News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ջունգլիների գազանների չա՞փ էլ չկանք։ Ankakh.com-ի հետ զրույցում ասել է կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը․

«Երբ ջունգլիներում երաշտ է, գազանները ժամանակավորապես դադարում են իրար վրա հարձակվել: Եվ եթե մի տեղ ջուր խմելու հնարավորություն կա, զոհն ու գիշատիչը մոտենում են այդ ջրին ու խաղաղ խմում՝ առանց իրար վրա հարձակվելու»:

Ճգնաժամը, կառավարման փորձագետի խոսքով, միշտ պահանջում է հատուկ միջոցառումներ, որովհետև ճգնաժամի ժամանակ, ի տարբերություն սովորական վիճակի, ստանդարտ մեթոդները չեն աշխատում:

«Դա ճգնաժամի առանձնահատկություններից է: Հետևաբար ճգնաժամի ժամանակ շարունակել աշխատել նույն մեթոդներով ու գնալ նույն ճանապարհով, նշանակում է պետությունը տանել փլուզման: Ես հետևյալ առաջարկն էի արել. նախևառաջ  Հայաստանի  և Արցախի Հանրապետությունների բոլոր նախագահներն ու վարչապետները կամավոր հիմունքերով ստեղծում են Հակաճգնաժամային խորհուրդ, ընդ որում առանց  բացառության, ինչից հետո այդ խորհուրդն իրականացնում է հետևյալ 4 գործառույթները.

3 օրվա ընթացքում ընդունում է համատեղ ուղերձ ողջ հայությանը:

5 օրվա ընթացքում որոշում է 1991 թվականից առ այսօր ՀՀ և ԱՀ լավագույն նախարարներին` փաստացի որոշելով պրոֆեսիոնալ կառավարության կառուցվածքը և կազմը:

10 օրվա ընթացքում ընդունում է ՀՀ և ԱՀ հանգուցային հակաճգնաժամային միջոցառումների հայեցակարգ:

14 օրվա ընթացքում Հայաստանում և Արցախում հայտարարում է ռոբաստ («robust») կառավարման մեկնարկի մասին՝ նշանակելով դրա համակարգողին:

Ռոբաստ («Robust») կառավարումը ճգնաժամի ժամանակ ամենաարդյունավետ կառավարման ձևն է աշխարհում, որը մշակել է անգլոսաքսոնական կառավարման դպրոցը  20-րդ դարի կեսերին: Օրինակ, Չինաստանը կորոնավիրուսի ժամանակ դրա տարրերը կիրառեց Ուհան քաղաքում, և բոլորս տեսանք, թե ինչպես խնդիրը բավականին արագ բռի մեջ վերցվեց ու լուծվեց: Փաստացի այսօր 1,4 միլիարդանոց Չինաստանում ավելի քիչ են վարակվում, քան 3 միլիոնանոց Հայաստանում»:

Ինչպե՞ս է պատկերացնում ծրագրի  իրականացումը, երբ «իշխանությունը չի գիտակցում և չի էլ ուզում ընդունել, որ կառավարման իմաստով լուրջ խնդրի առաջ է կանգնած»՝ հարցին, Հարություն Մեսրոբյանը պատասխանել է, որ խնդրի առաջ կանգնած ենք բոլորս` և' իշխանությունը, և' ընդդիմությունը, և' ժողովուրդը:

«Իսկ մենք հերթական անգամ դա չգիտակցելով, մեր սովորության համաձայն, ամպագոռգոռ հայտարարությունների ներքո կարող ենք փլուզել պետությունը: Դա նույնն է, որ հիվանդը գնա վիրաբույժի մոտ, միակ բուժումը լինի վիրահատությունը, բայց հիվանդը հրաժարվի վիրահատությունից: Ի՞նչ կլինի դրա հետևանքով: Մահ: Կառավարման օրենքներն ամեն տեղ նույնն են՝ թե՛ բժշկության մեջ, թե՛ պետական կառավարման մեջ, թե՛ բիզնեսում, թե՛ համայնքում, թե՛ անգամ ընտանիքում», ասել է նա:

Հ․Մեսրոբյանի խոսքով ՝ պարետատունն ընդամենը բուն համավարակը տեղայնացնելու նպատակով ստեղծված, տեխնիկատեխնոլոգիական հակաճգնաժամային քայլեր կատարող մարմին է․

«Դա է այդ մարմնի տրամաբանությունը և ոչ ավելին: Պարետատունը չունի այն գործառույթները, ինչ հակաճգնաժամային խորհուրդը և կառավարությունը: Ի դեպ, պարետատան ճիշտ աշխատելու մեխանիզմի մասին նույնպես մոտ երկու ամիս առաջ խոսել եմ և հրապարակավ առաջարկություններ արել: Թող կարդան և անեն»:

Վրաստանի հաջողությունները համավարակի դեմ պայքարում կասկածի տակ դնող  Արսեն Թորոսյանի քայլը, Հարություն Մեսրոբյանի խոսքով, վկայում է, որ չկա համակարգված կառավարում, և ով ինչ ուզում, խոսում է, դրա համար էլ այսպիսի վիճակ է:

«Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանն ընդամենը երկու ճանապարհ ունի. դեպի Վրաստան և դեպի Իրան: Այդ երկու ուղղությամբ էլ պետք է չափից դուրս հաշվենկատ ու զգույշ լինել: Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանի հաջողություններին, միայն կարող եմ ասել, որ մենք մեր խնդիրը պետք է լուծենք, ոչ թե քննարկենք՝ ուրիշները լավ են անում, թե վատ: Դա մեզ ի՞նչ է տալիս, ոչինչ: Սա ևս վկայում է, որ մենք 1991 թվականից մինչ օրս չունենք պրոֆեսիոնալ կառավարող թիմ: Ուղղակի հիմա խնդիրն է՛լ ավելի է սրվել, քանի որ մենք գտնվում ենք, այսպես կոչված, «կատարյալ փոթորկի» մեջ», ասել է կառավարման փորձագետը եւ պարզաբանել, որ կառավարման մեջ «կատարյալ փոթորիկ» է կոչվում այն իրավիճակը, երբ նույն վայրում միաժամանակ կուտակվում են մի քանի ճգնաժամեր:

«Հիմա մենք այդ վիճակում ենք՝ կորոնավիրուսային ճգնաժամ, գերտերությունների միջև հակասությունների սրացման ճգնաժամ մեր տարածաշրջանում, մեր երկրի պետական կառավարման ճգնաժամ, էներգակիրների համաշխարհային ճգնաժամ, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա ճգնաժամ և այլն»:

Իր հասցեին մեղադրանքները չհերքելու եւ քննադատություններին ականջալուր չլինելու՝ Նիկոլ Փաշինյանի պահվածքի վերաբերյալ հարցին ի պատասխան Հարություն Մեսրոբյանն ասել է, որ ցանկացած պետական այր, մարդ, որը զբաղեցնում է տեսանելի պաշտոն, պետք է պատրաստ լինի ամենաուշադիր դիտարկման, քննադատությունների և մեղադրանքների:

«Եթե քննադատությունը, դիտարկումը կամ մեղադրանքը տեղին չէ, հերյուրանք է, ապա իշխանություններն ունեն կառավարչական բոլոր ռեսուրսները փաստարկված ձևով հերքելու այդ ամենը, որպեսզի մարդկանց մոտ վստահությունը չսասանվի: Իսկ նման արձագանքը, որը մենք տեսնում ենք, բումերանգի պես խփելու է հենց իշխանությանը: Դա արդեն իրենց խնդիրն է, թող մտածեն: Եվ սա ոչ թե իմ անձնական կարծիքն է, այլ պետական կառավարման կանոններից մեկը: Նման վերաբերմունքը պետական այրերի համար ունի կոմուլյատիվ, այսինքն կուտակային բնույթ: Այս ամենը կուտակվում է, և մի օր իշխանությունը կտեսնի, որ այլևս ոչ մի հենարան չունի»:

Կառավարման փորձագետի խոսքով՝ իշխանությունները գրեթե ամեն օր մանր, միջին ու մեծ սխալներ են անում, և այդ ամենը կուտակվում է․

«Պրոցեսը երկու ուղղությամբ է գնում՝ մի կողմից դա հատված առ հատված հորիզոնական տարածվում է հասարակության տարբեր զանգվածների վրա, մյուսը գնում է ուղղահայաց, ավելի խորքային ուղղությամբ, այն մարդկանց ուղղությամբ, որոնք ժամանակին ներկա իշխանության հենարանն էին և հիմա կամաց-կամաց հիասթափվում են: Նույնը եղել է մեր բոլոր նախորդ ղեկավարների հետ: Հիշում եք, Լևոն Տեր-Պետրոսյանը 80 տոկոս և ավելի ձայնով դարձավ նախագահ, հետո թվում էր, որ մարսեց 1996-ի ճգնաժամը, բայց 1998 թվականին գրեթե ոչ ոք այլևս նրա կողքին չէր, և նրա իշխանությունը չդիմացավ ու հեռացավ: 2018-ին էլ նույն էֆեկտը եղավ: Այսինքն, կոմուլյատիվ օրենքը միշտ աշխատում է, և անպայման գալիս է մի պահ, երբ իշխանությունն ինչ-որ կերպ փլվում է: Պետական նման կառավարման պայմաններում ներկա իշխանությունները նույնպես բացառություն չեն լինելու այն պարզ պատճառով, որ կառավարումը հիմնված է կյանքի օրենքների վրա, որոնք անփոփոխ են»:

Արամ Մանուկյանի արձանի մոտ հուշատախտակ չտեղադրելու եւ Գանդիի արձանը տեղադրելու մասին Երեւանի ավագանու  որոշումն, ըստ  Հ․Մեսրոբյանի, հերթական անգամ ապացուցեց, որ «մենք պետական մտածելակերպ չունենք»:

«Չէ՞ որ Արամ Մանուկյանը մեր նորագույն պետականության հիմնադիրներից մեկն է, էլ չեմ ասում, որ մեծապես նաև նրա շնորհիվ եղավ Սարդարապատի ճակատամարտը: Մեր երրորդ հանրապետությունը չէր լինի, եթե չլիներ առաջին հանրապետությունը: Հետևաբար մեր իշխանությունների կողմից Արամ Մանուկյանի նկատմամբ անարժան վերաբերմունքն անընդունելի ու հակապետական եմ համարում և գտնում եմ, որ նման որոշում կայացնող, անգամ միջին տրամաչափի չինովնիկներն օր առաջ պետք է հրաժարական տան և, ընդհանրապես, այսուհետ նրանց գոյությունը պետական կառավարման համակարգի բոլոր մակարդակներում պետք է բացառել: Ի դեպ, չմոռանանք, որ մոտենում է մայիսի 28-ը, և շատ խորհրդանշանակ կլիներ այդ օրը Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ բացել նրա կենսագրական տվյալներով ցուցանակը»:

Նորից անդրադառնալով հակաճգնաժամային միջոցառումներին, Հարություն Մեսրոբյանը նշել է, որ նախ և' Հակաճգնաժամային խորհուրդը, և' Հակաճգնաժամային կառավարությունն ամբոջականացնում են հակաճգնաժամային պետական կառավարումը:

«Ճգնաժամի ժամանակ չպետք է լինի ո՛չ դիմություն, ո՛չ ընդդիմություն: Եթե պետությունը փլուզվի, վտանգվելու է և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, և՛ ժողովուրդը: Մենք այնպիսի հարևաններ ուենք, որ օր առաջ կօգտագործեն այդ հնարավորությունը մեզ ոչնչացնելու համար: Այսօր բոլոր գործիչները գոնե ժամանակավորապես պետք է մի կողմ դնեն իրենց շահերն ու հավակնությունները և հասկանան, որ եթե այս «կատարյալ փոթորիկը» գնա վատագույն սցենարով, մենք բոլորս ուղղակի վերանալու վտանգի առաջ ենք կանգնելու: Երբ ջունգլիներում երաշտ է լինում, գազանները ժամանակավորապես դադարում են իրար վրա հարձակվել: Եվ եթե մի տեղ ջուր խմելու հնարավորություն կա, զոհն ու գիշատիչը մոտենում են այդ ջրին ու խմում՝ առանց իրար վրա հարձակվելու: Մենք ջունգլիների գազանների չա՞փ էլ չկանք: Եթե մենք՝ որպես ժողովուրդ, ունենայինք պետականամետ մտածելակերպ, ինչը, ցավոք, չունենք, ապա կպարտադրեինք բոլոր ուժերին այս իրավիճակում նստել կլոր սեղանի շուրջ: Մեր խնդիրը ոչ այնքան օրվա իշխանություններն ու օրվա ընդդիմադիրներն են, այլ մենք ենք՝ որպես ամբողջականություն»:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ