News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հայաստանում կորոնավիրուսից կամ վարակված, բայց այլ հիվանդությունից մահացածների թիվը  142 է: Անցած մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 373-ով եւ հասել 7774-ի: Փաստացի բուժվում է 4377 մարդ, ապաքինվել է 3255-ը:  Մահացել է 7 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը  98 է: Եվս 5 քաղաքացի, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել է այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 44 է:

Նախօրեին կորոնավիրուսից մահացածներից 5-ը 60-ից 85 տարեկան  կանայք են, 2-ը տղամարդ 56 եւ 76 տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, բացի 56-ամյա տղամարդուց:

Կառավարության նիստում վարչապետը հայտարարել է, թե  գործ ունենք կորոնավիրուսի վարակի երկրորդ ալիքի հետ. մենք գիտենք այն ձեւը, որով կարող ենք կորոնավիրուսի մեր ցուցանիշները հասցնել զրոյականի, ասել է Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը հավելել է, որ կիրականացվեն ամենօրյա ռեյդեր, որպեսզի նաեւ տեղում համոզվեն, թե որքանով են կատարվում պարետատան պահանջները: Նախօրեին նման ռեյդ իրականացվել է Դավիթաշենում, այօրվա ռեյդի վայրը վարչապետը չի բացահայտել:

Վարչապետն ասել է նաեւ, թե երկրում կան հազարավոր վարակակիրներ, որոնք չգիտեն, որ վարակակիր են: Մենք պարտադիր կդարձնենք դիմակ կրելը նույնիսկ տանը, առանց դիմակի մարդը կտուգանվի, ասել է նա:

Չե՞ք կարծում, որ ձեր այս տրամաբանությունը նշանակում է թքել  Սահմանադրության վրա, Ազգային Ժողովում դիմելով  «Ւմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին հարցրել է ԲՀԿ-ից  Նաիրա Զոհրաբյանը։ Հովակիմյանի նախագծով խորհրդարանը չեղարկում է  առաջիկա հանրաքվեն եւ ինքն է լուծում Սահմանադրական դատարանի խնդիրը:  Հովակիմյանն ասել է, թե կյանքը կտա, որպեսզի Զոհրաբյանն իր տեսակետը պնդելու հնարավորություն ունենա, բայց դա չի նշանակում, որ այն ճիշտ է։

Կյանքը տալու մտքին արձագանքել է «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը, նշելով, թե իրենք են պատրաստ կյանք տալ, որպեսզի նա այդպիսին չլինի: Նա կարծում է, որ Վահագն Հովակիմյանը պետք է ներողություն խնդրի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյից այն բանի համար, որ հայտարարել էր, թե նա 2009-ին թանկարժեք նվեր է ստացել Սերժ Սարգսյանից։  «Ամեն ինչ պիտի անենք, որ դուք այլեւս հանրային պաշտոնյա չլինեք, որովհետեւ դուք որպես պաշտոնյա վտանգավոր եք իրավական պետության համար»- նշել է Սամսոնյանը։

Իսկ Անի Սամսոնյանին՝ դիմակը դեմքից իջեցնելու համար հանդիմանել է Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը Ֆեյսբուքում գրել է, որ հանրաքվեն չեղարկելու իրական շարժառիթն այդ ճանապարհով հաղթանակի հասնելու անհնարինության գիտակցումն է: «Վարչախումբը քաջ գիտակցում է, որ այլևս «Այո»-ի հաղթանակի շանս չունի, և օր-օրի նվազում է իր հանրային վստահությունը, դրա համար էլ Սահմանադրական դատարանը լուծարելու «շառը» փորձում է գցել Ազգային ժողովի  վրա...», գրել է նա:

Կեղծ բանկային երաշխիքներ ներկայացրած ««Ռաշն վոյաժ» ընկերության տնօրենը ազգակցական կապ ունի Ղալումյան ընտանիքի հետ, իսկ  Իջեւան համայնքի ղեկավար Հայկ Ղալումյանը ձեր մտերիմն է, քավորը, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ   վարչապետ Փաշինյանին ասել է ԼՀԿ-ից Անի Սամսոնյանը։ Գործն ուղարկվել է ազգային անվտանգության ծառայություն եւ այն կարժանանա պատշաճ քննության, ասել է  Փաշինյանը

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը: Նպատակը «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուներին օգնելն է: Ֆինանսական միջոցների 75 տոկոսը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով  փոխառություն, իսկ 25 տոկոսը՝ որպես դրամաշնորհ։

Օրենսդրությամբ ցանկացած բողոքի կամ հայցի հիման վրա շինարարությունը կարող է տարիներով կասեցվել, իսկ շինարարն այդ ընթացքում կշարունակի վարկը սպասարկել, որեւէ մեկը փոխհատուցելո՞ւ նրա վնասները, արդարադատության փոխնախարարից հետաքրքրվել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Սահմանադրական դատարանի հարցմանն ի պատասխան Եվրադատարանը խորհրդատվական եզրակացություն կտա մայիսի 29-ին: Խոսքը վերաբերում է 2009-ի Քրեական օրենսգրքի դրույթի մեկնաբանմանը սահմանադրական կարգի տապալման եւ դրա կիրառման մասին   եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի լույսի ներքո նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործի համատեքստում:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն անցել  է 5.5 միլիոնից: Վերջին 24 ժամում վարակվածների թիվն աճել է 95 հազարով, համավարակի ողջ ընթացքում մահացել է 350 հազարից ավելի հիվանդ, առողջացել է 2 միլիոն 280 հազարը: Ամենաշատ տուժած երկիրը Միացյալ նահանգներն է՝ գրեթե 1 միլիոն 700 հազար վարակված: Երկրորդը՝Բրազիլիան՝  391 հազար, երրորդը՝ Ռուսաստանը՝ 362 հազար վարակակիր:  Կորոնավիրուսից մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 99 հազար մարդ

Հայաստանում համավարակի տարածումը կանխելու եւ մարդկային հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով, մայիսի 28-ին կարգելվի տրանսպորտային միջոցների եւ քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Կարգը խախտելը իրավական հետեւանքներ կունենա։

ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.09 դրամով եւ կազմել 483.91 դրամ։ Եվրոյի փոխարժեքն աճել է 3.25 դրամով ու հասել 533.66 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.90 դրամով ու հասել  597.53 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով ու  կազմել 6.83 դրամ։

Մայիսի 28-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ:  Երեւանում եւս տեղումներ չեն սպասվում: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +30+32:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ