News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ես ինձ իրավասու չեմ համարում մեկնաբանել նախարարի խոսքը։ Կարող եմ միայն փաստել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում փակ ֆոնդեր չկան. Անդրադառնալով ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի «փակ ֆոնդեր» արտահայտությանը` NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՑԹԻ-ի տնօրեն Հարություն Մարությանը:

Թե ի՞նչ փակ ֆոնդերի մասին է խոսքը, ինչու՞ է նախարարը «փակ ֆոնդեր» ձեւակերպումն անում, Մարությանն ասաց, որ կարող է միայն ենթադրել, որ նախարարը ուրիշ բան է ցանկացել ասել։ Ըստ նրա` կա ֆոնդերից օգտվելու որոշակի կարգ, եւ այդ կարգի համաձայն ցանկացած ֆոնդային առարկա վերցնելու համար պետք է մի շարք ձեւաթղթեր լրացվեն եւ գրանցումներ արվեն տարբեր մատյաններում. «Եւ ընդհանրապես՝ ֆոնդից առարկա կարելի է հանել համապատասխան գրավոր կարգադրությամբ միայն ու միայն ցուցադրման, հատուկ նախատեսված սենյակում՝ հետազոտման, եւ առարկայի վերականգնման նպատակով։ Ֆոնդային առարկայի հետ կարելի է աշխատել մեկ որոշակի սենյակում, ֆոնդապահի հսկողության տակ, ամեն աշխատանքային օրվա ավարտին այն պետք է հետ վերադարձվի ֆոնդասենյակ եւ այլն։ Այսինքն, եթե գիրքը գրանցված է որպես ֆոնդային/թանգարանային առարկա, ապա նաեւ գիտաշխատողներն իրավունք չունեն գրքերը տանել իրենց աշխատասենյակները։ Պարզապես իրավունք չունեն։ Քանի որ թանգարանային առարկան թանգարանի ներսում կարող է տեղաշարժվել միայն հատուկ սահմանված կարգով։ Իսկ եթե տարիներ շարունակ գրքերը (իմա՝ ֆոնդային առարկաները) գիտաշխատողները վերցրել են եւ օրեր շարունակ դրանք մնացել են իրենց աշխատանսենյակներում՝ դա ֆոնդերից օգտվելու գործող կարգի կոպիտ խախտում է։ Թերեւս, հենց այդ պատճառով է, որ, ինչպես ցույց են տալիս վերահաշվառման նախնական արդյունքները, տասնյակներով գրքեր կորած են»։

Երբ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը գրադարան ունենալու համատեքստում բարձրացրեց նյութերի պահպանման անվտանգության հարցը, ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Ցեղասպանության թանգարանի փակ ֆոնդերից որոշ նյութեր կորել են։ «Ասեմ, որ նախկինում, երբ ֆոնդերը փակ էին, որոշ նյութեր կորել են, կամ այս պահին դրանց մասին տեղեկությունը չի գտնվում»,-մասնավորապես ասաց նախարարը:

Ի՞նչ ֆոնդերի մասին է խոսում Արայիկ Հարությունյանը, ո՞վ է պատասխանատուկորած նյութերի համար հարցին ի պատասխան` Մարությանը վերստին կրկնեց, որ իրավասու չէ մեկնաբանել ԿԳՄՍ նախարարի խոսքը։  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ձեւավորման առաջին իսկ օրվանից, Մարությանի խոսքով, թանգարան-ինստիտուտի կողմից ձեռք բերվող կամ որպես նվիրատվություն տրվող գրքերը, նաեւ հնատիպ ու նորատիպ մամուլը գրանցվել են ֆոնդերում որպես թանգարանային առարկաներ։ Մինչդեռ, ըստ նրա, մասնագիտական գրականության մեջ նշվում է, որ «թանգարանային առարկան` իրականությունից առանձնացված, հավաքածուի մեջ ընդգրկված եւ երկարատեւ պահպանվող թանգարանային նշանակության իր է, որը հասարակական կամ բնագիտական տեղեկատվության, գիտելիքի եւ զգացմունքի ստույգ աղբյուր է, պատմամշակութային արժեք, ազգային ժառանգության մաս»։

Թանգարանային նշանակությունը հիմնավորվում է նրա «տեղեկատվականության, արտահայտչականության, ձգողականության, ներկայացուցչականության, զուգորդականության» հատկանիշներով: «Գիրքը կարող է համարվել թանգարանային առարկա հուշային հավաքածուի անբաժանելի մաս կազմելու դեպքում կամ եթե տվյալ գրքի հետ կապված պատմությունը կարեւորագույն նշանակություն ունի ցուցադրության մեջ որոշակի թեմայի բացահայտման համար»,-ասաց նա:

Դիտարկամանը`  ե՞րբ է արձանագրվել ֆոնդերի բացակայություն եւ ինչու՞ այս մասին մինչ օրս հայտարարություն չի անում թանգարանը, Մարությանը հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային ֆոնդերի վերահաշվառման հրամանը տրվել է 2018 թ. հոկտեմբերին, տնօրեն նշանակվելուց երկու շաբաթ անց եւ առ այսօր վերահաշվառման գործընթացը չի ավարտվել. «Ավարտել՝ նշանակում է կազմել համապատասխան ակտեր՝ ստորագրված հանձնաժողովի անդամների կողմից։ Առ այսօր նման փաստաթուղթ դեռեւս պատրաստ չէ։ Նախնական տվյալները՝ արդեն ցուցակի ձեւով, վերաբերում են 2020 թ. ապրիլի վերջին։ Երբ համապատասխան ակտերը կկազմվեն, դրանք ստորագրվեն հանձնաժողովների անդամների կողմից՝ այդ ժամանակ էլ դրա մասին տեղյակ կպահվի Հոգաբարձուների խորհուրդին, ԿԳՄՍ նախարարությանը եւ ոստիկանությանը»։ 

Նիկոլ Փաշինյանը հաստատել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը: Արդյո՞ք նոր կազմի փոփոխությունը պայմանավորված է թանգարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով, այս կազմում այլեւս չկան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը եւ Հովհաննես Հովհաննիսյանը: Ինչու՞ են պատգամավորները դուրս մնացել հոգաբարձուների խորհրդի կազմից: Հոգաբարձուների խորհրդի կազմում կատարված փոփոխությունների մասին Մարությանը պարզաբանեց` ասելով, որ խորհրդի երեք անդամներ կազմում ներկայացված էին ի պաշտոնե եւ հիմնադրամների մասին ՀՀ օրենքի պահանջով փոփոխվե են  ի պաշտոնե նշանակված անդամները։ Նոր անդամներն են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` վերջինս փոխարինել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանին, ով Հոգաբարձուների խորհրդի անդամ էր որպես ԿԳՄՍ փոխնախարար, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փոխարինել է Դավիթ Սարգսյանին, ով խորհրդի անդամ էր որպես Սփյուռքի նախարարի տեղակալ, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյաննն էլ փոխարինել է Հռիփսիմե Գրիգորյանին։

Տպել