News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Նոր մանրամասներ՝  2 տարի առաջ Կոտայքի մարզի բնակիչ Ռազմիկ Ներսիսյանի սպանության գործից: Armlur.am-ին հայտնի է դարձել, թե ինչի համար են նրան սպանել:

Ըստ կայքին հասած տեղեկությունների՝  Ռազմիկ Ներսիսյանի սպանության գործով ձերբակալված անձիք վերջինիս հետ խնջույքի են մասնակցել, մի փոքր գինովցել են, իսկ ահա ավելի ուշ ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, հարվածներ են հասցվել Ռազմիկ Ներսիսյանին, որն էլ հիվանդանոցում մահացել է.

«2 տարի առաջ տեղի ունեցած այս դեպքը իրավապահների թեթեւ ձեռքով որակվել է որպես ինքնասպանություն, ու դեպքը ծածկադմփոց է արվել: Սակայն 2 տարի անց պարզվել է, որ Ռազմիկ Ներսիսյանը ինքնասպանության չի դիմել, այլ նրան սպանել են, եւ ենթադրյալ հանցագործները ձերբակալված են»:

Աղբյուրը նշում է, որ  SHAMSHYAN.com-ը գրել էր, թե մայիսի 27-ին, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Ղազարյանի որոշմամբ ձերբակալվել են Գառնի գյուղի բնակիչ, 39-ամյա Լուսինե Շ.-ն, Երևանի բնակիչ, 48-ամյա Ռուզաննա Խ.-ն, Գառնիի բնակիչներ, 33-ամյա Ռոման Մ.-ն և 34-ամյա Սամվել Ն.-ն: Ըստ Գագիկ Շամշյանի՝ Լուսինե Շ.-ն ու Ռուզաննա Խ.-ն կասկածվում են հանցագործությունը պարտակելու և օժանդակելու, իսկ Ռոման Մ-.ն ու Սամվել Ն.-ն՝ սպանություն կատարելու մեջ:

«2018 թ.-ի նոյեմբերի 1-ին «Գառնի» ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «ալկոհոլային ինտոկսիկացիա և պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Այն ժամանակ նշված կենտրոն այցելած ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողներին բժիշկները հայտնել էին, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու:

Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Գառնի գյուղի բնակիչ, 33-ամյա Ռազմիկ Ներսիսյանն է, որը հետո տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նոյեմբերի 11-ին վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Նոյեմբերի 23-ին Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 110 հոդվածի 1-ին մասին ինքնասպանություն հատկանիշներով հարուցվել է քրեական գործ ու մինչ որոշ մարդիկ մտածում են, որ այս գործն այդպես էլ ավարտ է ունենալու, Կոտայքի մարզային քննչական վարչության ՝ վարչության պետ Սահակ Գրիգորյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Գ. Մաթևոսյանի, քննիչ Ա. Ղազարյանի կողմից կատարվում են հսկայածավալ աշխատանքներ, պարզում են, որ տեղի ունեցածը ոչ թե դժբախտ պատահար է, այլ սպանություն:

Ավելին, ստացվել է դատաբժշկի եզրակացության փորձաքննության պատասխանը, որ Ռազմիկ Ն.-ն ոչ թե դժբախտ պատահարի հետևանքով է մահացել, այլ սպանության: Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները նշված սպանությունը պարտակելու և սպանությունը կատարելու կասկածանքով նշված անձանց բերման են ենթարկում ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ ներկայացվում են քննչական մարմին և քննիչի կողմից ձերբակալվում են»:

Վկայակոչելով Գ. Շամշյանին, armlur.am-ը գրում է, որ ձերբակալվածներից Լուսինե Շ.-ն և Ռուզաննա Խ.-ն աշխատում են Գողթ գյուղում գործող, գեներալ Գուրգեն Մելքոնյանին պատկանող «Ոսկե աքաղաղ» հյուրանոցային համալիրում. Լուսինեն՝ որպես մատուցողուհի, իսկ Ռուզաննան՝ որպես մենեջեր, իսկ սպանության կասկածանքով ձերբակալված Ռոման Մ.-ն իր շրջապատում հայտնի է որպես «Գազպրոմ Արմենիա» ընկերության Գառնիի ԳԳՄ-ի պետի տղա:

Տպել