News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հազարավոր երեխաներ այսօր սպասում են մանկապարտեզի հերթում եւ վիրավորական է դա որակել որպես տեխնիկական մանրուք: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիստում իր ելույթում նշեց «Իմ քայլը» անդամ Աննա Ջավախյանը՝ ԵԿՄ-ին անհատույց տարածքներ հատկացնելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ:

Նշենք, որ խոսքը 8 տարածքների մասին է, որոնցից 4-ը մանկապարտեզների տարածքում են: Ավագանու նիստում հնչեցին բազմաթիվ պաթոսային ելույթներ, որ չի կարելի անգամ հարցը քննարկել, պետք է պարզապես այդ տարածքները տալ ԵԿՄ-ին:

«Ես թվերով կխոսեմ, այսօր Երեւան քաղաքում մանկապարտեզ հաճախում է 30649 երեխա: Երկու տարեկանը լրացած 9317 երեխա սպասում է հերթի մեջ: Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ ներկայիս առկա տարածքներով այս հերթի հարցը մենք երբեւէ չենք լուծելու, իսկ այս երեխաները մեծանում են: Նրանք անշունչ առարկաներ չեն, որ պատի տակ կանգնեն սպասեն, թե երբ է մանկապարտեզը տեղ ունենալու, որ իրենք ստանան նախադպրոցական կրթությունը: Այսօր մենք մեր հույսը կապում ենք նրա հետ, որ ծնողը գումար կունենա եւ երեխային կտանի մասնավոր մանկապարտեզ: Իսկ այն ծնողը, որ գումար չունի, որեւէ մեկը կմտածի՞ այդ ծնողի մասին: Եվ ինձ համար շատ վիրավորական է այս երեխաներին որպես տեխնիկական մանրուք որակելը:

6845 երեխայի 3 տարեկանն արդեն լրացել է եւ նրանք չեն կարողանում հաճախել մանկապարտեզ, եւ այդ երեխայի ծնողը չի կարող հաճախել աշխատանքի: Այդ ընտանիքներից շատերին դատապարտում ենք ղքատության, որովհետեւ հնարավորություն չենք տալիս երեխային ուղարկել մանկապարտեզ ու գնալ աշխատելու:

Էրեբունի վարչական շրջանն ունի 126 հազարից ավելի բնակչություն եւ այնտեղ ունենք ընդամենը 13 մանկապարտեզ: Այդ հերթի մեջ սպասում է 1143 երեխա: Նույնքան բնակչություն ունեցող Կենտրոն վարչական շրջանում ունենք 21 մանկապարտեզ: Իսկ հերթի մեջ սպասում է 878 երեխա: Սա նշանակում է, որ Էրեբունի վարչական շրջանի հերթում սպասող երեխաների կեսը թող մոռանան, որ մանկապարտեզի երես են տեսնելու: Մենք երեւէ չենք կարող լուծել այդ երեխաների հարցը, եթե մենք այսօր գործող մանկապարտեզների 402 քմ տարածք տալիս ենք որեւէ կազմակերպության:

Հիմա ես չեմ պատկերացնում, թե ինչ խղճով պետք է այդ ծնողներին ասեմ՝ կներեք, եւս 5 տարով ձեր երեխան այդ հնարավորությունը չի ունենալու, իսկ 5 տարի հետո այդ երեխաներն արդեն դպրոցական են լինելու»,-ընդգծեց «Իմ քայլի» անդամը:

Նա հիշեցրեց, որ սրանք այն տարածքներն են, որոնք նախորդ իշխանությունների կողմից խլվել են երեխաներից:

Տպել
Ամենաշատ