News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2021 թվականից Հայաստանում կսկսի գործել նոր պարեկային ծառայություն: Այս մասին այսօր ԱԺ նիստում «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկումների ընթացքում հայտարարեց արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը հավանություն է տվել ոստիկանությունում բարեփոխումներին:

«Դա 2020-2022 թթ. Բարեփոխումների ծրագրի շրջանակում առաջին փաթեթն է, որը ապրիլի 22-ին հավանություն է ստացել կառավարության կողմից: Այն ենթադրում է պարեկային ծառայության ստեղծում: Այդ փաթեթը միակը չի լինի»,-ասաց Գրիգորյանը:

Նոր պարեկային ծառայությունը կտարբերվի Ճանապարհային ոստիկանությունից եւ պարեկապահակային ծառայությունից: Նոր ծառայությունում կարող են ընդունվել 18-35 տարեկան քաղաքացիներ: Բարձրագույն կրթության առկայությունը պարտադիր չէ: «Ներկայացված օրինագիծը կարգավորում է ծառայության ստեղծման իրավական հիմքերը, սահմանում է աշխատակիցների պաշտոնները, պահանջները եւ այլն»,-նկատեց փոխնախարարը:

Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության եւ նրանց 5 ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում: Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երեւանում մինչեւ 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետեւ ամբողջ հանրապետությունում՝ մինչեւ 2022 թվականի առաջին եռամսյակը:     

Ծառայության գործարկումը տեղի կունենա աստիճանաբար: Օրինակ՝ Երեւանում նախ կաշխատեն 700 աշխատակիցներ, սակայն նրանց թիվը կարող է աճել:

Նոր ծառայության աշխատակիցները կստանան նոր համազգեստ, զենքեր եւ պարեկային ավտոմեքենաներ:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ