Հայաստանում ապօրինի ծառահատումների նվազման միտում կա: Այս մասին այսօր`մայիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը:
Նրա խոսքով, 2010թ ապօրինի հատումները ավելի քան 16 անգամ պակաս են եղել, քան 2003թ-ին: Ըստ այդմ, 2010թ հաշվառվել են ապօրինի հատված 2520 ծառերի կոճղեր:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ներկայացմամբ, ապօրինի հատումների պատճառները տարբեր են, հիմնականում առկա է սոցիալական գործոնը եւ անհրաժեշտ է անտառամերձ համայնքներում լուծել սոցիալական խնդիրները:
Նրա խոսքով, 2010թ «Հայանտառն», ըստ անհրաժեշտության, եւս իրականացրել է հատումներ, որոնց 90 տոկոսը հիմնականում ծառայել է որպես վառելափայտ է, իսկ դրա վաճառքից ստացված գումարը`386 մլն դրամը ուղղվել է անտառապահպանման, անտառավերականգնման ծախսերին:
Նրա կարծիքով` վտանգը ոչ թե անտառային տարածքների հատումն է, այլ անտառ չտնկելը: Մարտուն Մաթեւոսյանի խոսքով` ապօրինի անտառահատման վերաբերյալ հարուցվել են մի քանի տասնյակ քրեական գործեր: Ինչ վերաբերում է վարչական տույժերին, ապա դրանք, ըստ նրա, 2004թ-ի համեմատ մոտ 50 անգամ ավելացել են: