News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 05
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը «Մակրոտնտեսությունը համավարակի օրերին» հոդվածում անդրադարձել է  տարածաշրջանային երկրների տնտեսություններին վերջին ամիսներին:

«Ընդունված է կարծել, որ համաշխարհային տնտեսությունը փորձում է դուրս գալ համավարակային կանգից: Բոլոր դեպքերում այդպիսի հայտարարություններ անում են շատ երկրներ: Նաև մենք ու մեր տարածաշրջանի երկրները:

Տնտեսական նորությունները հիմնականում հայտարությունների մակարդակի են: Բնականաբար: Օրինակ, Թուրքիան հայտարարում է, որ շուտով ավիահաղորդակցությունը կվերականգնի 70 երկրի հետ: Ադրբեջանը հայտարարում է, որ «նավթի գների անկումը դատավճիռ չէ», բայց նաև այն մասին, որ երկրի սահմանները փակ են մնալու մինչև հունիսի 15-ը: Վրաստանը հայտարարում է արտակարգ դրության ավարտի մասին:

Բոլորը խոսում են համավարակի հետևանքով կրած վնասների մասին: Նույնիսկ՝ մենք: Բոլորը հրապարակում են ապրիլ ամսվա վիճակագրությունը: Հայտնի բան է՝ կառավարության մեկ առանձին վերցրած անդամի մակարդակում մենք չենք հավատում վրաց վիճակագրությանը: Ցավոք հայտնի չէ, թե քանի անդամի մակարդակում ենք հավատում մեր վիճակագրությանը: Բայց ներկայացնենք թվերը:

Վրաց պաշտոնական վիճակագրությունը գրում է, որ հունվար-ապրիլին երկրի տնտեսությունը կրճատվել է 16.6 տոկոսով: ՀՆԱ նվազման միջին ամսական ցուցանիշը 3.6 տոկոս է: Մենք ՀՆԱ-ի փոխարեն խոսում ենք Տնտեսական ակտիվության ցուցանիշից: Այն նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ կրճատվել է 17 տոկոսով: Այս տարվա ապրիլը (երբ բոլորս չէինք աշխատում) 2019-ի ապրիլի նկատմամբ (երբ բոլորս էինք աշխատում՝ բացի գործազուրկներից) ՏԱՑ-ը նվազել է ընդամենը 17.2 տոկոս (սա լրացուցիչ ապացույցն է այն բանի, թե ինչու շատ տնտեսագետներ ՏԱՑ-ը լուրջ ցուցանիշ չեն համարում): Վրաց վիճակագրությունն արձանագրում է, որ կրճատվել են տնտեսության համարյա բոլոր ոլորտները (փոքր աճ կա միայն հանքարդյունաբերության ոլորտում): Մյուս մակրոցուցանիշները ևս հետաքրքիր են համեմատության մեջ: Հունվար-ապրիլին մեր արտաքին առևտուրը կրճատվել է 11.4 տոկոսով: Մանրամասն պատկերն այս է՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արտահանումը պակասել է 8.1 տոկոսով, իսկ ներմուծումները՝ 11.5: Նույն ժամանակահատվածում Վրաստանի թվերն ավելի մեծ են: Արտահանումների կրճատումը կազմել է 11.9 տոկոս, իսկ ներմուծումներինը՝ 11.8:

Հիշեցնենք, որ թվերի նույնական գնահատականի դեպքում դժվար է լինելու բացատրել տնտեսությունների ընդհանուր կրճատման թվերի միջև առկա հսկայական տարբերությունը (վրաց ՀՆԱ-ն կրճատվել է 16.6 տոկոս, մեր ՏԱՑ-ը 1.7): Բայց հիշենք, որ մինչև ներողություն խնդրելը կարելի է ասել, որ մենք մեր վիճակագրությանն ենք վստահում: Իսկ ադրբեջանական մակրոտնտեսական վիճակագրությանը կարելի է իսկապես կասկածանքով մոտենալ: Հատկապես, որ այս երկրում տնտեսական հիմնական թեման Վրաստանի և ռուսական «Գազպրոմի» միջև կնքված պայմանագիրն է: Ավելի ճիշտ վախը, որ այդ պայմանագիրը կզրկի իրենց մենաշնորհային դիրքից: Հատկապես, որ ռուսական գազի գինը էապես ցածր է ռուսականից: Ուստի ադրբեջանական տնտեսական լրատվության հիմնական թեման գազի սպառման նոր շուկաների հեռանկարներն են:

Իսկ արտաքին առևտրի զուտ թվերը սրանք են. արտահանումները պակասել են 11 տոկոսով, իսկ ներմուծումները՝ 25.7: Համավարակի ազդեցությունը Ադրբեջանի տնտեսության վրա շատ ավելի նկատելի է (առաջին հերթին էներգակիրների պահանջարկի կտրուկ նվազման պատճառով): Այս երկրում էլ համավարակի դեմ պայքարում հույսները դրել են հասարակական վերահսկողության վրա: Նույնիսկ հեռախոսահամար են հրապարակում, որ «գիտակից» քաղաքացիները զանգեն ու իշխանություններին տեղեկացնեն մեկուսացման կանոնների խախտումների մասին:

Ռուսական ասացվածքից է հայտնի, որ խեղդվողի փրկության գործը հենց իր՝ խեղդվողի գործն է: Ահա այսպիսին է մակրոտնտեսական մասնակի համադրումը մեր տարածաշրջանում համավարակի օրերին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՀԿ-ն դադարեցրել է COVID-19-ի դեմ երեք դեղամիջոցների փորձարկումները
Փորձարկումներին մասնակցել են ավելի քան 4500 պացիենտներ․․․
Իտալիայի իշխանությունները կաջակցեն համավարակից առավել շատ տուժած ավտոարդյունաբերության եւ զբոսաշրջության ոլորտներին
Իտալիայի վարչապետը նշել է, որ հաջորդ շաբաթվանից երկրի կառավարությունը կսկսի մշակել համապատասխան հարկային բարեփոխումներ․․․
Նուրսուլթանում ներդրվում է խիստ կարանտին. երկու շաբաթով կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը
Մասնավորապես, հասարակական միջոցառումների, հասարակական վայրեր եւ ժամանցի վայրեր հաճախելու արգելքի հետ մեկտեղ․․․
ԱԱՏՄ անակնկալ ստուգայցեր` Մարտունիում և Վարդենիսում․ դիտարկված 30 տնտեսավարողից 5-ի կասեցման միջնորդություն կներկայացվի
ԱԱՏՄ-ն հորդորում է խստորեն պահպանել ՀՀ պարետի սահմանած նորմերը․ չպահպանման դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ...
ԲԴԽ–ն՝ կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքների մասին
Բարձրագույն դատական խորհրդի, Դատական դեպարտամենտի և ՀՀ բոլոր դատարանների վարչական շենքերը...
Կատալոնիայում կորոնավիրուսի խոշոր բռնկման պատճառով մի ամբողջ թաղամաս է մեկուսացվել
Թաղամասում ապրում է մոտ 209 հազար մարդ․․․