News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 09
USD
485.74
EUR
547.57
RUB
6.82
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետարանի Կանաչապատման ՀՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արա Աղայանը կադրային ջարդ է սկսել: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիստում իր ելույթում նշեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

«Նոր տնօրենը անձամբ քաղաքապետի ընտրությամբ է եղել, որովհետեւ մրցույթում երկու հոգի է հաղթել, եւ մենք օրեր առաջվանից ենք իմացել, որ քաղաքապետի սիրելի խորհրդական Կարեն Համբարձումյանի մտերիմներից է, որ նա է անցնելու: Հասկանալի էր, որ քաղաքապետն ընտրելու էր պարոն Արա Աղայանին:

Երեկվա ցույցից հետո ես ստացա տեղեկություն, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կանաչապատման բաժնի պետը հրահանգավորվել է, որ դիմում գրի եւ հեռանա: Նա հրաժարվել է եւ այսօր վարչական շրջանի ղեկավարն ու Կանաչապատման հիմնարկի տնօրենը ուղղակի գույքով դուրս են հանել նրան շնքից: Եթե սա ամենաթողություն չի, ապա ինչ է: Երբ մարդիկ երկար տարիներ աշխատել են, մեկ էլ հոպ, եկել է կինոյի տղան ու բոլորին դուրս է հանում»,-ասաց նա:

Սրան անդրադարձավ ՀՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արա Աղայանը՝ նշելով. «Այս պահին մեզ մոտ աշխատում է 760 աշխատակից: Վերջին մեկ ամսվա ընթացքում, իմ պաշտոնավարման պահից հրամանագրվել է 120 նոր աշխատակից: Այդ ընթացքում աշխատանքից ազատվել է մոտ 18 անձ՝ իրենց դիմումի համաձայն: Եվս 50 հոգու ընդունել ենք փորձաշրջանով, որոնցից միայն երեքի դեպքում է, որ խզել ենք աշխատանքային հարաբերությունները: Երկու հոգի էլ իրենք են դիմում ներկայացրել եւ մասնակցել երեկվա միջոցառմանը»:

Ինչ վերաբերում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կանաչապատման բաժնի պետի հետ կապված պատմությանը, վարչական շրջանի ղեկավարը մի զաբվեշտալի դեպք պատմեց. «Շրջայցի ժամանակ տեսանք, որ Մոնումենտի այգուց բարձր երաժշտության ձայն է լսվում: Պարզվեց, Մոնումենտի այգում խորոված են անում եւ բարձր ռաբիս երաժշտություն է լսվում: Մոտենում եմ, տեսնում եմ խորովածի կողքն էլ խաշլամա է դրված: Ասում եմ, շրջապատեք, որ ոչ ոք չփախչի, մոտենալով տեսնում եմ, որ մեր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կանաչապատման բաժնի պետը մեքենայով մտել է Մոնումենտի այգի, որն արգելված է, թքած ունենալով պարետի որոշման վրա, աշխատակիցներով քեֆ են անում: Իսկ դրա հաջորդ օրը Մոնումենտում հրդեհ բռնկվեց»,-ասաց նա:

Այդ ընթացքում քաղաքակպետ հայկ Մարությանը չէր կարողանում զսպել ծիծաղ, ապա դիմեց Թեհմինա Վարդանյանին. «Հիմա, տիկին Վարդանյան ջան, եթե մարդը գնացել քեֆ ա արել, վառել ա այգին, դա նորմա՞լ ա, որ շարունակի աշխատել»:

Տպել