News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 08
USD
485.12
EUR
546.92
RUB
6.72
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

60 տարի Մատենադարանում աշխատած եւ «Միջնադարյան սկզբնաղբյուրների ուսումնասիրման» բաժինը ղեկավարած Էդվարդ Բաղդասարյանն այսօր կդառնար 87 տարեկան: Մատենադարանի ամենատարեց գիտաշխատողը մինչեւ իր կյանքի վերջ աշխատում էր սիրով. եթե մի բան անում ես, պետք է սիրով անես՝ ասում էր նա։

Էդվարդ Բաղդասարյանի մասին NEWS.am-ին հուշեր է պատմել նրա քրոջ որդին` Լեւոն Բաղդասարյանը, ում մոր մահից հետո  պահել եւ մեծացրել է քեռին:

«Էդվարդ Միքայելի Բաղդասարյանը գիտնական էր, պատմական գիտություների պրոֆեսոր, աշխատում էր Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և ամենատարեց գիտաշխատողներից և հիմնադիրներից մեկն էր։ Նա ունեցավ մեծ ներդրում Մատենադարանի հայ միջնադարյան պատմության հետազոտությունների, ինչպես նաեւ կազմակերպչական և հասարակական բնագավառներում ծավալած գործերում։ Քեռիս ինձ համար առաջին հերթին հայր էր և մայր, դաստիարակ էր եւ խնամակալ, ընկեր էր և խորհրդատու: Մայրիկիս մահից հետո ճակատագիրն ինձ տեղափոխեց պապիկ-տատիկիս տուն, որտեղ բնակվում էր նաև քեռիս։ Մեր երկհարկանի սեփական տունն ուներ նաև շատ գեղեցիկ մեծ այգի, որտեղ շատ հաճախ էինք հանդիպումներ կազմակերպում, հավաքվում էինք հարազատներով և ընկերներով»,- պատմում է Լեւոնը:

Լեւոնը հիշում է, որ քեռին հաճախ էր կազմակերպում ուղեւորություններ Մատենադարանի աշխատակիցներով և հաճախ Լևոնին նույնպես ընդգրկում էր խմբի մեջ։ «Ինը տարեկանից ես սկսեցի հաճախ շփվել Մատենադարանի աշխատակազմի հետ։ Այցելել ենք տարբեր տեսարժան վայրեր՝ Հաղպատ, Սաղմոսավանք, Օհանավանք, Ծիլավանք, Նորավանք, Խոսրովի անտառային արգելանոց եւ այլուր։ Այս բոլորը նախ ինձ մոտ թողեցին անմոռանալի հիշողություններ եւ, ինչ խոսք, այդ տարիքում մեծ ազդեցություն թողեցին իմ զարգացման և վարքագծի կերտման գործում»,- պատմում է նա։

Նա հիշում է, որ Էդվարդ Բաղդասարյանը որոշ ժամանակ հետաքրրքվել է քաղաքականությամբ. Լևոն Տեր–Պետրոսյանի համակիրներից է եղել, հետո հիասթափվել է քաղաքականությունից. «Նա սիրում էր ասել` իշխանություն վերցնելը մի քայլ է, իսկ իշխանությունն պահելը` մեկ այլ քայլ: Նա ասում էր, որ իշխանությունը պահելու երկու ճանապարհ գոյություն ունի` մեկն այն է, որ ժողովուրդը  հավատում է երկրի ղեկավարին ու իշխանության առաջնորդին պահում է հենց ժողովուրդը։ Երկրորդ ճանապարհն էլ այն է, որ ինքդ պիտի պայքարես հակառակորդների դեմ ու պահես քո իշխանությունը։ Քեռիս միշտ կողմ էր առաջին տարբերակին եւ ասում էր՝ եթե առաջին տարբերակը հնարավոր չէ ստեղծել, ապա պետք չէ նաև իշխանություն վերցնել, այն շատ-շատ մեծ պատասխանատվություն է»։

Նշենք, որ Էդվարդ Բաղդասարյանի գիտական գործունեությունը վերաբերում է Երվանդ Երզնկացու, Գեւորգ Սկեւռացու եւ Ներսես Շնորհալու բնագրերին։ Դրանք կարեւոր ու շատ արժեքավոր նյութեր են հայ միջնադարյան սկզբնաղբյուրների ուսումնասիրման բնագավառում։

Տպել
Ամենաշատ