News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հարազատները հուսով են, որ Եվրոպական դատարանը մայիսի 26-ին վճիռ կկայացնի Հունգարիայի եւ Ադրբեջանի դեմ, հայտնում է The Guardian-ը։

Գուրգեն Մարգարյանը սպանվել է 2004թ․ փետրվարին՝ Բուդապեշտում անգլերենի ուսուցման ՆԱՏՕ-ի ծրագրին մասնակցելու ժամանակ։

Հետագա դատական լսումների ընթացքում ադրբեջանցի սպա-մարդասպանը հաստատել է, որ իր գործողությունների դրդապատճառը եղել է ատելությունը Հայաստանի եւ հայերի հանդեպ՝ երկու երկրների միջեւ պատերազմի պատճառով, նշում է թերթը։

«Թեեւ այդ նողկալի միջադեպը տեղի է ունեցել 16 տարի առաջ, այն մինչ այժմ մնում է իմ հիշողության մեջ»,- նշում է սպա Հայկ Մակուչյանը, որի վրա նույնպես հարձակվել է Սաֆարովը Բուդապեշտում։ Նա եւ Մարգարյանի հարազատները գործով հայցվոր են հանդիսանում ՄԻԵԴ-ում։

Ինչպես նշում է The Guardian-ը, նրանք չեն սպասում ֆինանսական փոխհատուցում ոչ մի կառավարությունից։ «Մենք ձգտում ենք արդարության, այլ ոչ թե փոխհատուցման։ Մեզ համար կարեւոր է, որ ճանաչվեն կոպիտ խախտումները, վերջ դրվի անօրինականությանն ու կանխվի հայերի հանդեպ ատելությունը»,- նշել է Մակուչյանը էլեկտրոնային փոստով գրած իր նամակում։

Նազելի Վարդանյանը՝ հայցվորների փաստաբանը, նույնպես նշել է, որ Մարգարյանի ընտանիքը չի ուզում ֆինանսկան փոխհատուցում։ «Նրանք արդարություն են ուզում»,- ասել է նա։

Ինչպես նշում է թերթը, «տասնյակ հազարավոր մարդիկ են սպանվել 1990-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմում։ Կրակի դադարեցման որոշումը համաձայնեցված էր, սակայն այս շրջանում դեռեւս պարբերաբար տեղի են ունենում ռազմական գործողություններ։ Այն ժամանակվանից երկու երկրների միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ եւ որեւէ զբոսաշրջային կապեր»։

Ըստ թերթի՝ «2004 թվականի սպանությունը ավելի է սրել լարվածությունը»։

2012թ․ օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել են Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում է շնորհվել, բարձրացրել են նրա կոչումը եւ նվերներ են տվել՝ տուն եւ 8 տարվա փոխհատուցում։

«Ադրբեջանի ամոթալի արարքը սպառնալիքի տակ է դնում ողջ Հարավային Կովկասի անվտանգությունը»,- Սաֆարովի ազատ արձակվելուց հետո նշել է այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը։

«Հանցագործից հերոս սարքելն անթույլատրելի է»,- հավելել է նա։

Վարդանյանի խոսքերով՝ «մենք կուզեինք, որ դատարանը վճռեր, որ նրան հետ վերադարձնեին Հունգարիա կամ երրորդ երկիր, որպեսզի պատժի կրումն ավարտվեր, քանի որ Ադրբեջանում նրան հերոս են համարում»։

Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի տնօրեն Ֆիլիպ Լիչը , որը նույնպես ներկայացնում է հայցվորներին, նշել է, որ գործն ընդգրկում է նոր իրավական տարածք, եւ դատարանի որոշումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ կալանավորների հոտագա փոխանցման համար։

«Ամբողջ աշխարհում բավական հաճախ մարդիկ ներման կամ համաներման են ենթարկվել քաղաքական պատճառներով, սակայն երբ պետությունը համաներում կամ ներում է շնորհում, դա հաճախ խախտում է մարդու իրավունքների ոլորտում նրանց պարտավորությունները»,- նշել է նա։

Հունգարիայի օմբուդսմենի 2012թ․ զեկույցում նշվում է, որ Հունգարիան չի խախտել որեւէ միջազգային նորմ, սակայն, այնուամենայնիվ հետեւություն է արվում, որ հունգարական կառավարությունը «ոչ բավարար զգույշ է եղել, երբ որեւէ երաշխիք չի պահանջել Ադրբեջանից»։

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը այցելել է Բաքու։

«Ինչ վեչաբերում է Հունգարիային, ապա ես հակասական զգացումներ ունեմ՝ երախտագիտություն Հունգարիայի դատական իշխանության հանդեպ, որը բավական ուժեղ էր արդարադատության իրականացման մեջ․․․ եւ հիասթափություն՝ կապված մարդասպանի արտահանձնման հետ՝  ի հեճուկս դատական որոշումների եւ անպատժելիության մշտական ռիսկի»,- նշել է Մակուչյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ