News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Անցած հանգստյան օրերն էլ Հայաստանում հանդարտ չեն անցել: Կիրակի առավոտից լարված դրություն էր Կապանում, որտեղ ոստիկանությունը բերման էր ենթարկել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի 4 մտերիմներին: Հետագայում մեկին բաց էին թողել, պարզաբանելով, թե սխալմամբ են ձերբակալել: Երիտասարդի մարմնին, ինչպես վկայում են հարազատներն ու նրանց տարածած լուսանկարները, եղել են բռնության հետքեր:  Կապանի ոստիկանության շենքի մոտ էին շտապել բազմաթիվ քաջարանցիներ, այնտեղ էր նաեւ Մանվել Փարամազյանը: Իրավիճակն  ավելի է լարվել։ Ձերբակալվածների բորբոքված հարազատների եւ ոստիկանների ընդհարումը կասեցրել է Փարամազյանը։ Չնայած հորդ անձրեւին եւ սոցիալական տարածություն պահպանելու իրավապահների կոչերին, մարդիկ չեն ցրվել: Սպառնալով ճանապարհ փակել, նրանք պահանջել են չտեղափոխել ձերբակալվածներին մայրաքաղաք, քանի որ մտավախություն ունեն, որ այնտեղ նրանց ավելի դաժան ծեծի կենթարկեն։

Փարամազյանը համոզված է, որ վերջին կատարվածն իր դեմ քաղաքական հետապնդում է։ Օրեր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել իր և մերձավորների բնակարաններում, ըստ նրա, որևէ կասկածելի բան չի հայտնաբերել, եւ դրան  հաջորդել են համաքաղաքացիների անհիմն ձերբակալությունները՝ բռնության կիրառմամբ:

Այդ ընթացքում Երեւանից ներքին զորքեր են ուղարկվել Կապան: Մոտ 9 ժամ տեւած ակցիայից հետո քաջարանցիները որոշել են ցրվել, երբ Մանվել Փարամազյանը քննիչի հետ բանակցելուց հետո ասել է, թե իրեն երաշխիքներ են տվել, որ կլինի արդար քննություն եւ որ ձերբակալված երիտասարդները բռնության չեն ենթարկվի:

Այդ պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ինստագրամում իր լուսանկարներն է հրապարակել, թե ինչպես է կեռաս հավաքել ծառից: Նաեւ գրառում է թողել, թե կեռասը հավաքում է աղջիկների ահմար:

Երկուշաբթի քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Քաջարանում տեղի ունեցած՝ անձի առերևույթ առևանգման դեպքի առթիվ: Ըստ այդմ, պարզվել է, որ Քաջարանի  համայնքի ղեկավարի և շուրջ 20 հոգում մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի է ունեցել։ Մասնակիցների եւ բռնության ենթարկվածի անուն-ազգանունների միայն առաջին տառերն են նշվել:

Քաջարանի համայնքապետարանն էլ հայտարարությամբ կոչ է արել,  մեջբերենք՝ «զերծ մնալ անհարկի հայտարարություններից եւ խստորեն պահպանել անմեղության կանխավարկածը՝ որպես բացարձակ իրավունք, իսկ ԶԼՄ-ներին եւ անձանց՛ քրեական գործերի վերաբերյալ սիրողական մակարդակի վերլուծություններից»:

Երեկոյան Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալված երեք անձանցից երկուսը, դատարանի որոշմամբ ազատ են արձակվել։ Դատարանը, քննելով  փաստաբանների բողոքը, ոչ իրավաչափ է ճանաչել նրանց ձերբակալությունները։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 452 նոր դեպք է գրանցվել, մահացել է COVID-19-ով վարակված 12 մարդ, թեեւ նշվում է, որ նրանցից 6-ը մահացել են այլ հիվանդություններից։ Մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 7113 դեպք: Այս պահին բուժվում է 3842 մարդ, Վերջին տվյալներով ապաքինվել է 3145 անձ (վերջին մեկ օրում՝ 81 մարդ): Մահացածների թիվը հասել է 87-ի։

Մահածացները  58-ից 69 տարեկան 4 տղամարդ եւ 85 ու 86 տարեկան 2 կին։ Նրանք  ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Այն մահերի թիվը, երբ պացիենտը կորոնավիրուս է ունեցել, սակայն մահացել է այլ հիվանդությունից՝  39 է:

Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը, Ֆեյսբուքում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, եւ ավելացրել․ ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ»:

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանն իրականացված  46 թեստից  15-ը  դրական արդյունք է ունեցել: «Վարակակիրներից 9-ը հաստատության երեխաներն են, 6-ը՝ աշխատակիցներ: Հիվանդները մեկուսացվել են հենց հաստատության ներսում, որևէ մեկը չի հոսպիտալացվել», - ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

Անվտանգության կանոնները խախտողները դաժանորեն կպատժվեն, նախօրեին ֆեյսբուքյան լայվով հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ պետք է խստագույն հսկողություն սահմանվի  հիմնարկ-ձեռնարկություններում, արդյունաբերական եւ սպասարկման ոլորտի ընկերություններում:  Սպասարկման ոլորտից նա առանձնացրել է բանկերում վարակվելու օրինակը։

Հայկական կողմը ստիպված է եղել ներողություն խնդրել Վրաստանից՝ առողջապահության նախարարի արտահայտության համար։ Արսեն Թորոսյանն ասել էր, թե Վրաստանում կորոնավիրուսով վարակման եւ մահացության ոչ մեծ թիվը կարելի է բացատրել թերություններով՝ հարեւան երկրում թեսթերի անցկացման մեթոդոլոգիայի եւ որակի տեսակետից։ Դրան  հետեւել էր սուր արձագանքը Վրաստանի առողջապահական ոլորտի կողմից։ Նկատենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման   452 դեպք, սկ  Վրաստաինում 1-ը։

«Սթափվեք» կոչի մի քանի կրկնությամբ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարություն է տարածել, ընդգծելով, որ  լռելը հանցագործություն է: «Իշխանությունների դիլետանտիզմն ու անճարությունը մեզ հասցրել են այն սահմանին, որից այն կողմ պետականության կորուստն է։  Ընտրյալները պիտի վեր կենան, գտնեն իրար, ժողովրդին հանեն քնից, ծրագիր ու գործ առաջարկեն», գրել է նա եւ ընդգծել․ «Խնդիրը ապաշնորհների ու անճարակների խմբակը իշխանությունից հեռացնելը չէ: Մեր հասարակության մտածողությունն է գլխիվայր շրջված: Պետք է ոտքի դնել: Պիտի սթափվենք ու գործենք»:

Սա դասական խուլիգանության որակյալ հանցակազմ է՝ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված հանցագործություն։ Այս մասին ասված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության իրավական դիրքորոշման մեջ՝ մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելուց հետո։  Միջադեպն ունենալու է իր իրավական հետեւանքները՝ եթե ոչ այսօրվա իրողություններով, ապա հետագայում, նշված է հայտարարությունում։

Նորից Հատուկ քննչական ծառայություն էհրավիրվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Մինչ ներս մտնելը նա հայտարարել է, որ հրավիրել են Միքայել Մինասյանի հայտարարությունների հետ կապված:  Հռոմում Միքայել Մինասյանին հետ որպես սուրհանդակ հանդիպելու հարցին ի պատասխան  Վանեցյանն ասել է. «Ես գործել եմ բացառապես իմ պաշտոնական լիազորությունների շրջանակում»:

Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը հերթական բանավեճն է ունեցել, այս անգամ «Իմ քայլից»  Նիկոլայ Բաղդասարյանի հետ։ Վերջինը միջամտել է Պետրոսյանի խոսքին, երբ նա ասում էր, որ մարդու արժանապատվությունը  պաշտպանության առաջնային օբյեկտ պետք է լինի, եւ եթե այսօր պետությունը քիչ դատավոր ունի, մի շեղեք ճշմարտությունը եւ եկեք այստեղ ուրիշ բան ասեք:

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ  Մանվել Գրիգորյանը հայց է ներկայացրել Առողջապահության նախարարության դեմ՝ վիճարկելով գերատեսչության  անգործությունն իր  հետագա բուժումը կազմակերպելու որոշում չկայացնելու առումով: Նրա փաստաբանը հայտնել է, որ նախարարությունը երկու անգամ մերժել է պատասխանել իրենց դիմումին, երրորդ անգամ չի պատասխանել։

Լեւոն Բաղդասարյանը հայտնել է նաեւ, որ այդ հարցով դիմել են օմբուդսմենին ու Եվրադատարան:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.76 դրամով ու հասել 483.00 դրամի:  Եվրոյի փոխարժեքն աճել է 1.36 դրամով ու կազմել   526.57 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.46 դրամով ու կազմել է 588.54 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով ու հասել 6.76 դրամի։

Մայիսի 26-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն առաջիկա 4 օրերին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով: Երեւանում եւս  տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +25+27:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ