News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Աժ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ` Սամվել Ֆարմանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«8 հարց Նիկոլ Փաշինյանին

Ի՞նչ պետք է աներ Նիկոլ Փաշինյանը, եթե հնարավորություն ունենար «ապացուցել», որ զենքի միջազգային սև շուկայում առևտրի բացահայտված այս սկանդալի ու արյունոտ կոռուպցիայի հետ ինքը առնչություն չունի և, որ ավելի կարևոր է` հասկանում է, թե այս խնդիրը որքան լուրջ է, ինչքան հեռու կարող է գնալ ու ինչ անցանկալի հետևանքների կարող է հանգեցնել կիսապատերազմական վիճակում գտնվող ու զինամթերքի արտաքին մատակարարումներից կախվածություն ունեցող մեր երկրի համար:

1. Նախ պիտի հանգամանորեն ու հրապարակայնորեն ներկայացներ այն հիմքերը, որոնց ուժով իր կառավարությունը որոշել է զենքի մատակարարման/առևտրով զբաղվելու լիզենցիա տրամադրել մի ընկերության, որը գրանցված է ոչ թե Հայաստանի Հանրապետությունում, այլ` օֆշորային գոտում: Ինչու՞: Որովհետև զենքի մատակարարումը օֆշորային գոտում գրանցված ընկերության միջոցով իրականացնելու պարագայում է միայն, որ հնարավոր է թաքցնել մեկ բան (որպես «կոմերցիոն գաղտնիք»)` զենքի ձեռքբերման գինը: Այսինքն, եթե այդ նույն լիցենզիան տրամադրված լիներ ոչ թե օֆշորային, այլ Հայաստանում գրանցված ընկերության, ապա շատերը հարկային ու այլ փաստաթղթերից, յուրաքանչյուրն ըստ գաղտնիություն ենթադրող տեղեկություններ ստանալու իր իրավունքի աստիճանի, կարող էին դնել ու համեմատել ձեռք բերված զենքի առքի եւ մատակարարման գները, և օրինակ, զարմանքից քար կտրել, երբ իմանային, որ ստացվում է, որ հնարավոր է, օրինակ ինչ-որ զինատեսակ ձեռք բերել, ասենք, 120 պայմանական միավորով, բայց այն մեր զինուժին մատակարարել է 600 պայմանական միավորով` 5 անգամ ավելի թանկ:

2. Պիտի վայրկենապես հանձնարարեր առկա փաստերի ու հրապարակումների առթիվ քրեական գործ հարուցել` հասկանալու, ժողովրդին ու մեր զինուժին, որի ինքնակոչ գերագույն գլխավոր հրամանատար է ինքն իրեն կարգել, բացատրություն տալու, թե այդ ու՞մ թույլտվությամբ, ի՞նչ նպատակով և դեպի ո՞ր երկրներ են «հոսել» Հայաստանի համար նախատեսված գներով կատարված զենքի գնումները, ու՞մ գրպանն են հոսել զենքի ապօրինի վաճառքից ստացված այդ միլիոնավոր դոլարները, ու որ ամենակարևորն է` չլինի՞ բացի սև ու արյունոտ փողը, այդ կերպ ռազմաքաղաքական առումով բավականին խոցելի Հայաստանը ներքաշել են նաև մի այնպիսի աննախադեպ փորձանքի մեջ, որի տակից բարդ է լինելու դուրս գալ առանց մեծ կորուստների ու արտաքին ախարհին արվող էական զիջումների:

3. Պիտի գոնե հիմա հասկանար ու անձամբ հանրայնացներ մի կարևոր տեղեկություն, թե արդյո՞ք այդ նույն ընկերությունն ու անձնավորությունը, բացի արդեն իսկ հրապարակված սկանդալային փաստերը, այլ երկրներում, օրինակ, ԱՄՆ-ում ևս նման գործունեությամբ չի զբաղվել և իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից, օրինակ, տեղեկանար, թե արդյո՞ք այդ մասին իրենց ժամանակին չի փոխանցվել իր արածի մասին «շատ զարմանալի և անսպասելիորեն տխրեցուցիչ» որակում ու կանգառի ուղերձ: Ու պատասխան տար մի հարցի, թե ի՞նչ է արել ինքն անձամբ այդ տեղեկությունները իր աշխատակազմի ղեկավարից ստանալուց հետո և այդ ի՞նչ նպատակով է շարունակել կատարել զենքի կոռուպցիոն ու արյունոտ բիզնեսը:

4. Քանի որ արդեն բոլորս գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը պետական շահի գիտակցությունից իսպառ զուրկ է, չլինի՞ հենց այս պահին էլ նմանատիպ մի ուրիշ սկանդալ է հասունանում արդեն մեկ այլ երկրից նույնատիպ «գնումներ» կատարելու մասով, և եթե շատ փող աշխատելու իր ագահությունը կրկին հաղթի պետական շահի գիտակցությանը, չլինի՞, թե նոր սկանդալից հինգ պակաս ենք:

5. Նաև, ի՞նչ կապ կա Հորդանանից ձեռք բերված սկանդալային այդ մատակարարումների և Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-ի` վերջերս Հայաստան կատարած այցի միջև:

6. Երկիրը ներքաշելով նման խայտառակ, անպատվաբեր ու վտանգավոր իրադարձությունների հորձանուտ` հասկանու՞մ է արդյոք Նիկոլ Փաշինյանը, որ ոչ թե ասվածը, այլ շա՜տ ավելին հաստատաբար հասանելի տեղեկություններ կլինեն առնվազն մի քանի զորեղ պետությունների համար, և որ հանուն իր արյունոտ միլիոնների, նա Հայաստանը կանգնեցրել է ռազմաքաղաքական մեկուսացման հնարավոր վտանգի առջև` այդտեղից բխող աղետալի հեռանկարով:

7. Վերջապես, ինչքա՞ն փող է աշխատել անձամբ ինքը` Նիկոլ Փաշինյանը, զենքի միջազգային այս սև շուկայում, և ո՞րն է թվային տեսքով այն գինը, հանուն որի նա վտանգի տակ է դրել մեր երկիրն ու նրա անվտանգությունը:

8. Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը պիտի պատասխանի մեկ ուրիշ` ամենակարևոր հարցի` հիմա նա քաղաքական-պետական գործիչ է, թե՞ արդեն միջազգային շուկա դուրս եկած հաջողակ ծովահեն: Ու, եթե իր մոտ ակնհայտորեն լավ չի ստացվում պետական կառավարումը, գուցե պիտի թողնի այն ու զբաղվի նրանով, ինչն իր մոտ լա՞վ է ստացվում` ծխախոտի ու ադամանդի մաքսանենգությամբ, զենքի սև շուկայում միջազգային առևտրով»:

Տպել