,2 աստղագիտական միավոր հեռավորությամբ: Երկիրն, օրինակ, Արեգակից հեռու է 1 աստղագիտական միավորով, իսկ Մերկուրին՝ 0,38: Գիտնականներն առայժմ չգիտեն, թե այն իրենից ինչ է ներկայացնում, սակայն ենթադրում են, որ համանման ազդանշաններ կարող են առաջացնել որոշ էկզոտիկ պրոցեսներ կուտակումների սկավառակի՝ սեւ անցքը շրջապատող շիկացած փոշու եւ գազի «օղաբլիթի» մերձակա եզրում:

Նման ազդանշաններ, մասնավորապես, կարող են առաջացնել կուտակումների սկավառակի մեջ առանձնապես տաք կետերը, որոնք արտադրում են միկրոալիքային ճառագայթման փնջեր: Ըստ Էյնշթեյնի հարաբերականության տեսության կանխատեսումների՝ այս ալիքները կտրուկ կուժեղանան այն դեպքում, եթե դրանց աղբյուրը շարժվում է դիտորդի ուղղությամբ, եւ կթուլանան հեռանալու դեպքում:

Իվատայի եւ նրա գործընկերների կարծիքով՝ համանման ազդանշանները կարող են խափանումներ առաջացնել, որոնք ALMA-ի եւ աշխարհի այլ հզորագույն ռադիոհեռադիտակների հզորությունը իր մեջ միավորող Event Horizon Telescope նախագծի մասնակիցներին թույլ չեն տա կատարել Sgr A* եւ դրա մոտակա շրջակայքի լուսանկարներ: Աստղաֆիզիկոսները կարծում են, որ դրանց հետագա հետազոտությունը կօգնի հասկանալ, թե ինչպես է հնարավոր լուծել այս խնդիրը եւ ստանալ Ծիր Կաթինի ամենածանր օբյեկտի «ստվերի» առաջին լուսանկարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ