News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրինությունը տեղեկացնում է, որ ի կատարումն ՀՀ կառավարության 2020թ. հունվարի 30-ին ընդունած N 77-Ա որոշման, մայիսի 20-ից «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության:

Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դա  միանշանակ դրական է ազդելու կենտրոնի հետագա գործունեության, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ խորհրդատվության, հետազոտության, կանխարգելման, մոնիտորինգի, գնահատման և բուժման կազմակերպման նոր մեխանիզմների կիրառման, մասնագետների վերապատրաստման, ֆինանսական միջոցների ծախսարդյունավետության, միջազգային գործընկերների և ՀԿ-ների հետ բազմաոլորտ և բազմասեկտորային համագործակցության վրա:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հաջողությունները բազմաթիվ են և ակնառու։ ՄԻԱՎ վարակին հակազդման 30 տարիների ընթացքում ՀՀ-ում ստեղծվել է ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական հսկողության բոլոր անհրաժեշտ բաղադրիչները ներառող արդյունավետ համակարգ, որի պատասխանատուն և իրականացնողը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն է: Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ գործադրված հսկայական ջանքերի շնորհիվ ՄԻԱՎ վարակի բուժման ներդրումից ի վեր դրա տրամադրման ընդհատումներ չեն եղել:

ՄԻԱՎ վարակի բուժման անվճար տրամադրվող ծառայություններն ընդգրկում են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ պարտադիր հետազոտություն, բուժաշխատողների նախաձեռնությամբ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն, այցելուի նախաձեռնությամբ (կամավոր) ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական ընթացիկ և ընտրանքային հետազոտություններ, բուժաշխատողների հետկոնտակտային կանխարգելում, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների սոցիալ-հոգեբանական աջակցություն:

Կենտրոնը վստահաբար շարունակելու է պատվով և բարձր պատասխանատվությամբ իրականացնել պետության և մեր քաղաքացիների առջև, ինչպես նաև տարբեր միջազգային պարտավորություններով ստանձնած իր առաքելությունը: Վստահեցնում ենք, որ կենտրոնի և ԱՆ բարձրակարգ մասնագետների կողմից համատեղ մշակված նոր ռազմավարության և գործող արդյունավետ հաշվետվական համակարգի կատարելագործման, թիրախային խմբերի ճշգրիտ թեստավորման արդյունքում մեր քաղաքացիները կկարողանան 100% ճշտությամբ ախտորոշվել և ստանալ անհրաժեշտ բարձրորակ բուժօգնություն:

Տպել
Ամենաշատ