News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2020 թվականի ապրիլին Վրաստանի ՀՆԱ-ն 16,6 տոկոսով կրճատվել է՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Տնտեսական աճի վերաբերյալ նախնական տվյալները հրապարակել է Վրաստանի «Սակստատ» ազգային վիճակագրական ծառայությունը:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով՝ Վրաստանի ՀՆԱ-ն կրճատվել էր 3,6 տոկոսով՝ 2019 թվականի հունվար-մարտի համեմատությամբ, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

Ըստ «Սակստատի»՝ կորոնավիրուսի համավարակի ֆոնին ապրիլին լուրջ կրճատում է գրանցվել երկրի տնտեսության փաստացի բոլոր հատվածներում: Բացառություն է եղել միայն լեռնահանքային արդյունաբերությունը:

Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Գոգիտա Թոդրաձեն դրամատիկ թվերը բացատրում է արտաքին առեւտրի շրջանառության ցուցանիշների, ինչպես նաեւ ԱՀԿ վճարող ձեռնարկությունների շրջանառության նվազմամբ, որը ապրիլին կորցրել է գրեթե 33 տոկոս՝ կազմելով 4,2 մլրդ լարի:

«Արժե հատուկ նշել ԱՀԿ վճարող ձեռնարկությունների շրջանառության նվազումը շինարարությունում, առեւտրում, վերամշակման արդյունաբերությունում, տրանսպորտում, հյուրանոցների եւ ռեստորանների ոլորտում, անշարժ գույքի գործարքներում, ինչպես նաեւ մշակույթի, զվարճությունների եւ հանգստի ոլորտում»,- այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թոդրաձեն:

«Արտադրանքի արտահանումը կրճատվել է 28 տոկոսով եւ կազմել 223 մլն դոլար, 39 տոկոսով կրճատվել են ներմուծման ցուցանիշները... 87 տոկոսով կրճատվել է Վրաստանից մարդատար ավտոմեքենաների վերաարտահանման ցուցանիշը»,- հայտնել է նա:

Թոդրաձեն հիշեցրել է, որ Վրաստանում ապրիլին շատ կազմակերպություններ իրենց գործունեությունը սահմանափակել են կամ ամբողջությամբ դադարել են գործել: Երկրում բարդ իրավիճակը ազդեցություն է գործել նաեւ ձեռնարկությունների գրանցման մակարդակի վրա: Այսպես՝ ապրիլին գրանցվել է ընդամենը 307 նոր ձեռնարկություն, ինչը 93 տոկոսով քիչ է 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշներից:

Վրաստանում COVID-19-ով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարին: Հիվանդության տարածումը կանխելու նպատակով մարտի 21-ից մայիսի 22-ը երկրում գործել է արտակարգ դրություն: Տնտեսական գործունեությունը մինչեւ հիմա շարունակում է մասամբ սահմանափակված  մնալ:

Եթե դեռեւս փետրվարին Վրաստանի տնտեսությունը տարեկան կտրվածքով աճել էր 2,2 տոկոսով, ապա մարտին ՀՆԱ անկումը կազմել է 2,7 տոկոս:

ԱՄՀ-ն ենթադրում է, որ 2020 թվականին Վրաստանի տնտեսության անկումը կկազմի մինչեւ 4 տոկոս, իսկ ինֆլյացիան՝ 4,6 տոկոս: Սակայն 2021 թվականի վերաբերյալ ԱՄՀ կանխատեսումները բավականին լավատեսական են: Կազմակերպության գնահատականներով՝ արդեն 2021 թվականին Վրաստանի տնտեսությունը կաճի 3 տոկոսով, իսկ ինֆլյացիան կնվազի մինչեւ 3,7 տոկոսով:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մայիսի կեսին թարմացրել էր Վրաստանի ՀՆԱ վերաբերյալ կանխատեսումը, որի համաձայն՝ երկրի տնտեսությունը 2020 թվականին կնվազի 5,5 տոկոսով: Ըստ ՎԶԵԲ գնահատականի՝ 2021 թվականին սպասվում է 5,5 տոկոսով աճ, ինչը վկայում է կորոնավիրուսի ճգնաժամի առաջացրած անկումից հետո տնտեսության վերականգնման մասին:

Ազգային բանկի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում Վրաստանի տնտեսության անկումը կկազմի 4 տոկոս, ինչը պայմանավորված է տեղական եւ արտաքին պահանջարկի նվազմամբ:

2019 թվականի արդյունքներով՝ Վրաստանի տնտեսությունը աճել էր 5,2 տոկոսով, որը կանխատեսվող 4,5 տոկոսից բարձր էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ