News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի    հորդորի համար եկեղեցուն մեղադրելը մեղմ ասած արդար չէ։ Այս մասին Հ2-ի եթերում Շավարշ Գեւորգյանի «Խոսքի իրավունք» հաղորդման ընթացքում հայտարարել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

«Եկեղեցուն քաղաքականությամբ զբաղվելու համար մեղադրանքները պարբերական բնույթ են կրում։ Որոշ  գործիչներ, կարեւոր չէ՝ իշխանության շաչքերում են ընդգրկված, թե ընդդիմության կամ հասարակության այլ շերտերի, բավարարված չտեսնելով իրենց սպասումներն ու հավակնությունները, որոշակի դժգոհություններ ունենում են եւ կարծես թե պատրաստ ունեն դրոշմն ու խարանը՝ Եկեղեցուն մեղադրելու համար», ասել է Արշակ սրբազանը։

Մայր Աթոռի դիավանապետի խոսքով՝ լավագույն դեպքում սա գիտելիքների սակավություն է, Հայ Եկեղեցու առաքելության անգիտություն։

«Առավելագուն դեպքում՝ մարդկանց շփոթեցնելու էժանագին հնարանք, եկեղեցին աշխարհիկ սովորական կառույցի կարգավիճակի իջեցնելու ի սկզբանե ձախողված ձգտում։ Ինչ են ասում այս մարդիկ։ Ասում են՝ եկեղեցին զբաղվեց քաղաքականությամբ, քանի որ քաղաքական այս կամ այն երեւույթի նկատմամբ դիրքորոշում հայտնեց։ Այսպես արտահայտվելու համար եկեղեցու եւ քաղաքականության տարանջատման վերաբերյալ պետք է չունենալ տարրական գիտելիքներ», նշել է Մայր Աթոռի դիվանապետը։

Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի խոսքով՝ երբ ձեւավորվել է եկեղեցին պետությունից կամ քաղաքականությունից տարանջատելու գաղափարը, առանցքային երեք հիմնական սկզբունքներ են դրվել այս գաղափարի հիմքում․ եկեղեցին չի մասնակցում եւ չի միջամտում պետական կառավարմանը, պետությունը չի մասնակցում եկեղեու կառարմանը եւ չի միջամտում նրա գործերին, եւ երրորդ՝ կրթությունն աշխարհիկ է, այսինքն կրթությունը պետությունն է կազմակերպում․

«Երբ պնդում են, թե եկեղեցին զբաղվեց քաղաքականությամբ, չեն կարող մեկ փաստ բերել, որ եկեղեցին ցանկացավ իրականացնել պետական կառավարման գործառույթներ։ Իսկ եկեղեցին երբեւէ զրկված չէ հասարակական ու քաղաքական ցանկացած երեւույթի նկատմամբ դիրքորոշում հայտնելու։ Եթե Եկեղեցին չունենա ինքնազսպման, ինքնարգելակման մեխանիզմը, որեւէ այլ ձեւով  կաշկանդված չէ դիրքորոշում հայտնելու, այդ թվում կարանտինի պայմաններում կալանավորների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ»։

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Վեհափառի հորդորին, ապա Արշակ սրբազանի համոզմամբ  որեւէ արտառոց դեպք չի գրանցվել․

«Յուրաքանչյուրի համար Եկեղեցին կաշկանդված չէ միջնորդելու, եւ եկեղեցուն մեղադրանքը այս հարցում, մեղմ ասած արդար չէ։ Արդեն ոչ համարժեք արձագանքը Կաթողիկոսի հորդորին   բացահայտեց, որ խնդիրը բացառապես իրավական չէ, խնդիրը բացարձակապես բարոյական չէ, խնդիրն ուղղակի քաղաքական է։ Կաթողիկոսի հորդորի հասցեատերն այն մարմիններն են, որոնք օժտված են խափանման միջոցը փոխելու իրավասությամբ, իսկ այդպիսի իրավասություն ոչ գործադիր, ոչ էլ օրենսդիր մարմինները չունեն, որոնց ներկայացուցիչներն արձագանքեցին այդ հայտարարությանը։ Ցանկացած իրավիճակում էլ եկեղեցին պահպանելու է իր ներուժը այդպիսի դիրքորոշումներով ու հորդորներով հանդես գալու, եւ չէի ուզի, որ որեւէ մեկը հույսեր փայփայի, որ մենք արձագանքելու ենք իրենց սպասելիքներին եւ մեր առաքելությունը ձեւակերպենք իրենց ակնկալիքների համաձայն։  Եկեղեցու առաքելությունը ձեւակերպված է Սուրբ Գրքի եւ եկեղեցական ավանդույթների, եկեղեցու հեղինակության, Աստծո ուղղորդման համաձայն, եւ ոչ թե անձերի ու անհատների այսրոպեական նպատակահարմարությունների», ընդգծել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։

Տպել