News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի երկու սենատորներ դիտարկում են ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի հանդեպ նոր պատժամիջոցների մշակման հնարավորությունը, եթե Մոսկվան շարունակի նախագծի իրականացումը եւ ավարտի խողովակների տեղադրումը: Սա եւս մեկ հարված կդառնա այն նախագծին, որի կառուցումն արդեն բազմիցս ձգձգվել է, հայտնում է Reuters-ը:

2019-ի դեկտեմբերին ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի հանդեպ, իսկ շվեյցարա-հոլանդական Allseas-ը, որի նավերը Բալթիկ ծովում տեղադրում են խողովակները, ստիպված էր դադարեցնել աշխատանքները:

Անցյալ շաբաթ Refinitiv Eikon տերմինալում նավերին հետեւելու տվյալները ցույց են տվել, որ ռուսական խողովակաշարեր տեղադրող «Ակադեմիկոս Չերսկի» նավը, որը Մոսկվան կարող էր օգտագործել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունն ավարտելու համար, խարիսխ է գցել գերմանական «Մուկրան» նավահանգստում:

Խողովակաշարը կարող է գործարկվել մինչեւ 2020-ի վերջը կամ հաջորդ տարվա սկզբին, ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անցած շաբաթ ասել էր, որ «Հյուսիսային հոսք-2»-ը կավարտվի՝ չնայած դժվարություններին: Նրա խոսքերով՝ ծրագրի ավարտը դանդաղեցնող խոչընդոտները կարող են հանգեցնել միայն Եվրոպայի համար գազի գների բարձրացմանը:

Հանրապետական սենատոր Թեդ Քրուզի ներկայացուցիչ Լորան Բլեր Արոնսոնն ասել է, որ նախագծի ավարտը կանխելու համար «շարունակում են դիտարկել բոլոր տարբերակները»: «Դեռեւս կան պատժամիջոցների տարբերակներ, որոնք մշակվել եւ քննարկվել են 2019 թվականին, որոնք էականորեն կընդլայնեն պատժամիջոցների շրջանակը»,- ասել է նա: Եթե անցած տարվա օրենքը չդադարեցնի նախագիծը, «իհարկե, մենք կվերադառնանք այդ տարբերակներին»:

Դեմոկրատ սենատոր Ջին Շահինը «ուշադիր հետեւում է Բալթիկ ծովում տիրող իրավիճակին եւ առկա պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի փորձերին ու գնահատում է բոլոր տարբերակները, ներառյալ՝ լրացուցիչ պատժամիջոցները»,- ասել է նրա ներկայացուցիչ Ռայան Նիկելը:

«Հյուսիսային հոսք-2»-ի կոնսորցիումի մեջ մտնում են Uniper, Wintershall-Dea, Royal Dutch Shell, OMV եւ Engie ընկերությունները:

Uniper-ը մեծ մտահոգությամբ է հետեւում ԱՄՆ-ում վերջին իրադարձություններին՝ կապված նոր պատժամիջոցների հետ, սակայն դրանք այս փուլում համարում է «իսկական շահարկում»՝ մանրամասների բացակայության պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ