News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Ռաշն վոյաժ» ընկերության կողմից տրված կեղծ բանկային երաշխիքների գործը ուղարկվել է ազգային անվտանգության ծառայություն եւ որեւէ կասկած չի կարող լինել, որ այն կարժանանա պատշաճ քննության։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին։

««Ռաշն վոյաժ» ընկերության տնօրենը ազգակցական կապ ունի Ղալումյան ընտանիքի հետ, իսկ մենք գիտենք, որ Իջեւանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը ձեր մտերիմն է, քավորը, հետեւաբար, կարծում եմ՝ դուք ուշադրության կարժանացնեիք այս հարցը։

Կա՞ հարուցված քրեական գործ այս փաստի առնչությամբ, թե՞ ոչ»- հարցրել էր պատգամավորը վարչապետին։

Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ գործը բացահայտել է վարչապետի ենթակա մարմին Պետական վերահսկողական ծառայությունը, ապա անդրադարձավ պատգամավորի մատնանշած՝ ազգակցական կապի փաստին։

«Հայաստանը փոքր երկիր է, եթե շատ փորփրենք, հնարավոր է՝ ձեր ընտանիքի հետ էլ կապեր գտնվեն, եւ ես կհանձնարարեմ անպայման էդ հարցը գտնեն։ Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, որոնք կապի կապի կապի կապով իրար հետ կապված չեն։ Ընդհանրապես՝ ժամանակակից գիտությունը մի հետաքրքիր հայտնագործություն է արել, որ յուրաքանչյուր մարդ աշխարհի ցանկացած ուրիշ մարդու հետ չորրորդ մարդու միջոցով ծանոթ է։ Եթե ակնարկում եք, որ կեղծ երաշխիքները կարող են կապ ունենալ իշխանության հետ, սխալ պատկերացում ունեք իշխանության մասին։ Իրավունք ունեք կասկածելու, յուրաքանչյուրն իր մտապատկերի շրջանակում պիտի պատկերացում կազմի կառավարության հնարավոր գործողությունների մասին։ Այս երկրում իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության եւ կասկած չունենաք, որ ձեր քեռու տղան էլ օրենք խախտելու պարագայում կենթարկվի քրեական պատասխանատվության եւ ձեր ընդդիմադիր պատգամավոր լինելը չի փրկի նրան այդպիսի ճակատագրից»,- նշեց նա։

Պատգամավորը նաեւ հարց ուղղեց Իջևանի ճանապարհների շահագործման եւ շինարարական ընկերության վերաբերյալ, որը չարաշահումներ է թույլ տվել՝ նշելով, որ ընկերությունը եւս կապված է Ղալումյանների ընտանիքի հետ։

«Առաջին անգամ եմ լսում, որ էդտեղ ներգրավված որեւէ անձ կապ ունի իմ ընկերոջ հետ, եւ ուրախ եմ, որ առաջին անգամ եմ լսում, դա արտահայտում է էությունը կոռուպցիայի դեմ պայքարի մեր սզբունքների, եւ այդ դեպքը բացահայտել է պետական վերահսկողական ծառայությունը, այդ դեպքը բացահայտել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը»,- պատասխանեց վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ