News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Կապանի ոստիկանություն բերման ենթարկված, ապա ձերբակալվածների հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել նրանց։ Արդեն մի քանի ժամ ոստիկանության դիմաց կանգնած քաջարանցիներին ասել են, որ տեսակցություն չի կարող լինել, իսկ հարազատները տեղեկություններ ունեն, որ նրանց ոստիկանությունում բռնության են ենթարկել՝ փորձելով այդ կերպ ցուցմունք կորզել Քաջարանի քաղաքապետի դեմ։ Նրանց կասկածները հիմնված են նաև այն փաստի վրա, որ քաղաքացիներից մեկը, որին սխալմամբ են բերման ենթարկել, ապա ազատ արձակել, բռնության են ենթարկել ոստիկանությունում։

Հարազատները պատմեցին, որ երիտասարդներին տարել են առանց պատշաճ ծանուցման, բերման են ենթարկել քաղաքի տարբեր վայրերից, ենթարկելիս նույնպես բռնության են ենթարկել։

«Գիշերը 4–ին զանգեցին տղայիս։ Ժամը հինգին դուրս եկավ, դրանից հետո նրան չեմ տեսել։ Ուրիշներից եմ հետո իմացել կատարվածի մասին։ Երկու ոստիկան եկել էին մեր տուն, տղայիս էին հարցնում, ասացին՝ նրա ընկերներն են»,– պատմեց ձերբակալվածներից մեկի մայրը։

Հարազատները պահանջում են, որ իրենց մոտ գա Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ու բացատրություն տա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կապանում մայիսի 24–ին լարված իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանության շենքի դիմաց հավաքվել են բազմաթիվ քաջարանցիներ, որոնք պահանջում են Երևան չտեղափոխել և ազատ արձակել ոստիկանություն բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։ Ըստ շենքի առջև հավաքված հարազատների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ոստիկանությունում ծեծի են ենթարկել։ Ոստիկանությունը հերքում է բռնություն գործադրելու մասին տեղեկությունները։ Նշենք, որ բերման ենթարկվածները երեքն են, մի հոգու՝ Նվեր Խաչատրյանին, սխալմամբ են բերման ենթարկել, ապա ազատ արձակել։ Նրա մարմնի վրա բռնության հետքեր կան։ Հավաքվածները պահանջում են, որ կալանավորվածներին չտեղափոխեն մայրաքաղաք և քննությունն իրականացվի Սյունիքում, քանի որ մտավախություն ունեն, որ այնտեղ ավելի դաժան ծեծի կենթարկեն։ Նրանք սպառնում են, որ հակառակ դեպքում ճանապարհ կփակեն, կդիմեն ծայրահեղ քայլերի։ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական ճնշումներ են, օրեր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել իր և մերձավորների բնակարաններում, դրան հաջորդել են քաջարանցիների անհիմն ձերբակալությունները՝ բռնության կիրառմամբ:

Տպել
Ամենաշատ